ԱՄՆ 87 կոնգրեսականներ Մարկո Ռուբիոյին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամ նամակ է հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Լեռնային Ղարաբաղ, միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման նպատակով։
Կոչը ներկայացնում է ԱՄՆ-ի 24 նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մեկնաբանելով Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ կազմված երկկուսակցական նամակը՝ նշում է. «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տևական խաղաղության հասնելու ցանկացած ուղին պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք հայկական հարցերով խմբի ղեկավարությանը և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակում»։
Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադեոն։
«Մենք կոչ ենք անում Ձեզ ներգրավել հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բռնագաղթված հայերի համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնօրրան։ Այս քայլը համահունչ է միջազգային իրավունքին և նպաստում է տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հաստատմանը»,-նշված է նրանց ուղերձում։
ANCA-ի փոխանցմամբ՝ նամակում ներկայացված են 2023-ին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված շրջափակման և ռազմական հարձակման հետևանքները, որոնց արդյունքում բռնագաղթվեց ամբողջ՝ շուրջ 120 000 քրիստոնյա հայ բնակչությունը, իսկ այդ հարձակումից հետո Ադրբեջանը համակարգված կերպով ոչնչացրել է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կոթողները, թալանել ու ավերել է քաղաքացիական սեփականություն և հանրային ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով բացառել վերադարձի հնարավորությունը։
Նամակում նշվում է, որ «պատերազմի հետևանքով տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է», ապա հիշեցվում է, որ 2023 թվականին Միջազգային Արդարադատության դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգ և ապահով վերադարձը։
Կոնգրեսականները հատուկ կոչ են անում ԱՄՆ վարչակազմին աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված խաղաղության նախաձեռնությանը, որը նպատակ ունի «ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգային երաշխիքներով վերադարձը»։
Նամակում կոնգրեսականները վերահաստատում են նաև ԱՄՆ-ի նախորդ պարտավորությունները՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջիմ Օ’Բրայենի հայտարարությունը. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացած բոլոր էթնիկ հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը՝ նրանց իրավունքների և անվտանգության երաշխավորմամբ»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը նշում է, որ կոնգրեսականների ուղերձը եզրափակվում է հետևյալ հստակ պահանջով. «Մենք ակնկալում ենք Ձեր արձագանքը և պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ՝ խթանելու արդար, ամուր և արժանապատիվ խաղաղություն տարածաշրջանում, որը կապահովի բռնագաղթված հայերի հիմնարար իրավունքը՝ առանց նոր բռնությունների կամ հալածանքների վախի, վերադառնալու իրենց բնօրրան»։