«Կռիվ կինոյի» հերոսները՝ ոչխարների ենթադրյալ գողեր հայր ու որդին ձերբկալված են սպանության փորձի կասկածանքով

Շիրակի մարզում 700-ից ավելի ոչխարների գողության բացահայտումն իսկական «կռիվ» կինոյի է նման։
Օրերս փաստաբան Գոռ Գևորգյանն ահազանգել էր Շիրակի մարզում հուլիսի 16-ին 772 գլուխ մանր եղջերավոր անասունների (մոտ 60 միլիոն դրամ ) գողության մասին, նշելով՝ եթե ոստիկանները չձեռնարկեն համապատասխան գործողություններ, ապա հնարավոր է վենդետա հասունանա։
RegionsTV-ի հետ զրույցում փաստաբանը դեպքից մանրամասներ պատմեց, ասաց՝ գողության մասին հաղորդում էին տվել ոստիկանություն, սակայն Շիրակի մարզի քրեական ոստիկանության վարչությունը մատը մատին չտվեց այնքան ժամանակ, մինչև բանը հասավ սպանության փորձին:
Գևորգյանի ներկայացմամբ՝ ոչխարների տերն ու ինքն իրենց աղբյուրներով պարզել են, թե որտեղ են ոչխարները․ «Քննիչի մոտ ցուցմունք տվեցինք, խնրեցինք, որ ոստիկանների հետ մոտենան: Քննիչը բավարարեց միջնորությունը, և ոստիկաններ կանչեց: Եկան անզեն 3 ոտիկան, չնայած որ ես զգուշացրել էի, որ վտանգավոր է լինելու, ես ճանաչում էի նրանց, գիտեի, որ անգամ պատրաստ են սպանելու, մանավանդ, որ փաստացի գնալու էինք գողացված ոչխարների մոտ»։
Արթիկ համայնքի ամառանոցային տարածքում տարբեր ընտանիքներ վարձակալության հիմունքներով հողեր ունեն, որտեց էլ զբաղվում են անասնապահությամբ: «Կինոն» հենց այստեղ էլ սկսվել է։ Գևորգյանի պատմելով՝ երբ ինքը, ոչխարների տերը՝ Մշկար Քալաշյանն ու երեք ոստիկանները տեղում են եղել, ու փաստորեն գողացած ոչխարներին գտել են, ենթադրյալ գողերը հասկացել են, որ բացահայտվել են․«Հայր ու որդին էին, ու ըստ էության, այլընտրանք չունենալով՝ մեքենան քշել են մեր ուղղությամբ՝ փորձելով սպանել: Տուժել եմ ես ու ոչխարների տերը: Փաստացի ես կարողացա խույս տալ, բայց Քալաշյանին նույնիսկ քարով խփեցին: Խփողը մեքենայի վարորդի հայրն էր, կազմակերպիչը: Եզդերեն էլ ինչ-որ բան էր ասում: Սկզբում ես չհասկացա, հետո թարգմանեցին, ասում էր՝ կոխի տակը, լխճի»:
Ուշագրավն այն է, որ երբ ենթադրյալ գողը մեքենան վարում էր քաղաքացիների վրա, ոստիկանները չէին կարողանում կանգնեցնել նրան, մեքենայի կողքով վազում էին։
Փաստաբանն ասաց, որ իր և Քալաշյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Արդեն քրեական գործ է հարցուցվել:
Գևորգյանը հայտնեց, որ այս պահին հայր և որդի ձերբկալված են սպանության փորձի կասկածանքով։ «Հավանաբար կկալանավորվեն։ Քննիչը զննել է դեպքի վայրը, ոչխարներն առանձնակի հատկանիշներով ներկայացրել են ճանաչման, նաև այլ գործողություններ են կատարվում»:
Փաստաբանն ասաց, որ առայժմ ոչխարների մի մասն են վերադարձրել Քալաշյանին։
Նիկոլ Մարգարյան