Նոր մարզիչ, նոր հույսեր․ ի՞նչ սպասել Եղիշե Մելիքյանից | Region

Նոր մարզիչ, նոր հույսեր․ ի՞նչ սպասել Եղիշե Մելիքյանից

Օգոստոս 07,2025 10:21

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Մինչև 2026 թվականի նոյեմբեր հավաքականը կգլխավորի Եղիշե Մելիքյանը: Պաշտոնական հայտարարությունից դեռ մի քանի օր առաջ ֆուտբոլային հասարակությունը ակտիվորեն քննարկում էր Եղիշե Մելիքյանի՝ հավաքականը գլխավորելու թեման:  Մի շարք «ինսայդերներ» նշում էին, որ ՀՖՖ-ի ու Եղիշե Մելիքյանի միջև համաձայնությունը ձեռք  է բերվել դեռ այն ժամանակ, երբ նրա արդեն նախկին թիմը՝ «Փյունիկը» Եվրոպա Լիգայի որակավորման փուլում չէր անցկացրել անգամ «Դյորի» դեմ պատասխան խաղը:

Նշանակումից ընդամենը երկու օր առաջ տարածված խոսակցությունները մեկնաբանեց անձամբ Մելիքյանը.«Ինձ հետ ոչ ոք չի խոսել Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված։ Ես հետևում եմ և տեղյակ եմ, բայց քանի որ կոնկրետ առաջարկ չկա, չեմ կարող հստակ բան ասել։»:

Անցավ ընդամենը 2 օր, և ՀՖՖ-ը հայտարարեց, որ փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հոլանդացի մասնագետ Ջոն վան’տ Սխիպի հետ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել ազգային հավաքականի զարգացման ուղղությունն, ու այժմ հավաքականի ղեկը վստահում է տեղացի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ այնտեղ անցել է երկար ճանապարհ»:

Ինքը՝ Եղիշե Մելիքյանը նշանակվելուց հետո հայտարարեց․« Ես հպարտ եմ, որ նշանակվել եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Գիտակցում եմ այս պահի ամբողջ դժվարությունն ու պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը։ Իմ բոլոր որոշումները կկայացնեմ հավաքականի և հայկական ֆուտբոլի շահերի համար։ Հիմա ամենահարմար պահն է ուժերը միավորելու։ Կոչ եմ անում ողջ ֆուտբոլային հանրությանը համախմբվել ազգային թիմի շուրջ»։

Կկարողանա՞ Եղիշե Մելիքյանը փոխել հավաքականի ճակատագիրը, արդյո՞ք նա այն մասնագետն է, որը կհաղթահարի ճնշումները, հետ կբերի խաղային կայունությունն ու վերջապես կվերականգնի երկրպագուների հավատը հավաքականի նկատմամբ: Ի՞նչու հենց նա, և ի՞նչ սպասելիքներ ունենալ նրանից` փորձենք վերլուծել հոդվածում:

Սկսած 2019 թվականի դեկտեմբերից, երբ ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, Եղիշե Մելիքյանը առաջին հայ մասնագետն է, որը գլխավորեց հավաքականը՝ եթե չհաշվենք իհարկե Աբրահամ Խաշմանյանին, որը հեռացավ հավաքականից Մելիքբեկյանի ընտրվելուց ընդամենը 4 ամիս անց, և Սուրեն Չախալյանին, որը Ալեքսանդր Պետրյակովի հեռանալուց հետո ժամանակավորապես վերցրեց հավաքականի ղեկը, ու պարզ էր, որ չի մնալու:

Այս ընթացքում ֆեդերացիան դիմեց օտարերկրացի փորձառու մասնագետների, ակնկալելով, որ նրանց ունեցած փորձն ու եվրոպական մոտեցումները կդառնան հաջողության գրավական: Սակայն արդյունքը անընդհատ նույնն էր: Ոգևորության ֆոնին մեկ-երկու հաջողված հանդիպումներից հետո երկրպագուները ստիպված էին ապրել հերթական հիասթափությունը: Խնդիրները մշտապես կրկնվում էին՝  «անատամ» ֆուտբոլ, մարտավարական շփոթ, հաճախ ոչ բավարարար նվիրվածություն ֆուտբոլիստների կողմից։ Արդյունքում՝ պարտություններ:

Որպես օրինակ՝ իսպանացի Խոակին Կապառոսը հավաքականում իր աշխատանքը փայլուն սկսեց: Նրա գլխավորությամբ հաղթանակները հաջորդում էին իրար, հաջողությունները հատկապես ակներև էին Ազգերի Լիգայում: Արդյունքում հավաքականը կարողացավ հաղթել Ազգերի Լիգայի C խմբում, ունենալով այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք էին  Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանն ու Էստոնիան: Իհարկե, իսպանացին Հայաստանի հավաքականը գլխավորած ամենաանվանի մարզիչն է, ու մնում է միակը, որի օրոք Հայաստանի հավաքականը որևէ խմբում կարողացել է առաջին տեղը գրավել, բայց միայն այդքանը: Դրանից հետո միայն անհաջողություններ էին, այդ թվում՝ 17 խաղում ընդամենը 2 հաղթանակ և հրաժեշտ հավաքականին:

Նույնն էր պատմությունը նաև մյուս երկու մասնագետների՝ Ալեքսանդր Պետրյակովի ու Ջոն վան’տ Սխիպի դեպքում: Պետրյակովը հավաքականի ղեկին հաղթեց 4, պարտվեց 10 խաղում: Այաքսի նախկին գլխավոր մարզիչն էլ իր հերթին անցկացրած 4 խաղերից ոչ մեկում չզգաց հաղթանակի բերկրանքը:

Հիմա հերթը Եղիշե Մելիքյանինն է՝ դառնալու այն մարզիչը, որը կստիպի երկրպագուներին կրկին լցնել մարզադաշտերն ու վեր ցատկել հավաքականի հաջողություններից: Հայ երկրպագուների զգալի հատվածը համակրում է նրան, որպես անկախ ու սկզբունքային մարզիչ՝ քննադատությունից չվախեցող ու համարձակ մասնագետ:

Հանրությունը իհարկե չի մոռացել նրա ու ՀՖՖ-ի միջև բազմիցս եղած տարաձայնությունները: Հավաքականի նորանշանակ մարզիչը ոչ մեկ անգամ է քննադատել ՀՖՖ-ի գործունեությունն ու մոտեցումները: Նա հանդես է եկել հայտարարություններով, որոնցում կասկածի տակ է դրել ֆեդերացիայի որոշումների թափանցիկությունը, նշել, որ ֆեդերացիան խոչընդոտում է տեղական ֆուտբոլի զարգացմանն, ու նրանց որոշումները շատ հաճախ չեն համապատասխանում հայկական ֆուտբոլի իրական կարիքներին, այլ ուղղված են պարզապես կարճաժամկետ նպատակների իրագործմանը:

Այս նշանակմամբ սակայն, տպավորություն է ստեղծվում, որ երկու կողմերը որոշել են «սառեցնել» նախկինում եղած տարաձայնություններն ու գործել հանուն ընդհանուր նպատակի՝ հայկական ֆուտբոլի զարգացման: Նոր մարզիչը վերջապես ստացավ իր կողմից բազմիցս մատնանշված խնդիրները լուծելու հնարավորությունը: Ի՞նչ կարելի է սպասել Մելիքյանից այս իրադարձությունների ֆոնին:

Հաշվի առնելով նրա դավանած փիլիսոփայությունն ու խաղաոճը, կա  տպավորություն, որ պետք է սպասել ավելի կազմակերպված պաշտպանություն, քիչ հարձակվողական խաղով: Նրա նախկին թիմերում շեշտը հենց դրա վրա էր՝ կուռ պաշտպանությամբ ֆուտբոլ, «համեմված» վտանգավոր հակագրոհներով: Նա ավելի պահպանողական դիրքորոշում ունի, այնպես որ որոշ թիմերի դեմ կարող է անգամ «ավտոբուս» կանգնեցնել:

Մելիքյանը քաջածանոթ է ներքին առաջնությանը: Շատ հավանական է այստեղից հրավիրվածների, հատկապես երիտասարդների թվի կտրուկ աճը, հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ վերջին տարիներին քիչ թվով նոր անուններ են հայտնվում հավաքականում:

Չնայած մեծ սպասելիքներին, այս գործընթացում անխուսափելի են նաև խնդիրները: Մելիքյանին հաջողության հասնելու գործում կարող է խանգարել միջազգային փորձի պակասը: Չնայած «Փյունիկի» հետ եվրոպական մրցասպարեզներում ունեցած ելույթներին, պետք է ընդունել, որ հավաքականը լրիվ այլ մակարդակ է, և պահանջում է նոր մոտեցումներ:  Մյուս կողմից պետք է թիրախում պահել նաև երիտասարդ սերնդի զարգացումը՝ գործընթաց, որը ներկայումս մեծ հաշվով «անտեսված» է հայկական ֆուտբոլում:

Հնարավոր խնդիրների մասին խոսում են նաև ֆուտբոլային մասնագետները, մեկնաբաններն ու վերլուծաբանները: Նման գրառում իր տելեգրամյան ալիքում կատարել է Ռոբերտ Գասպարյանը՝ մեկնաբանելով նոր նշանակումը. «Մելիքյան – ՀՖՖ հարաբերությունները ֆանտաստիկ վատ են եղել միշտ: Նախագահի առաջին տեղակալին «սեռի կարդինալ», «Ռուդոլֆ» ասած մարզչին ինչպե՞ս են պատրաստվում աջակցել: Ամեն ինչի կհավատամ, միայն թե ոչ նրան, որ Եղիշե Մելիքյանը փոխել է իր կարծիքը ՀՖՖ ղեկավարների մասին: Չեմ էլ հավատա, որ հակառակ կողմը ի սրտե զղջացել է ու հասկացել է իր սխալը, երբ ժամանակին չգնաց այս քայլին, այլ հավաքականի ղեկը վստահեց այլ մարզչի:

Հավաքականի խնդիրը միայն մարզիչը չէ, հանդերձարանում կա լրջագույն խնդիր, կաստաների, անձերի ու լեզվաընտանիքների բաժանում: Մարզիչ փոխելով երկարաժամկետ հաջողություն չես ունենա, եթե հետևից եկող սերնդի հետ կատարվում է 0 աշխատանք»:

Այսպիսիով, հստակ է, որ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հավաքականից «հրաշքներ» կամ կայծակնային վերելք ակնկալել պետք չէ, բայց նոր շունչ, ներքին մթնոլորտի բարելավում ու երկարաժամկետ նախագծի սկիզբ հիմք հայ ֆուտբոլասերը կարող է սպասել:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ