Ադրբեջանում թալիշերենին անհետացում է սպառնում | Region

Ադրբեջանում թալիշերենին անհետացում է սպառնում

Փետրվար 27,2024 21:30

– Ինչ է տեղի ունեցել Լենքորանում մայրենի լեզվի միջազգային օրը:

– Ադրբեջանի Թալիշների Հանրային խորհրդի հայտարարությունը թալիշների նկատմամբ ճնշումների մասին:

– Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բոլոր իրավունքների ոտնահարում:   

«Ժողովրդի անմահությունը նրա լեզվի մեջ է». Էթնոսի լեզուն օգնում է պահպանել պատմությունն ու մշակույթը, ավանդույթներն ու կենցաղավարությունը: Լեզվական և մշակութային բազմազանությունը խթանելու նպատակով 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանում սահմանվել է մայրենի լեզվի միջազգային օր, որը նշվում է փետրվարի 21-ին: ՄԱԿ-ը հավանություն է տվել և պետություններին կոչ է արել նպաստել ժողովուրդների լեզուների  պահպանմանը: Ամեն տարի Մայրենիի օրվա տոնակատարությունների շրջանակներում ամենուր տեղի են ունենում տարբեր միջոցառումներ՝ ուղղված անհետացման եզրին գտնվող բոլոր լեզուների պաշտպանությանը:

2024 թվականին, ինչպես միշտ, մայրենի լեզվի միջազգային օրը ամբողջ աշխարհում կազմակերպվեցին խոսքի ինքնության պաշտպանության ակցիաներ։ Սակայն Ադրբեջանում խոչընդոտել են թալիշերենին նվիրված միջոցառման անցկացմանը։

Ըստ Ադրբեջանի 2009 թվականի մարդահամարի՝ թալիշների թիվը կազմել է 112 հազար մարդ։  Սակայն, ըստ որոշ գնահատականների, թալիշ բնակչության ընդհանուր թիվը հանրապետությունում հասնում է 500 հազարի։  Ադրբեջանի կրթության նախարարության ծրագիրը, որով տարրական դպրոցում թալիշերենի դասեր են անցկացվում թալիշների գերակշռությամբ շրջաններում, գործնականում ձևական բնույթ է կրում: Միջազգային ուսումնասիրությունների համաձայն, եթե ժողովրդի երեխաների 70 տոկոսը չի սովորում մայրենի լեզուն, ապա այդ լեզվին սպառնում է անհետացում: Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա ապագայում նման ճակատագիր կարող է ակնկալել նաև թալիշերենը։  Ադրբեջանի թալիշների Հանրային խորհուրդը տարիներ շարունակ դիմում է Ադրբեջանի իշխանություններին՝ կապված թալիշերենի վիճակի և պետության կողմից միջազգային մակարդակով ստանձնած պարտավորությունների համաձայն միջոցներ ձեռնարկելու հետ: Սակայն, խորհուրդը ոչ մի դիմումի պատասխան չի ստացել։

Օրերս Լենքորանում մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում անցկացնել ցանկացող թալիշները բախվեցին ոստիկանական արգելքի: Կազմակերպիչներից Քենուլ Ռասուլը Մեյդան-ին հայտնել է, որ Լենքորանում արգելել են մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառման անցկացումը:

Քենուլ Ռասուլը նշել է, որ միջոցառման անցկացումը նախատեսված էր մեկ ամիս առաջ: Դրանից մեկ օր առաջ ոստիկանության Լենքորանի քաղաքային վարչության ոստիկանության ծառայության պետի տեղակալ Իլթիֆաթ Յուսիֆովը առանց բացատրության խոչընդոտել է միջոցառման անցկացմանը:

“Իր երկրում ապրող ժողովրդին արգելվում է միջոցառումներն անցկացնել մայրենի լեզվով։  Արդյոք ես իրավունք չունեմ միջոցառում անցկացնել մայրենի լեզվով:”,- հայտարարել է Քենուլ Ռասուլը։

Ոստիկանության կողմից մայրենի լեզվով բանաստեղծություններ կարդացող թալիշ կանանց միջոցառման արգելումը և միջոցառումը անցկացնելու մտադրություն ունեցող հաստատության ղեկավարի հասցեին ոստիկանության կողմից հնչեցված սպառնալիքները Ադրբեջանում թալիշերենի նկատմամբ ոտնձգությունների և հալածանքների վառ օրինակ են:

Իր հերթին Ադրբեջանի թալիշների Հանրային խորհուրդը դատապարտել է Լենքորանում երեխաների համար միջոցառման արգելքը և հանդես եկել հայտարարությամբ. «Ժողովուրդներն ու էթնոսները, որոնց մայրենի լեզուները ճնշման տակ են, այս օրը նշում են հատուկ ձևով։ Ադրբեջանում թալիշերենը նույնպես այն լեզուների շարքում է, որոնք ճնշման տակ են գտնվում աշխարհում՝ իր կարգավիճակի, ավելի ճիշտ ՝ կարգավիճակ չունենալու պատճառով»։

Հանրային խորհուրդը հայտարարել է, որ թալիշերենը բռնաճնշումների է ենթարկվել նաև խորհրդային իշխանության օրոք: Սակայն ԽՍՀՄ վերջին տարիներին փոքրիկ քայլեր են ձեռնարկվել թալիշերենի դասավանդումը, այդ լեզվով տպագրությունն ու ռադիոհեռարձակումը վերականգնելու ուղղությամբ։  Թեև Ադրբեջանի Հանրապետության անկախության շրջանում թալիշերենի պահպանման և զարգացման հետ կապված բնական իրավիճակի վերականգնման հույս կար, սակայն դա տեղի չունեցավ:

Կազմակերպությունը թալիշերենի նկատմամբ ներկայիս վերաբերմունքը համեմատել է ստալինյան ժամանակաշրջանի ճնշումների հետ: «Ադրբեջանական կառավարության քաղաքականությունը նախատեսված է մեր լեզվի ուծացման և լիակատար ոչնչացման համար: Ադրբեջանի կառավարության ծայրահեղ ազգայնական քաղաքական կուրսն ուղղված է ոչ թուրք ժողովուրդների ձուլմանը, մեր երկրում մոնոէթնիկ կառուցվածքին»։

Ի դեպ, Ադրբեջանում շարունակվում է լեզգիների, ավարների, ցախուրների, բոլոր բնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարումը, անփոփոխ է մնում նրանց ուծացման և ժողովուրդների դուրս մղման ուղեգիծը։  Այսօր էթնիկ փոքրամասնությունների գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական և կրոնական առաջնորդները գտնվում են քաղաքական արտաքսման մեջ կամ բանտերում։

Խորհրդային տարիներին բռնի կերպով հայաթափվեց Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հենց տարածաշրջանի հայերի իրավունքների ոտնահարումն էր, որոնց վտարում էին և ամեն կերպ պայմաններ ստեղծում նրանց ուծացման համար:

Վերջին իրադարձություններից հետո, երբ Արցախի բնակչությունը ստիպված եղավ լքել իր հայրենիքը 2023թ. աշնանը, շուտով հարց կառաջանա Ադրբեջան անունով արհեստական կազմավորման իրավաչափության վերաբերյալ, որը ստեղծվել է 1918թ. Թուրքիայի կողմից, իսկ այնուհետ աջակցություն ստացել Անգլիայի և բոլշևիկների կողմից: Հենց բոլշևիկներն են քաղաքական նկատառումներից ելնելով Ադրբեջանին նվիրել Նախիջևանն ու Արցախը, որն իր անունը կրում է Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակներից։  Թուրքերը Ալթայից այս տարածք են եկել միայն X-XI դարերում։  Մարդկության պատմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և քաղաքական նպատակներով կեղծ պատմական քարոզչությամբ զբաղվելը ի սկզբանե դատապարտված է ձախողման։  Ճշմարտությունը թաքցնել տեղեկատվական դարաշրջանում անհնար է։ Եվ ցանկացած նման ակցիա միայն կխոչընդոտի ժողովուրդների միջև նորմալ մարդկային երկխոսությանը։

 

                                                                                     Զաբելա Ավագյան

Նորություններ