«Եթե կառավարությունում իմ դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ունեցող մարդիկ կան, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան»․Փաշինյան | Region

«Եթե կառավարությունում իմ դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ունեցող մարդիկ կան, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան»․Փաշինյան

Օգոստոս 28,2025 14:56

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի պահ զայրացավ, երբ ՀԷՑ-ի վերաբերյալ հարց հնչեց։

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը չի կատարելու Ստոկհոլմի արբիտրաժի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը, քանի որ կառավարությունը հենց ինքն է ընդունում, որ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման։

Ի պատասխան Փաշինյանը հարցրեց՝ ո՞վ է ասել․«Ով նման դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա։ Ես բացարձակապես նման դիրքորոշում չեմ հայտնել։ Կառավարությունը ես եմ։ Չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Կառավարությունում եթե կան մարդիկ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան։ Եթե ոչ՝ ես ինքս նրանց կհանեմ»։ Ապա Փաշինյանը պնդեց՝ արբիտրաժային դատարանում ՀՀ կառավարությունը հաղթել է։

Հիշեցնենք, որ «Ազատությունը» գրել էր, որ «․․․Իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից «Ազատությանը» փոխանցած միակ տեղեկությունն այն է, որ արբիտրի որոշումը ենթակա է կատարման»։

Իսկ News.am-ը հղում անելով իր աղբյուններին, գրել էր, թե «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ ստոկհոլմյան հրատապ աբիտրաժի որոշումից հետո ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի պաշտոնավարումը պետք է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար»:

Իսկ Միջազգային իրավական հարցերով գրասենյակը հայտարարել էր․ «Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ»։

Նորություններ