Եթե նույնիսկ Կովկասում բալանսը ինչ-որ առումով փոխվում է, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի լծակները չեն թուլանում․Արման Գրիգորյան

‹‹Եթե այս պայմանավորվածությունը իրականություն դառնա, տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը կթուլանան, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքում չեն թաքցնում, որ սա առաջին հերթին աշխարհաքաղաքական պրոեկտ է, որի նպատակներից մեկը Ռուսաստանի դիրքերը թուլացնելն է: Այստեղ այլ մեկնաբանություն հնրավոր չէ տալ, ամեն ինչ ակնհայտ է: Զուգահեռաբար ավելի ընդգծվելու է ԱՄՆ-ի ներկայությունը››,-Regions TV-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Արման Գրիգորյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում, այսպես ասած ԱՄՆ նախագահի հովանու ներքո նախաստորագրված խաղաղության համաձայնագրին ու Սյունիքում ճանապարհների ապաշրջափակմանը։
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում եռակողմ բանակցություններից հետո հայտարարեց, որ «Երևանն ու Բաքուն այսպիսով հանձն են առնում ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, ու իրենց հաջողվել է վերջ տալ 37 տարի տևած պատերազմին»։ Թրամփը նաև ասել է, որ շատ երկրն եր են փորձել կոնֆլիկտը, «Ռուսաստանը փորձեց լուծել այն, բոլորը փորձում էին: Շատ դժվար իրավիճակ էր, բայց մենք արեցինք դա»։
Մեկ այլ փաստաթղթով էլ, այսպես ասած՝ Վաշինգտոնի հռչակագրով, սահմանվում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունները բացվում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազորության սկզբունքով։ Այսպիսով Ադրբեջանը Սյունիքով անխոչընդոտ տարանցիկ, ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան։
«Թրամփի ուղի» անունը ստացած տարանցիկ միջանցքի շահագործումն էլ, ըստ էության, պատվիրակվելու է ԱՄՆ-ին։ ԱՄՆ նախագահն ասել է, որ «Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, որը կարող է մինչև 99 տարի ժամկետով երկաձգել, խոստացել են, որ կարող է 99 տարի հետո էլ երկարաձգել։ Մենք ենթակառուցվածքների լուրջ զարգացումներ ենք ակնակալում ամերիկյան ընկերությունների կողմից, որոնք անհամբեր սպասում են մուտք գործել այս երկու երկներ և մեծ գումարներ ծախսել, որը տնտեսական օգուտ կբերի մեր երեք երկրներին»։
Արդյոք Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից և արդյոք այսպիսով Հայաստանն ազատվում է Կրեմլի լծակներից, այս հարցին ի պատասխան Արման Գրիգորյանն ասաց՝ Հայաստանը շարունակելու է կախվածության մեջ մնալ ռուսական կողմից, անգամ դեպքերի նման զարգացման պարագայում․«Սա դեռ չի նշանակում հսյ-ռուսական պայմանագրի չեղարկում, սա դեռ չի նշանակում 102-րդ ռազմաբազայի դուրս բերում Հայաստանից, չի նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալ, կամ Ռուսստանից կախվածության նվազում տնտեսական բազմաթիվ հարցերում: Հետևաբար, եթե նույնիսկ Կովկասում բալանսը ինչ-որ առումով փոխվում է, համարել, որ ՀՀ-ի նկատմամբ Ռուսաստանի լծակները թուլանում են, կարծում եմ ժամանակավրեպ է»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի ճանապարհների վերաբերհալ նույն առաջարկը արել են ՌԴ-ին, սական Կրեմլը հրաժարվել է։ Այս առնչությամբ էլ Գրիգորյանն ասաց, որ պատրաստ չէ միանշանակ ընդունել Փաշինյանի հայտարարությունը, առանց բավարար հիմնավորումների.«Այն, ինչը ասվում էր ՀՀ իշխանությունների, կամ իրենց աջակից քաղաքական ուժերի կողմից, այն էր, որ որևէ այլ երկրի ուժեր Հայաստանում տեղակայվել չեն կարող: Մենք չենք տիրապետում Նիկոլ Փաշինյանի առաջարկի բոլոր դետալներին։ Այնպես որ, հստակ եզրակացություն անել չենք կարող»›:
Վտանգ սպասե՞լ ՌԴ-ից, օրինակ հնարավո՞ր է, որ տնտեսական լծակներ կիրառի, գազը թանկացնի, հայկական ապրանքները ինչ-ինչ պատճառաբանությամբ արգելի ՌԴ արտահանել, Լարսը փակի և այլն։
Այս առնչությամբ Գրիգորյանը նախ նկատեց, որ հիմա ՌԴ-ն պասիվ է մեր տարածաշրջանում հասկանալի պատճառներով, պատերազմի մեջ է, ու ինչպես ասաց քաղաքագետը, «իր ռեսուրսները կիրառում է այլ վայրում՝ խուսափելով այլ բախման օջախներ ստեղծելուց»։
«Որպես շարունակություն այս գործընթացի կարող է 2 բան տեղի ունենալ: Առաջինը՝ ամեն ինչ կարող է ավելի խորանալ: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանը պահանջի ռուսական բազայի դուրս բերում, կամ խզի ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ վերջինս այդ գործընթացին որևէ դիմադրություն ցույց չտա: Չնայած դժվար է դրան հավատալը, բայց այսօր ոչինչ բացառել հնարավոր չէ»,-ասաց քաղաքագետը։
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, ըստ նրա, Հայաստանի համար հղի է բազմաթիվ վտանգներով, ու անգամ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ուղիղ թիրախում:
«Այս տարբերակը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ի՞նչ անվտանգային համակարգում ենք լինելու, ի՞նչպես է ապահովվելու Հայատանի անվտանգությունը, հատկապես այն դեպքում, երբ մենք դեռ չլուծված խնդիրներ ունենք մեր հարևանների հետ: Վաշինգտոնում տեղի ունեցածը դեռ խաղաղություն չի երաշխավորում, Ադրբեջանը շարունակաբար ասում է, որ պահանջներ ունի Հայաստանից, անգամ պայմանագրի սահմաններից դուրս»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ որևէ նախադրյալ չկա, որ արևմուտքը մեզ անվտանգային երաշխիքներ կտրամադրի։
Գրիգորյանի կարծիքով՝ մյուս տարբերակն էլ Մոսկվայի դիմադրությունն է Վաշինգտոնյան պայմանավորվածություններին, և այս դիմադրությունը կարող է շատ տարբեր ձևեր ընդունել․«Եթե անգամ շատ կոշտ միջոցների չդիմի, պետք է ընդունել, որ նրանք իսկապես շատ լուրջ տնտեսական լծակներ ունեն Հայաստանի հետ հարաբերություններում: Հայաստանը կարող է հայտնվել շատ լուրջ տնտեսական ճնշման տակ, դառնալ գործողությունների թիրախ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության դեմ››։
Մեր անմիջական հարևան Իրանը ողջունել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, այդուհանդերձ, մտահոգություն է հայտնել «Թրամփի ուղու» առնչությամբ։ Իրանի առանձին պաշտոնյաներ շատ կոշտ են արտահայտվել, տեղ-տեղ՝ սպառնալիքներով։ «Իրանը կկանխի ամերիկյան միջանցքի կառուցումը Կովկասում՝ Ռուսաստանի հետ կամ առանց նրա, քանի որ այս միջանցքը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և փոխում է դրա աշխարհաքաղաքական քարտեզը»,- ասել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականը։
Իրանի նախագահն ասել է, որ «տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս Իրանի ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել»։
Գրիգորյանի համար զարմանալի է, որ Իրանից իրար հակող ուղերձներ են լսվում՝ ‹սպառնալիքների լեզվով են խոսում երկրի իսլամական ուժերը, իսկ նախագահն ու արտգործնախարարը հանդես են գալիս ավելի մեղմ հայտարարություննրով․«Եթե նույնիսկ պատկերացնենք, որ ավելի կոշտ արձագանքի կողմնակիցները գտնվում են ավելի դոմինանտ դիրքերում, միևնույն է, բարդ է այդ սպառնալիքները արժանահավատ համարել: Կարծում եմ, որ հատկապես առանց Ռուսաստանի հետ համագործակցության, առանց նրանց հետ կորդինացնելու, Իրանը միակողմանի կերպով կոշտ քայլեր չի ձեռնարկի»:
Նիկոլ Մարգարյան