Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրության գերակա շահ
Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրության գերակա շահ: Որոշման հիմքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2025 թ. նոյեմբերի 17-ի որոշումն է, որով դադարեցվել էր ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց, որ պետությունը նպատակ ունի ընկերությունը դարձնել պետական սեփականություն, ապա այն հանձնել միջազգային առաջատար ընկերության (կամ ընկերությունների խմբի) կառավարմանը։
«Մենք մասնավորեցնելու նպատակ չունենք, դա մեր առաջնային ծրագիրը չէ»,- նշել է վարչապետը՝ հավելով, որ իրավապահ մարմինները զուգահեռաբար կուսումնասիրեն նաև ՀԷՑ-ի նախկին մասնավորեցման օրինականությունը:
Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ կառավարությունն ավելի վաղ առաջարկել էր բաժնետերերին փոխադարձ համաձայնությամբ վաճառել բաժնետոմսերը (առաջարկվել էր 380,000 դոլար տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին), սակայն սեփականատերերը մերժել են այն:
ՀԷՑ-ի ընդհանուր 246,423 բաժնետոմսերը (անվանական արժեքը՝ շուրջ 21 մլն դրամ) բաշխված են հետևյալ կերպ.
- 69.99% (172,496 հատ) — «Տաշիր կապիտալ» ՓԲԸ (ձայնի իրավունքը սառեցված է),
- 30.01% (73,927 հատ) — Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստում պարզաբանեց, որ առաջիկա 2 ամսում կիրականացվի գույքի, ակտիվների, պարտավորությունների և հնարավոր բոլոր ռիսկերի լիարժեք նկարագրություն։ Վարչապետը և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեցին, որ վերջնական գինը որոշվելու է լիցենզավորված գնահատմամբ:
Ըստ որոշման՝ գնահատման ժամանակ ներդրումներին ավելացվում է բանկային ավանդների միջին տոկոսադրույքով հաշվարկված գումարը, ապա հանվում են բաշխված շահութաբաժիններն ու ընկերության պարտավորությունները/վարկերը: Եթե սեփականատերերը համաձայն չեն գնահատված գնի հետ և իրենց կողմից նոր գնահատում չեն պատվիրում, սահմանված գումարը փոխանցվում է դեպոզիտարիա, և գործարքն ավարտվում է:
Սեփականության օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետը 2027 թ. մայիսի 1-ն է, ավարտի վերջնաժամկետը՝ 2027 թ. հոկտեմբերի 1-ը:
Որոշումն անմիջական լրացուցիչ ծախսեր չի պահանջում, սակայն հետագայում բյուջեից միջոցներ կհատկացվեն սեփականատերերին օրենքով սահմանված փոխհատուցում տրամադրելու համար:
