Քննիչը Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է. պաշտպանների թիմ | Region

Քննիչը Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է. պաշտպանների թիմ

Հուլիս 23,2025 21:53

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հայտնել են, որ նրա նկատմամբ քրեական վարույթով նախաքննությունն ավարտ է հայտարարվել։

Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.:

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու:

Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:

Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակելու է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնելու մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը:

Նորություններ