«Վարչապետը սխալ բան չի ասել». Թորոսյանն անդրադարձավ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը, «սպառնաց» լրագրողներին ու հեռացավ | Region

«Վարչապետը սխալ բան չի ասել». Թորոսյանն անդրադարձավ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը, «սպառնաց» լրագրողներին ու հեռացավ

Սեպտեմբեր 04,2025 15:31

«Ես երբեք որևէ մեկի սև ցուցակում չեմ եղել, դա ձեր վառ երևակայությունն է հիմա և միգուցե նախկինում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով հարցին՝ դուք Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում էիք, ինչպե՞ս եք նշանակվել։

Ինչ վերաբերում է նախարարությունում կադրային փոփոխություններին, Թորոսյանն ասաց․«Կադրային փոփոխություններ ընթացիկ միգուցե կլինեն, օրենքով սահմանված կարգով կա վերանշանակման գործընթաց, այս պահին նման ինֆորմացիա չեմ կարող կիսվել»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը, նախարարը պատասխանեց․«Վարչապետը կառավարության ղեկավարն է, և այո, վարչապետն է ներկայացնում կառավարության դիրքորոշումը, կարևորագույն գրեթե բոլոր հարցերում, մենք էլ՝ մեր ոլորտային հարցերում: Մենք քվեարկում ենք օրենքներ, կառավարության որոշումներ և դրանով մասնակցում ենք այդ որոշումների կայացմանը, որոնք ի դեպ մշակվում են, նոր են հասնում կառավարության նիստին»։

Թորոսյանի ներկայացմամբ՝ մինչև համապատասխան քննարկումները, կառավարության ներկայացուցիչները, պատգամավորներն իրենց դիրքորոշումներն արտահայտում են․«Փոփոխություններ ենք անում, շատ բաներ չեն հասնում կառավարություն, այդ թվում՝ մեր դեմ լինելու պատճառով: Դա առողջ աշխատանքային գործընթաց է և վարչապետը որևէ սխալ բան չի ասել»։

Ինչ վերաբերում է Լիպարիտ Դրմեյանի պաշտոնանկությանը, ապա Թորոսյանն ասաց, որ չի ճանաչում նրան:

Լրագրողները հիշեցրեցին՝ նա վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր, որը ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման մասին ասել էր՝ «պարտադիր է կատարման կառավարության կողմից», ինչից հետո էլ նրան վարչապետն ազատել է աշխատանքից, Թորոսյանը հայտարարեց. «Ես չգիտեմ Լիպարիտ Դրմեյանին, չգիտեմ ինքը ինչի համար է ազատվել և ժողովուրդ ջան, ունա՞կ եք լսելու պատասխանը, թե՝ չէ։ Երբ որ հարց եք տալիս, թույլ տվեք մինչև վերջ պատասխանեմ, թե չէ էլ չեմ անի ընդհանրապես»:

Լրագրողները խնդրեցին չսպառնալ։

«Կսպառնամ։ Սովորեք աշխատել, հարգելի գործընկերներ»,-արձագանքեց Թորոսյանն ու հեռացավ:

Նորություններ