Գյումրու Թատերական հրապարակն այսօր վերածվել էր դարբնագործության արհեստանոցի | Region

Գյումրու Թատերական հրապարակն այսօր վերածվել էր դարբնագործության արհեստանոցի

Մայիս 24,2025 20:35

Գյումրու Թատերական հրապարակն այսօր արհեստի ու արվեստի շնչով էր լցված։ Քաղաքի վարպետ դարբիններն իրենց զնդաններով, մուրճերով ու վառարաններով մեկտեղվել էին։

Նրանք դարբնի աշխատանքն էին ի ցույց դրել բոլորին։ Դարբնագործությունն արհեստանոցից դուրս էին բերել, մեկը վարդ էր կռում, մյուսը՝ մոմակալ, 3-րդն էլ՝ լուսամփոփ։ Իսկ կռողները հիմնականում ոչ թե վարպետներն էին, այլ նրանց սաները։

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Շիրակի մարզից 25 երիտասարդ դարբնագործության 6-շաբաթյա ուսուցման դասընթաց է անցել, նրանցից 18-ը հաջողությամբ ավարտել է այն։ Այս միջոցառմամբ ամփոփվեց «Դարբնագործության արհեստանոց Գյումրիում» ենթածրագիրը։

Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

«Շատ կարևոր է, որ միջազգային հարթակներում ներկայացված լինի քաղաքի իրական բովանդակությունն իր արհեստների ու արվեստների միջոցով, արհեստավորական միջավայրով, որը կա այս քաղաքում։ Բնականաբար, պիտի սկսեինք դարբնությունից, որովհետև միջազգային կառույցների կողմից շատ մեծ հետաքրքրվածություն կա։  Հին Ալեքսանդրապոլում ամենամեծ համքարությունը դարբիններինն էր, և այս ամենը հաշվի առնելով, որոշեցինք, որ առաջին արհեստը, որին պիտի անդրադարձ կատարենք, դարբնությունն է»,- Regions TV-ի հետ զրույցում հայտնեց «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի Գյումրու պորտֆելային թիմի ղեկավար Լիլիթ Թովմասյանն ու ավելացրեց. «Ներկայացրինք կարճաժամկետ՝ 6 շաբաթյա ուսուցման նախագիծը, հրաշալի հասկանալով, որ 6 շաբաթվա ընթացքում ոչ մի երիտասարդ դարբին չի դառնալու, բայց նաև գիտակցելով, որ այդ ժամանակը լրիվ բավարար է լինելու, որ իրենք ճանաչեն, սիրեն այս արհեստը և հնարավոր է, որ որոշեն դառնալ դարբիններ։ Ի սկզբանե, նախատեսված էր 10 մասնակից ունենալ, բայց ի ուրախություն մեզ, ժամանակակից տեխնոլոգիաների դարում ապրող երիտասարդներին ամեն դեպքում հետաքրքիր էր արհեստավորական այս մշակույթը, և ես ուրախ եմ, որ կարողացանք հաջողել»։

Ըստ Լիլիթ Թովմասյանի, վերապատրաստող վարպետներից ամենատարեցը 70-ամյա վարպետ Գագիկն է։ Նա աշխատում է 170 տարեկան զնդանի վրա և իրենց գերդաստանի դարբինների 6-րդ սերունդն է։

Ծրագրի մասնակից վարպետ դարբիններից մեկն էլ Արթուր Կոպելյանն է։ 15 տարվա դարբինն ասում է՝ քաղաքի տարբեր հատվածներում իրենց արհեստանոցի գործերն են, կռում է ամեն ինչ, բնակիչների ցանկությամբ ու նրանց ճաշակով։

«Տղաները եկան, սովորեցրինք, ուղղակի հիմիկվա երիտասարդները ոնց որ սեր չունեն, չեն ուզում տանջվել, ձգտում են ավելի հեշտ կյանքի։ Սովորեցին, բայց քիչ են դիմողները, շատ պիտի լինեն, որ արհեստը չմեռնի»,- ընդգծեց դարբինը։

«Էս ծրագրի շնորհիվ 5 աշակերտ եմ ունեցել, 5-ն էլ լավ արդյունքներ են գրանցել։ Ջահելությունը քիչ է հետաքրքրված, բայց բոլորն ինքնակամ են եկել, այսինքն ուզեցել են լավ դարբին դառնալ։ Մեր մասնագիտությունը չի կորչում, ընդհակառակը, ավելի կզարգանա, դա շատ լավ է։  Երիտասարդներն էլ եթե սիրեցին, պատրաստ կլինեն դժվարությունները հաղթահարել»,- նշեց վարպետ դարբին Գարիկ Պապոյանը։

16- ամյա Սաշա Մնոյանը նրա սաներից է, գյումրեցի դարբինների մեկ այլ գերդաստանի ներկայացուցիչ։

«Իմ արյան մեջ դարբնության գործը կար, մենք Մնոյաններով բոլորս դարբին ենք եղել և սեր ունենք դարբնության հանդեպ։ Ասացի՝ ես էլ սովորեմ։ Տերև, ծաղիկ, վարդ եմ կռում, մոմակալ։ Էս գործը շատ մրոտ գործ է, ամեն մարդ չէ, որ կհավանի, բայց թե որ գան, գործ անեն, դուրերը կգա, կշարունակեն, հոբբի կդառնա նրանց համար։ Ինձ համար էլ, եթե ուրիշ գործ գտա, հոբբի կդառնա, եթե չգտա, կշարունակեմ»,- Regions TV-ի հետ զրույցում նշեց Սաշա Մնոյանը։

Դասընթացին մասնակցած ամենապատանի դարբինը 15 տարեկան է։ Նրան բացառության կարգով են ծրագրում ընդգրկել։

«Մենք ի սկզբանե բացառեցինք 14  տարեկաններին, վարպետները պնդում էին, որ այստեղ նաև ուժ է պետք, բացի երկրաչափական ու գեղագիտական ընկալումներից, պիտի նաև բազուկներ ունենան և հիմնականում 16, 17 տարեկան երիտասարդներ են մասնակցել ծրագրին»,- նշեց Լիլիթ Թովմասյանը։

«Զարկերակ» խորագրով դարբնության տոնին վարպետության դասերից բացի, նաև  համերգային ծրագիր անցկացվեց, ելույթ ունեցան պարային համույթներ և երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

Կարինե Կազարովա

 

Նորություններ