«Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կա ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել»․Փաշինյանը անկլավների փոխանակման մասին
Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում էլ չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իր վերջին հայտարարությունը։
«Ընդհանրապես, խաղաղության գործընթացի հետ կապված հասկացությունները շատ կարևոր են և ես նաև առաջին հերթին հասկացությունները քաղաքական իմաստով եմ օգտագործում, որովհետև զուտ տարածքային փոխանակում ասած հասկացությունը ինքը շատ իրավական բարդ գործընթաց է, որը հետագա վերլուծությունների պետք է ենթարկվի»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անկլավ-էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան․«Այսինքն, իմաստն այն է, որ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն: Նման սցենարները, նորություն չեն, որ քննարկվել են, դա քննարկվող սցենարներից մեկն է։ Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կա ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել, ավելի ու առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ այն մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ այդ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու, երկու սահման անցնելը և այլն և այդպես շարունակ: Դրա համար այդպիսի ըմբռնում, այո․․․ ճիշտն ասած եղել էլ է, այսինքն այնպես չի, որ այդտեղ ինչ-որ նորություն կա»:
Նա ասաց, որ այս մասին նախկինում էլ խոսել է, որ տարբերակներից մեկը դա, հիմա՝ նույնպես։
«Նաև ասել եմ՝ շատ կարևոր է, թե մենք ինչ պրոցեսի ենք գնում՝ մենք ուզում ենք իրար համար պրոբլեմներ ստեղծենք, թե՞ մենք ուզում ենք լուծենք պրոբլեմները և ինչ-որ մի հատ դարակազմիկ էջ փակենք և նոր էջ բացենք։ Եվ այս երկրորդ տրամաբանությամբ գնալու պարագայում հավանականությունը մեծանում է, որ այսպիսի լուծում կլինի։ Տեխնիկապես և իրավաբանական առումով դա ի՞նչ ձևակերպում կստանա՝ օրինակ նման սցենարի դեպքում հանրաքվե անցկացնել, թե ոչ, սա իրավաբանական վերլուծության հարց է»,-նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, այսինքն ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքը ինչքան է, որտեղով, ֆիզիկական ինչ տարածք է, որպեսզի հնարավոր լինի այդ խնդրին քաղաքական և իրավական առումով ճիշտ լուծում տալ։
«Ես կարծում եմ, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ ենք մտել և և ինձ համար կարևոր եմ համարում, բնականաբար, կառավարության, խորհրդարանական մեծամասնության, բայց անձամբ ինձ համար կարևոր է, որ մինչև 2031 թվականը այս պրոցեսը հասնի լուծման»,-նշեց Փաշինյանը։
