Դեբեդի վարարումից 1 տարի անց շատ բնակավայրեր դեռ մաքրված չեն հեղեղի բերած աղբից․գյուղացիները վնասված այգիների դիմաց չնչին փոխհատուցումներ են ստացել | Region

Դեբեդի վարարումից 1 տարի անց շատ բնակավայրեր դեռ մաքրված չեն հեղեղի բերած աղբից․գյուղացիները վնասված այգիների դիմաց չնչին փոխհատուցումներ են ստացել

Մայիս 26,2025 20:35

Անցած տարի մայիսի 26-ի լույս գիշերը Դեբեդի մակարդակը բարձրացել էր 6 մետրով, ինչի հետևանքով զգալի վնասներ էին կրել ափամերձ տնտեսությունները․ ջուրը քշել էր այգիներ ու շինություններ, քանդել կամուրջներ ու ճանապարհներ։ Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերների խոսքով՝ աղետից 1 տարի անց, այն ինչ կառուցվել է, ժամանակավոր է, օրինակ Քարկոփ գյուղի կամուրջը։ Հեղեղումներից ամենաշատը տուժած բնակավայրերից է Քարկոփը, որը արտաքին աշխարհից կտրվել էր։ Դեբեդի վերջին, խոշոր վարարումից 1 տարի անց, ինչքանո՞վ են վերացվել հեղեղումների հասցրած վնասները։

Ըստ Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերների, մի շարք բնակավայրեր մինչև հիմա մաքրված չեն հեղեղի բերած աղբից։ Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Արծրուն Անդրեասյանի խոսքով՝ աղետի գոտում, մինչև Քարկոփ գյուղը, մաքրման աշխատանքներ կատարվել են, իսկ Քարկոփից մինչև Բագրատաշեն՝ ոչ։

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն էլ վստահեցնում է՝ մաքրման աշխատանքներ կատարվել ու կատարվում են միայն Լոռու մարզում, իսկ Տավուշում՝ ոչ։

Ըստ իրավապաշտպանի, մարդիկ կան, որ կորցրել են այգիների 1/3-ը, Դեբեդը քշել, տարել է դրանք, բայց համարժեք փոխհատուցում չեն եղել։

«Տեղեկություններ կան, որ այն այգիներում, որտեղ գետը ավազ է բերել, կուտակել, մարդիկ նույնիսկ իրավունք չունեն այդ ավազը վաճառել, որովհետև դա համարվում է պետական սեփականություն։ Շատ- շատ պետությունը երևի թույլ տա, որ մարդն այդ ավազը հավաքի, տանի նվիրի պետական մարմնին։ Շատ վատ վիճակում են այսօր գյուղացիները»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Արա Բաբայանի 3 հեկտարանոց այգու 1 հեկտարը Դեբեդը լրիվ ոչնչացրել է: Regionstv-ի հետ հարցազրույցում  ասում է՝ 500 ծառ չկա, հիմնականում արքայանարինջ, դեղձ, զկեռ, ընկույց․«Ունեցել եմ  նաև հակակարկտային ցանցեր, տակառ, խողովակներ, դրանք էլ են վնասվել։ Բայց պետությունը հատուցել է միայն ծառերի համար, այն էլ՝ շատ չնչին՝ քշած 1 ծառի համար՝ 8500 դրամ, վնասված ծառի համար՝ 1500 դրամ»։ Նրա կարծիքով՝ անիմաստ է փոխհատուցման չափը դատարանում վիճարկելը։

Արճիս գյուղի բնակիչ Վալոդ Մարտիրոսյանն էլ Դեբեդի վարարումից մեծ վնասներ է կրել, գետը ծառերը, հողը լրիվ «տարել է»։ Կառավարությունից խնդրում է, որ գոնե ազատեն հարկերից, քանի որ ի վիճակի չեն վճարել։ Նա վստահեցնում է, որ ընդամենը 250․000 դրամ փոխհատուցում է ստացել։

«Մի հազար մետր հող կորցրել եմ, տարել է, դառել է գետի հուն, ես էդ առվով ջուր եմ բերում։ Էն ավազն էլ չեմ կարում հեռացնեմ։ Ոչ թե Դեբեդից, այլ ԳԷՍ-ից է գալիս ջուրը, գնում, ուզում եմ հողս ջրեմ, տեսնում եմ ձուկը սատկած ծառի տակին։ Էդ էլ հանքից էկող վնասն է։ Մենք էլ դիմելու տեղ չունենք։ Մարդ իրա հողի կեսից ավելին կորցրել է, 250․000 դրամ է ստացել։ Դա խայտառակություն է»,- ասում է Վալոդ Մարտիրոսյանն ու ավելացնում․ «Տղես 53 տարեկան է, 100 դրամ պետությունից գումար չի ստացել, լրիվ իր աշխատանքի, իր բիլակի հույսին աշխատում, ապրում ենք։ Ո՛չ դիմելու տեղ ունիս, ո՛չ էլ աշխատանքիցդ արդյունք ես կարում ստանաս։ Էդ փողը ո՞նց են որոշել, ումո՞վ են որոշել, չգիտեմ, իմ հողում կարտոշկա էլ չի լինում, եկել լրիվ ավազը ծածկել է։ Մոշ էր դրած, հողի տակին է մնացել, ո՞նց են ցույց տվել, ախր էկել չես, ո՞վ է շանց տվել, հենց ընենց ասել են, արի էս փողը ստացի։ Առաջներում լավ էր, մենք մեր աշխատանքից գոհ ենք եղել, եղել է, որ 30-40 տոննա բերք ենք ստացել էդ մեր այգուց։ Հիմնականում դեղձ ենք մշակում։ Գյուղապետին էլ եմ ասել, էս հողը ջուրը քշել է, վրիցս վե կալեք, որ հարկը չտամ։ Ասավ՝ «կգանք հլա տենանք»։ Բայց ո՛ր ծառը չորացել է, կտրել եմ, տեղը նորը դրել, ըլը էկող չկա»։

Կարինե Կազարովա

Նորություններ