«Ֆրանսիան փորձում է լիարժեք հաստատվել մեր տարածաշրջանում, ավելի շատ հնարավորություններ օգտագործել հաղորդակցության, էներգետիկ, քաղաքական գործընթացների վրա ազդելու համար»․Ղևոնդյան | Region

«Ֆրանսիան փորձում է լիարժեք հաստատվել մեր տարածաշրջանում, ավելի շատ հնարավորություններ օգտագործել հաղորդակցության, էներգետիկ, քաղաքական գործընթացների վրա ազդելու համար»․Ղևոնդյան

Մայիս 29,2025 21:06

Ֆրանսիան և Հայաստանը կապված են ընդհանուր աշխարհաքաղաքական շահերով: Հայաստանն ու Ֆրանսիան ունեն հարաբերությունների շատ մեծ ներուժ: Այս ներուժի միայն մի քանի տոկոսն է իրացվել, ուստի և՛ Հայաստանը, և՛ Ֆրանսիան դեռ շատ անելիքներ ունեն: RegionsTV-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ և քաղաքական անվտանգության փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ մեկնաբանելով օրերս Հայաստան այցի ժամանակ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացմանը և նրա ներուժի ամրապնդմանը:

Ղևոնդյանի խոսքով՝ Ֆրանսիայի համար շատ կարևոր է ունենալ իր սեփական ներկայությունը մեր տարածաշրջանում։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիան՝ որպես առանձին երկիր և որպես Եվրամիության կարևոր երկրներից մեկը, ցանկանում է լրացնել այն տարածքը, որը ազատվել է մեր տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանում, Ռուսաստանի ազդեցության անկման պատճառով․«Բոլոր քաղաքական խաղացողներից նման ցանկություն առաջին հերթին հայտարարում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, ինչպես նաև Չինաստանը։ Հայաստանի համար ամենաընդունելի տարբերակը Ֆրանսիան է, ուստի Հայաստանի և Ֆրանսիայի շահերը այս փուլում սերտորեն կապված են»։

Ղևոնդյանի կարծիքով՝Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացումը խնդրահարույց չէ, Հայաստանն ու Ֆրանսիան շատ մեծ ներուժ ունեն հարաբերությունների զարգացման համար:

«Իմ կարծիքով, այդ ներուժի միայն մի քանի տոկոսն է իրացվել: Այսպիսով, և՛ Հայաստանը, և՛ Ֆրանսիան շատ աշխատանք ունեն առջևում: Դա կարող է տասնամյակներ տևել: Այն փաստը, որ Լավրովը մի քանի օր առաջ Երևանում Ֆրանսիան անվանեց թշնամական պետություն, նրա գործն է: Միայն սեփական շահերը պետք է կարևոր լինեն Հայաստանի համար», – ասաց քաղաքագետը:

Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ Ֆրանսիան շուտով հյուպատոսություն կբացի Գորիսում: Հիշեցնենք, որ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ ցանկցություն պաշտոնական Մոսկվան ցանկություն ունի Սյունիքում հյուպատոսություն բացել, սակայն այս առումով դեռևս առաջընթաց չկա։

Ղևոնդյանը շեշտեց՝ Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսության բացումը կարևոր քայլ է Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ Ֆրանսիան ներկա լինի մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում։

«Ոչ միայն Ֆրանսիան, այլև Ռուսաստանը և Իրանը փորձել են հյուպատոսություններ բացել Սյունիքում։ Սյունիքը աշխարհաքաղաքական առանցք է, որը կապում է Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք ուղղությունները։ Իրանը հաջողության է հասել այս հարցում, նա արդեն ունի հյուպատոսություն Կապանում։ Հունիսի 2-ին Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքում։ Ռուսաստանը փորձում է բացել իր հյուպատոսությունը 2023 թվականից, բայց չի հաջողվել, և մենք հույս ունենք, որ չի հաջողվի, քանի որ Ռուսաստանը, ինչպես տեսանք, Հայաստան չի գալիս այլ տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցելու համար. Ռուսաստանը գալիս է նրանց ազդեցության ընդլայնմանը հակազդելու և միայն իր գաղութարարի դիրքը պահպանելու համար Հայաստանում։ Սակայն ժամանակները փոխվել են, և այս պահին Ռուսաստանն ավելի ու ավելի քիչ հաջողություններ է ունենում այս հարցում», – ասաց քաղաքական անվտանգության փորձագետ Ղևոնդյանը։

Ֆրանսիան, ըստ Ռոբերտ Ղևոնդյանի, աջակցում է ՀՀ իշխանություններին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնելու հարցում: Նրա ներկայացմամբ՝ Ֆրանսիան, ինչպես համաշխարհային հանրությունը, հիմնականում աջակցում է խաղաղ նախաձեռնություններին, այդ թվում՝ Հայաստանի փորձերին՝ կարգավորելու իր հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ․« Հետևաբար, տրամաբանական է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին: Բացի այդ, Ֆրանսիան փորձեր է անում հաստատվել մեր տարածաշրջանում և այնտեղ լինել լիարժեք, ավելի շատ հնարավորություններ օգտագործել տարածաշրջանային, հաղորդակցական, էներգետիկ, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա ազդելու համար: Քանի որ առաջիկա նոր աշխարհում, որտեղ կլինի բազմաբևեռություն, Եվրոպան և մասնավորապես Ֆրանսիան կփորձեն դառնալ նման բևեռներից մեկը, և դրա համար անհրաժեշտ է ունենալ ընդլայնված ազդեցություն տարբեր տարածաշրջաններում»։

Ֆրանսիայի համագործակցությունը Հայաստանի հետ, ըստ Ղևոնդյանի, չի նշանակում, որ Ֆրանսիան պետք է հակասության մեջ լինի Ադրբեջանի կամ որևէ մեկի հետ։ Ինչպես բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները և բոլոր խաղացողները, որոնք քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում իրենց ազդեցությունը ընդլայնելու համար, այնպես էլ Ֆրանսիան, ըստ Ղևոնդյանի, համագործակցում է Հայաստանի, Ադրբեջանի և մեր տարածաշրջանի այլ երկրների հետ։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր համագործակցությունները նույնն են։ Քաղաքագետը նկատեց՝ օրինակ՝ Հայաստանը և Ֆրանսիան շուտով կստորագրեն ռազմավարական համագործակցության համաձայնագիր, բայց Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև նման ծրագրեր չկան, գոնե առայժմ։

Փարիզը Երևանի հետ կապերի ամրապնդումը դիտարկում է որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, ըստ Ղևոնդյանի, Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին լիովին անձնուրաց չէ․«Իհարկե, Ֆրանսիան և այլ երկրները Հայաստանի հետ համագործակցում են հիմնականում ելնելով իրենց շահերից: Սակայն Հայաստանի և Ֆրանսիայի կոնկրետ դեպքում կան բազմաթիվ համընկնող շահեր: Հետևաբար, Հայաստանը շատ բարյացակամ է այս հարաբերությունների նկատմամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների: Իհարկե, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կան խնդիրներ և չհամաձայնեցված կետեր, բայց հիմնականում նրանց շահերը համընկնում են: Այսօր Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են ընդհանուր տրամաբանությամբ և շատ ոլորտներում»։

Ղևոնդյանի կարծիքով՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները Հայաստանի համար մտահոգություն չեն առաջացնում։

«Ֆրանսիան և Ադրբեջանը համագործակցում են որոշ ոլորտներում. Ֆրանսիան ուրան է ստանում Ղազախստանից՝ Ադրբեջանի միջոցով։ Սակայն աշխարհաքաղաքական առումով Հայաստանը գտնվում է բոլորովին այլ մակարդակի վրա։ Ֆրանսիայի համար Հայաստանի հետ համագործակցությունը նախևառաջ կարևոր է ապագա աշխարհաքաղաքական տեղաշարժերի տեսանկյունից, և տնտեսական համագործակցությունը, իհարկե, նույնպես իր տեղն ունի։ Եվ եթե սահմանները բացվեն, Հայաստանը կարող է օգտվել,  որ Ֆրանսիան, ասենք, Կենտրոնական Ասիայից ուրան կամ այլ կարևոր ապրանքներ է ստանում Ադրբեջանի միջոցով»,-եզրափակեց քաղաքական անվտանգության փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Զաբելա Ավագյան

Նորություններ