Միքայել Սրբազանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան | Region

Միքայել Սրբազանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Հուլիս 18,2025 21:09

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, որը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանության թիմը։

«Դատավոր Վաչե Մարգարյանը պաշտպանների բողոքներն ընդունել է վարույթ և 14.07.2025թ. որոշել է հատուկ վերանայման վարույթն իրականացնել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի կայացման օր է նշանակել 2025 թվականի հուլիսի 24-ը (դատարանի նշված որոշումը պաշտպանները ստացել են 17.07.2025թ.):

15.07.2025թ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները միջնորդել են վերաքննիչ դատարանին քրեական վարույթով կալանավորման բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով։ Այս միջնորդության քննության վերաբերյալ պաշտպանական կողմը դեռ տեղեկություն չունի:

Ըստ պաշտպանների միջնորդության՝

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին։

Թեև օրենսդիրը բանավոր ընթացակարգով քննության հատուկ պայմաններ չի սահմանել, և այն որոշելու հայեցողությունը պատկանում է դատարանին, այնուամենայնիվ գտնում ենք, որ դատարանի հայեցողությունն արտահայտվում է որոշակի իրավական և բարոյական հանգամանքներից ելնելով, որոնք ողջամտորեն պահանջում են գործի մանրամասն ուսումնասիրություն:

Գտնում ենք, որ մեր գործում առկա են այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ՝ դատարանը կարող է բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով: Այսպես՝

1) Նախ հարկ է նշել, որ նախագահող դատավորի բացարկի հարցի քննարկման կապակցությամբ էական հանգամանքներ կան, որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն: Այս կապակցությամբ պաշտպանական կողմը դատարանին հարցեր ունի, և այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներից հետո նոր կարող է պարզվել, թե դատարանին բացարկ հայտնելու մտավախությունը փարատվում է, թե՝ հաստատվում: Այս առումով անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի արդյունավետ կերպով իրացնելու նշված իրավունքը, այն էլ այս հասարակական հնչեղություն ստացած և քաղաքական ենթատեքստ ունեցող վարույթով:

2) Բացի այդ, սույն վարույթով, ի թիվս այլնի, վիճարկվում է նաև քրեական հետապնդումը բացառող հանգամանքի (կրկին դատվելու արգելքի սկզբունքի շրջանակներում) առկայություն, որն առանցքային նշանակություն ունի և պահանջում է մանրակրկիտ և խորը քննարկում: Բանավոր ընթացակարգի ժամանակ հնարավորություն կստեղծվի, որ կողմերը կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքն, այդ թվում՝ արձագանքել մյուս կողմի  փաստարկներին կամ դատարանի հարցերին: Սա նաև թույլ կտա դատարանին ստանալ  ամբողջական և համոզիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի նաև, որ դատարանը որոշում կայացնի՝ հաշվի առնելով վարույթի ամբողջ առանձնահատկությունը, քանի որ, այն կարող է հանգեցնել բողոքի բավարարմանը:

3) Գտնում ենք նաև, որ մեղադրյալի անմիջական մասնակցության իրավունքի ապահովումը նույնպես առանցքային դեր ունի իրեն ազատությունից զրկելու վարույթում: Կարծում ենք, որ մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա անմիջականորեն  տեսնելու և լսելու դատարանին և ներկայացնելու իր դիրքորոշումը՝ առանց միջնորդավորված հաղորդակցության սահմանափակումների։ Բանավոր ընթացակարգը թույլ է տալիս մեղադրյալին ոչ միայն ստանալու տեղեկատվություն, այլև ակտիվորեն մասնակցելու իր ճակատագրին վերաբերող որոշման կայացման գործընթացին։ Սա կենսական նշանակություն ունի արդար դատաքննության ապահովման և առնվազն նման տպավորություն ստեղծելու հարցում (դատարանը ոչ միայն պետք է լինի արդար, այլև պետք է երևա այդպիսին)։

4) Հատկապես այն դեպքում, երբ մեղադրյալը բարձրաստիճան հոգևորական է և  հասարակության համար այս վարույթը չափազանց զգայուն է, ուստի կարևորվում է այն գիտակցումը, որ հանրության և մեր համար տեսանելի պետք է լինի, որ դատարանը պատրաստ է և ցանկանում է անմիջականորեն քննել անձի ազատությանն առնչվող հարցերը: Դա նաև  բարձրացնում է դատական համակարգի նկատմամբ վստահությունը և հարգանքը։ Սա չափազանց կարևոր է նաև արդար դատաքննության իրավունքն ապահովելու իմաստով, քանի որ մեղադրյալի համար առնվազն տեսանելի պետք է լինի, որ իր գործը քննվում է ոչ թե պարզապես ձևական, այլ իրապես օրինական և արդար դատարանի կողմից:

5) կալանավորված մեղադրյալի բարձրաստիճան հոգևորական լինելը բնականաբար լայն արձագանք է գտել հանրության շրջանում: Չէ՞ որ, կալանավորելով հոգևորականին, պետությունը ոտնձգում է հավատացյալ ժողովրդի հոգևոր արժեքների դեմ, ուստի նրանց նկատմամբ հարգանքը նույնպես պարտավորեցնում է դատարանին հարգել նաև հավատացյալ ժողովրդի իրավունքներն ու հոգևոր արժեքներն ու պահանջմունքները և ցույց տալ, որ իրենց սիրելի հոգևորականի գործը քննվում է առավելագույնս թափանցիկ և արդար եղանակով: Այս պարագայում գործի քննությունը պարզապես իրավական հարց չէ, այլ ունի նաև խորը բարոյական և հանրային մեծ պատասխանատվություն։…»:

Նորություններ