«Ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դա քաղաքական պրովոկացիա է»․Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները փոխանցելու մասին
Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակներում Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակ է փոխանցվել ՀՀ կառավարությանը։ «ՀՀ իշխանություններն ունեն պարտավորություններ հայերի և ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ բոլոր գերիների հանդեպ»,-մոտ երկու շաբաթ առաջ նամակների՝ ՀՀ կառավարությանը փոխանցելու գործողությունների ժամանակ հայտարարել է «Արցախ» միության» ղեկավար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Բեգլարյանը, նշելով՝ Հայաստանի քաղաքացիները խնդրել են, որ Փաշինյանը միջնորդի, եւ նամակները հասնեն հասցեատերերին։
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ նամակները կփոխանցվե՞ն հայ գերիներին։ Ի պատասխան Փաշինյանն ասաց․«Ես ճիշտն ասած չգիտեմ, թե ինչ որոշում է կայացվել, բայց տարօրինակ է՝ եթե նամակ կա, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում, դրա համար կան փոստային կազմակերպություններ։ ի՞նչի համար միջնորդ լինեմ։ Այդտեղ նրբություններ կան, այսինքն՝ 1000 նամակ տալ կառավարությանը, ասել՝ նամակները տարեք, ինչքանո՞վ է տրամաբանական»։
Փաշինյանը վստահեցրեց, որ այն մարմնին, որին դիմել են, ենթադրվում է, որ կքննարկի ու կպատասխանի։
Ապա հավելեց, որ երբեմն իր մոտ տպավորություն է, որ այդ գործողություններն արվում են ոչ թե խնդրի լուծման համար, այլ ինչ-որ բան սադրելու համար․ «Եվ ցավոք սրտի, մի քանի դրվագով մենք դրանում համոզվել ենք։ Դրա համար այդ հարցերում մեր զգուշությունն ավելի է մեծանում, որովհետև արդյունքում մենք կարող է այդ մարդկանց այնտեղ վնաս տանք։ Ինձ համար հասկանալի չէ, մարդիկ աղմուկ-աղակ են անում և այլն, պահանջներ են դնում, ասում են՝ ուզում ենք, որ մենք հանդիպենք, այս անենք, այն անենք, ասում ենք՝ շատ լավ, հանդիպենք, գալիս են նստում, դիկտաֆոնները հանում են, ասում են մենք այս խոսակցությունը պետք է ձայնագրենք։ Շատ լավ, ձայնագրեք, դա ի՞նչի համար է արվում։ Ձայնագրել, ուղիղ եթերում հենա խոսում ենք էլի, հեռակա խոսում ենք։ Էլ հանդիպում ի՞նչի եք ուզում։ Ո՞րն է դրա տրամաբանությունը։ Հայտարարություններ անել, որ կառավարությունը մեզ չի ընդունում և այլն, բրիֆինգներում հարց տալ՝ բա ի՞նչի չեք ընդունում, ընդունելու եք, թե չեք ընդունելու, այդ կարևոր հարցում աջակցելու եք, թե չեք աջակցելու, հանձնարարական է գնում, որ մարդկանց ընդունեք։ Գալիս են նստում, հեռախոսները հանում, ասում են՝ մենք պետք է ձայնագրենք այդ խոսակցությունը։ Ձայնագրեք։ Որևէ մեկն ուզում է ասի, որ դա արվում է, որ այնտեղ գտնվող մարդկանց որևէ օգո՞ւտ տրվի։ Դա քաղաքական պրովոկացիա է: Հիմա էլ նամակը, նամակ տանք, որ տանեք: Շատ լավ, տվեք, կքննարկենք, կպատասխանենք, կարող եք պատասխաններն էլ ձայնագրել»:
