Էմմա Բեգիջանյան. Երևանի բանակցությունների ընթացքում Թեհրանի մտավախությունները լիովին չփարատվեցին

Սյունիքով անցնող «Թրամփի ուղու» վերաբերալ Իրանում անհանգստություն կա։ Չնայած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երևանյան այցի ժամանակ երկու երկրների միջև հուշագրեր ստորագրվեցին տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ, այդուհանդերձ, Իրանը դեռևս մտահոգություններ ունի։
Որպես նախագահ առաջին անգամ ժամանելով Երևան՝ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է, որ Իրանի համար խաղաղությունը Կովկասում ստրատեգիական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակացություններին: Այդուհանդերձ, Փեզեշքիանին շեշտել է․«Տարածաշրջանում պետք է ղեկավարումը լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերությունների տարածաշրջանի իրավիճակն ավելի է բարդացնում»։
Վերլուծելով հայ-իրանական հարաբերությունների նոր փուլը, իրանագետ Էմմա Բեգիջանյանը RegionsTV-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի նախագահի այցը Հայաստան պետք է գնահատվի որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման հաստատում։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Իրանի միջև բանակցություններն ընթացել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման շուրջ, և արդյունքում կողմերը ստորագրել են համագործակցության 10 համաձայնագիր, հիմնականում մշակույթի, զբոսաշրջության, ոլորտներում, չնայած նշվել են նաև քաղաքական և արդյունաբերական ոլորտները․«Սակայն վերջին հարցի վերաբերյալ պարզություն չկա, բացառությամբ Ագարակ-Կապան ճանապարհի շինարարության, որն արդեն ընթացքի մեջ է։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է, որ ստորագրված համաձայնագրերը կլրացնեն նախկինում չիրականացված համաձայնագրերի ցանկը»։
Իրանագետը նշեց, որ Փեզեշքիանի այցը Երևան նախատեսված էր մինչև օգոստոսի 8-ը, ուստի չպետք է կապել Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի հետ, սակայն վերջին իրադարձությունները այցին ավելի մեծ նշանակություն են հաղորդել, հատկապես հաշվի առնելով, որ դրանք չափազանց լայն արձագանք են ստացել Իրանում, թեև՝ երկիմաստ։
«Իրանի կառավարությունը, հաշվի առնելով հայկական կողմի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ-ն է վերահսկելու ճանապարհը, ՀՀ-ն կապահովի անվտանգությունը հայ-իրանական սահմանին, «Թրամփի ուղու» մասին շատ խիստ չի խոսել, այլ միայն մտահոգություն է հայտնել իր սահմանի մոտ ԱՄՆ ներկայության վերաբերյալ, որը պետք է քննարկվեր Հայաստանի ղեկավարության հետ։ Թեհրանը, ընդհանուր առմամբ, ջանքեր է գործադրում ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ 44-օրյա պատերազմից հետո, և, ընդհանուր առմամբ, այցը պետք է դիտարկել այս համատեքստում»,-ասաց Բեգիջանյանը։
Նրա խոսքով՝ այն փաստը, որ այցը տեղի ունեցավ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական համաձայնագրից նախաստորագրումից հետո, ոչ միայն մեծացրեց դրա նշանակությունը, այլև, թերևս, այն դարձրեց կողմերի միջև բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը։ Սակայն, այս պահին դա որևէ փոփոխության չի հանգեցրել երկու երկրների միջև հարաբերություններում։
Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ եթե փոփոխություններ տեղի ունենան, դրանք ավելի շուտ կվերաբերեն Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, հաշվի առնելով, որ համաձայնագիրը, ինչպես նշում է Բաքուն, ստորագրվել է վերջինիս պահանջները ապահովելու հիման վրա, չնայած որոշ իրանցի վերլուծաբաններ մեղադրում են նաև Հայաստանին։
«Իրականում, ինչպես նշում են Բաքվի լրատվամիջոցները և փորձագետները, Բաքուն, ստանալով այն, ինչ կարող էր պահանջել Ռուսաստանից, այժմ դիմել է Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, որտեղից էլ բավարարում է իր մյուս պահանջները։ Հնարավոր է՝ սա է պատճառը, որ Ուիթկոֆը (ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ) այս տարվա մարտին Մոսկվայից եկավ Բաքու՝ այս հարցը քննարկելու համար։ Դրանից հետո Թրամփի թիմից Արյեհ Լայթսթոունը հինգ անգամ այցելեց Բաքու և Երևան՝ խնդիրը լուծելու համար։ Նա Նեթանյահուի մտերիմներից մեկն է»,-ասաց իրանագետը։
Բեգիջանյանի խոսքով՝ իրանական կողմի արձագանքը երկիմաստ է՝ սկսած ամենախիստ քննադատությունից մինչև իրավիճակը որպես հնարավորություն գնահատելը, սակայն, հաշվի առնելով Փեզեշքիանի գրառումը X-ում, Թեհրանի մտահոգությունները երևանյան բանակցությունների ընթացքում ամբողջությամբ չփարատվեցին։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը X-ի միկրոբլոգում գրել է․«ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության համոզմունքը կայանում է նրանում, որ պետք է պահպանվեն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և շարունակվեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։ Մեր մտահոգությունները ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լիովին փարատվեն»։
Բեգիջանյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Բաքուն տարբեր մակարդակներում ընդգծում է, որ իր բոլոր պահանջները կատարվել են․ համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանը ստանում է դեպիՆախիջևան անխոչընդոտ ճանապարհ։
«Նա դեռ այն չի անվանում «Թրամփի ուղի»։ Նրա համար դա «Զանգեզուրի միջանցքն» է և վերջ։ Ուղղակի 5 կիլոմետր լայնությամբ ճանապարհը դժվար է պատկերացնել, եթե անգամ այդտեղով անցնեն նավթատար, գազատար, երկաթգիծ, ավտոմայրուղի եւ այլն՝ յուրաքանչյուրը 20 մետր եւ ավելի լայնությամբ էլ, հազիվ 500 մետր հարկավոր լիներ։ Անշուշտ, իրանցիների մոտ հարց է առաջանում՝ մնացած տարածքն ի՞նչ նպատակով է կիրառվելու։ Իհարկե, Իրանը սկզբից ի վեր բազմիցս հայտարարել է, որ կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, եթե այն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»,-ընդգծեց փորձագետը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց իրանագետը, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ով առաջինը շնորհավորեց Բաքվին, Հայաստանին և Թրամփին, նույնպես ուղղակի կամ անուղղակի դեր է խաղացել «Թրամփի ուղու» գործում՝ որոշում, որը մտահոգում է Թեհրանին։ Իրանցի վերլուծաբանները չեն բացառում, որ Իսրայելը կարող է սա օգտագործել Իրանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ»։
Բեգիջանյանը նաև հավելեց, որ պաշտոնական այցի ընթացքում Իրանի նախագահը հանդիպել է հայ իրանագետների հետ, ասաց, որ այդ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։
«Ներկաներից մի քանիսը խոսել են Հայաստանում իրանագիտության պատմության և խնդիրների մասին։ Երևանի պետական համալսարանի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, իր փայլուն պարսկերենով, ընդգծելով երկու երկրների միջև կրթական և մշակութային հարաբերությունների կարևորությունը, ներկայացրել է այս ոլորտում ձեռնարկված քայլերը։ Բացի այդ, պարսկերենի ուսուցիչները խոսել են Հայաստանի 21 դպրոցներում պարսկերենի դասավանդման մասին։ Նախագահը գոհունակությամբ լսել է ելույթները։ Իր ելույթում, նախքան ռազմավարական հարցերին անցնելը, նա մեծ նշանակություն է տվել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակին։ Նա ընդգծել է, որ ջանք չի խնայի նոր և նախկինում ստորագրված համաձայնագրերը կյանքի կոչելու համար։ Փեզեշքիանը նաև խոսել է իրանահայերի և այս համայնքի նկատմամբ իր սիրո մասին»,-ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Զաբելա Ավագյան