«Մեծ ցավ՝ փոքրիկ տանը»․ ընտանեկան բռնության ենթարկվածներին օրենքը լիարժեք չի պաշտպանում․ քննարկում Գյումրիում | Region

«Մեծ ցավ՝ փոքրիկ տանը»․ ընտանեկան բռնության ենթարկվածներին օրենքը լիարժեք չի պաշտպանում․ քննարկում Գյումրիում

Հունիս 21,2025 19:31

Հայաստանում ընտանեկան բռնությունը բավականին տարածված է, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք ընտանիքում բռնության ենթարկվելուց հետո ոչինչ չեն ձեռնարկում, ո՛չ ոստիկանություն են դիմում, ո՛չ էլ հոգեբանի։ Ի դեպ, մեծ թիվ են կազմում սեռական և տնտեսական բռնության ենթարկվածները, որոնք այդ մասին չեն բարձրաձայնում։ Ոստիկանություն դիմողները քիչ են, հիմնականում ֆիզիկական բռնության ենթարկված անձինք են։ Սա փաստել է Գյումրու «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության իրականացրած  հետազոտությունը, որն անցկացվել է Լոռու և Շիրակի մարզերում, ընտանեկան բռնության ենթարկված կանանց շրջանում։

Հետազոոտությունն իրականացվել է «Կանանց իրավունքների տուն» և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»  հասարակական կազմակերպությունների համատեղ ծրագրով, որը կրում է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» խորագիրը։ Ծրագրի հեղինակները փորձել են հասկանալ, թե 2017 թվականին ընդունված ու արդեն մեկ անգամ փոփոխված «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը ի՞նչ բացեր ունի, ու դրանք վերացնելու համար ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառվեն։ Այս և մի շարք այլ խնդիրների մասին մասնագետները խոսել են Գյումրիում տեղի ունեցած հանրային ֆորումի ժամանակ։

Այն հարցին, թե բռնության ենթարկվածներն առաջինն ո՞ւմ են դիմում, կանայք պատասխանել են, որ հիմնականում հարազատներին և ծնողներին։ Հարցվածների 27,2 տոկոսը նշել է, որ ոստիկանություն չեն դիմում, որովհետև չեն վստահում, ու հետո, վախենում են, որ ոստիկանության միջամտությունից հետո հնարավոր է ավելի զայրացնեն բռնարարին, ու ոստիկանությունն իրենց պաշտպանել չկարողանա։ Հարցվածների միայն 22,2 տոկոսն է նշել, որ  ոստիկանություն դիմելուց հետո բռնությունը չի կրկնվել, մյուսների խոսքով՝ կրկնվել է մեղմ կամ սաստիկ ձևով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ոստիկանությունն անհետաձգելի միջամտության որոշումներ է կայացնում, ապա դատարաններում հաճախ են դրանք չեղարկում, ինչից հետո բռնարարներն ավելի վտանգավոր են դառնում, առաջանում է անպատժելիության զգացում, ինչն էլ սաստկացնում է բռնության դեպքերը։ Սա հատկապես խնդիր է փոքր բնակավայրերում, որտեղ հարցվածների 43,2 տոկոսը նշել է, որ ոստիկանը ճանաչում էր բռնարարին։

Հարցմանը մասնակցած կանանց 45,5 տոկոսը համոզված է, որ բռնարարին պատժելու ավելի խիստ միջոցներ պետք է սահմանվեն։

Ընտանեկան բռնությունների արդյունավետ կանխարգելման համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է կրթել, իրազեկել մարդկանց, իրավապահ մարմինների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ համագործակցել։ Հասարակական կազմակերպությունների ռեսուրսները սահմանափակ են, ապաստարանները հիմնականում նրանց կողմից են առաջարկվում, ինչը բավարար քանակով չէ,և ցանկալի է, որ այս մասով օրենքում փոփոխություններ կատարվեն։

Ծրագրի շրջանակներում նաև ընտանեկան բռնության իրավական մեխանիզմների և կիրարկման վերաբերյալ է հետազոտություն կատարվել։ Փորձագետները մտահոգված են այն խնդրով, որ Հայաստանի օրենսդրությունն ընտանեկան բռնությունը չի դիտարկում որպես առանձին հանցագործության տեսակ։

Օրենքում կատարված վերջին փոփոխություններից հետո սահմանվել են ընտանեկան բռնության հետևյալ տեսակները՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական, թվային բռնություն, հետամտում, սեռական ոտնձգություններ, հարկադիր ամուսնություն։

Մասնագետների դիտարկմամբ, բռնության որոշ տեսակների մասով հանցանքն ապացուցելը շատ դժվար է։

«Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը բռնության ենթարկվածի նկատմամբ հետևյալ պաշտպանության միջոցներն է նախատեսել՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, պաշտպանական որոշում։

Հայաստանյան օրենքը մեծ շտկումների կարիք ունի, համոզված են փորձագետները։ Նրանց խոսքով, լավագույն օրենսդրություն ունեցող երկրներից մեկը Գերմանիան է, իսկ Իսպանիայում ընտանեկան բռնության գործերով կան առանձին դատարաններ։ Նիդեռլանդներում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը 20 անգամ արդեն փոփոխության է ենթարկվել։

Գյումրիում գործող «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը, որը 7 տարի գործում է, զբաղվում է ընտանեկան բռնությունների կանխարգելմամբ, բռնության ենթարկվածներին հոգեբանական, սոցիալական, իրավաբանական ծառայությունների մատուցմամբ, կանանց տնտեսական զորեղացմամբ, նաև նրանց քաղաքական մասնակցության խթանմամբ։ Ըստ կազմակերպության տվյալների, այս ընթացքում իրենք ընդունել են 8000 կանանց և աղջիկների։ Կազմակերպությունը նաև 4 տղամարդու է ընդունել, որոնք, պարզվում է, բռնության ենթարկվել են ընտանիքներում ոչ թե կանանց, այլ իրենց հայրերի կողմից։

 

Կարինե Կազարովա

 

Նորություններ