Երևանում մայրն այրել է տունն և վնասել իր անչափահաս 2 երեխաներին. բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբանը:
Տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։
Նշված տանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, որոնք ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։
Երեխաներին արդեն նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կատարվել է վերքերի մշակում, ապա երբ երեխաների վիճակը կայունացել է, նրանց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժին։