Արա Պողոսյան. Իսրայելին պետք է պատերազմ՝ սառեցնելու ներքաղաքական խնդիրները, ոչնչացնելու Իրանի բոլոր հնարավոր բազաները, նաև խնդիր է դրել խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր միջուկային համաձայնագրի կնքման գործընթացը

Իսրայելը և «Համաս»-ն ընդունել են ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆի նոր առաջարկը՝ մայիսի 29-ին Գազայում զինադադարի վերաբերյալ։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ նոր ծրագիրը ներառում է 60-օրյա զինադադար, իսրայելցի պատանդների փոխանցում և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։ Մերձավոր Արևելքի ծրագիրը ենթադրում է, որ Իսրայելը ազատ կարձակի ահաբեկչական հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցիների, ևս 1111 մարդու, որոնք ձերբակալվել են իսրայելական կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո, ինչպես նաև մարտերում զոհված 180 Գազայի բնակիչների մարմինների փոխանցում։
Գազայում հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում «Համաս»-ը պետք է ազատ արձակի 28 իսրայելցի պատանդների՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած՝ 1236 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման և 180 մահացած պաղեստինցիների մասունքների փոխանցման դիմաց։ «Համաս»-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ վերցված մնացած իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն, երբ Գազայում հաստատվի մշտական հրադադար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա Իսրայելի կողմից հրադադարի պահպանման երաշխավորը նշված 60 օրվա ընթացքում, իսկ Եգիպտոսը և Կատարը կգործեն որպես միջնորդներ: Իսրայելի պաշտպանության ուժերը պետք է դադարեցնեն ցամաքային գործողությունը: Բացի այդ, Իսրայելի ռազմական ինքնաթիռները չպետք է թռչեն Գազայի վրայով օրական 10-12 ժամ: Զգալիորեն կընդլայնվի Գազային հատկացվող մարդասիրական օգնության ծավալը։ Ավելին, օգնությունը կբաշխվի ոչ միայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հատուկ ստեղծված և աջակցվող Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամի, այլև ՄԱԿ-ի կառույցների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների միջոցով: Ըստ ծրագրի՝ եթե այս պայմանները բավարարվեն, Իսրայելի և «Համաս»-ի միջև պետք է սկսվեն բանակցություններ՝ միջնորդ երկրների մասնակցությամբ մշտական հրադադարի հասնելու համար: Բանակցությունների օրակարգում պետք է լինեն մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակումը, Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների տեղակայումը և դուրսբերումը Գազայի հատվածից, ինչպես նաև անկլավի հետագա քաղաքական կառուցվածքի ծրագրերը: Բանակցությունները պետք է ավարտվեն 60 օրվա ընթացքում. եթե նշված ժամկետը հնարավոր չէ պահպանել, այն կարող է երկարաձգվել երկու կողմերի համաձայնությամբ: Ծրագրով նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի դեսպան Վիտկոֆն ինքը պետք է հանդես գա որպես բանակցային գործընթացի գլխավոր մոդերատոր:
Քաղաքագետ Արա Պողոսյանը RegionsTV-ի հետ զրույցում վերլուծելով իրավիճակը, նշեց՝ այս պահին Նեթանյահուի կաբինետը հետաքրքրված չէ մարտական գործողությունները դադարեցնելով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկրի ներսում կա լուրջ բողոք Նեթանյահուի կառավարման դեմ, որն առավել սուր կերպով դրսևորվեց Գազայի դեմ ռազմական գործողությունների առաջին շրջանում․«Հետևաբար, կառավարությունում ներքին ճգնաժամի սրման վտանգը սահուն կերպով կանխելու համար Իսրայելը կփորձի աստիճանաբար շարժվել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, բայց չեմ կարծում, որ այդ պահը հենց հիմա է եկել»:
Գազայում, ինչպես նկատեց Պողոսյանը, նաև կան կուսակցություններ, որոնք դեմ են դրան։ Հիշեցրեց՝ նույնիսկ պաշտոնական հայտարարություն եղավ, որ այս նախագիծը չի անդրադառնում Գազայի հիմնական շահերին։
«Փաստաթուղթը հիմնականում արտացոլում է Իսրայելի դիրքորոշումը և չի պարունակում Իսրայելի համար հստակ պարտավորություններ՝ դադարեցնել պատերազմը Գազայում, դուրս բերել զորքերը և ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը։ Այնուամենայնիվ, կավելացնեմ, որ նախնական համաձայնություն ձեռք է բերվել դիվանագիտական ուղիներով»,-ասաց Պողոսյանը։
Բնականաբար, Նեթանյահուն, ինչպես ասաց քաղաքագետը, «Համաս»-ին ներկայացնում է որպես ծայրահեղական ահաբեկչական կազմակերպություն, իսկ Գազային՝ որպես անհոգի և անսիրտ ահաբեկիչների որջ․«Եվ նման իրավիճակում «Համաս»-ը բարի կամք է ցուցաբերում՝ դիվանագիտական ուղիներով Միացյալ Նահանգներին փոխանցելով իր համաձայնությունը ամերիկյան ծրագրի կապակցությամբ, որը, կարծես թե, Իսրայելին մանևրելու տեղ չի թողնում»։
Նրա կարծիքով՝ Իսրայելին պատերազմ է պետք՝ թե՛ իր ներքաղաքական խնդիրները գոնե սառեցնելու, թե՛ իրանական բոլոր հնարավոր բազաները ոչնչացնելու համար․«Բացի այդ, կարծում եմ, որ Իսրայելի առջև նաև խնդիր է դրված խափանել Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր միջուկային համաձայնագրի կնքման գործընթացը՝ Մերձավոր Արևելքում իր տեղն ու դերը որպես Միացյալ Նահանգների ամենահուսալի դաշնակից ապահովելու համար»։
Պողոսյանը նկատեց՝ Թրամփը, Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ, չայցելեց Իսրայել, նրա մերձավորարևելյան շրջագայության ծրագրից Իսրայելի բացակայությունը որոշակի հարցեր և ենթադրություններ առաջացրեց։ Արա Պողոսյանի խոսքով՝ երկու պատմականորեն շատ մտերիմ դաշնակիցների միջև հարաբերությունները չեն փոխվել, և այս դաշինքը Իսրայելին հնարավորություն է տալիս դիմակայել բազմաթիվ մարտահրավերների։
«Ես չէի շտապի ասել, որ ամերիկա-իսրայելական հարաբերությունները սառեցվել են։ Հաշվի առնենք, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև դաշինքը հիմնված է ոչ միայն միջպետական հարաբերությունների, այլև բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական կապերի ամբողջ շղթայի վրա, պարզ և բարդ հարաբերություններ, որոնք դեռևս կենսունակ են։ Ամերիկա-իսրայելական հարաբերությունները չեն կարող ունենալ երկարատև ճգնաժամի փուլեր։ Ակնհայտ է, որ Իսրայելում դա թույլ չի տրվի, քանի որ Իսրայելի ամբողջ հզորությունը կախված է Միացյալ Նահանգների հետ դաշինքից, և առանց այդ դաշինքի Իսրայելում իսկապես ճգնաժամ կառաջանա»,-ասաց քաղաքագետը։
Արա Պողոսյանի կարծիքով՝ ԱՄՆ ազդեցությունը Մերձավոր Արևելքում չի թուլանում, այլ փոխակերպվում է․«Այս առումով ԱՄՆ առաջնահերթությունների դիրքավորումը և վերագնահատումը դեռևս որոշակի դրսևորումներ կունենան։ Բայց խորքում Միացյալ Նահանգները մնում են նույն համաշխարհային գերիշխանության հավակնորդները։ Ինչպես ասել է ամերիակացի քաղաքական գործիչ Զբիգնև Բժեզինսկին՝ (նա համարվում էր Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ամենաազդեցիկ վետերաններից մեկը, խմբ․) ԱՄՆ-ն միակ գերտերությունը լինելու հավակնություններ ունի, ինչը ենթադրում է արտաքին քաղաքականության էական վերափոխում և ժամանակակից միջազգային պայմաններին հարմարվողականություն»,-եզրափակեց Արա Պողոսյանը։
Զաբելա Ավագյան