«Քարաբերդի ոսկու հանքի շահագործման դեպքում ամբողջ Վանաձորը կհայտվի ազդեցության գոտում»․ Օլեգ Դուլգարյանը ավագանուն կոչ է անում դեմ քվեարկել որոշմանը

«Վերջին չորս տարում 12 անգամ լսումներ են եղել, և բնակիչները հիմնականում միշտ դեմ են արտահայտվել։ Դա արդեն խոսում է այն մասին, թե ինչպիսին է բնակիչների դիրքորոշումը: Մասնավորապես Քարաբերդ գյուղի բնակիչները ունեն հստակ դիրքորոշում․ նրանց տարածքներում արդեն մեկ հանքավայր կա, և ևս մեկը նրանք չեն ցանկանում»,-RegionsTV-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը՝ ներկայացնելով Քարաբերդում ոսկու հանքավայրի հնարավոր շահագործման վերաբերյալ հանրային լսումների արդյունքներն ու համայնքի բնակիչների դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Քարաբերդում ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման և երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային վերջին լսումները, կարելի է ասել, ձախողվել են։ Հարցը հիմա ներառվել է ավագանու սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգ։
Ավագանու նիստից առաջ Օլեգ Դուլգայանը ֆեյսբուքյան գրամամբ ավագանու անդամներին կոչ է արել դեմ քվեարկել որոշմանը, և պաշտպանել սեփական համայնքի և բոլոր բնակավայրերի սոցիալ-էկոլոգիական իրավունքները։
Դուլգարյանի պնդմամբ՝ հանրային լսումները օգտագործվում են որպես ճնշման գործիք, ինչն էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում տեղական ժողովրդավարության հետ կապված․«Համայնքի բնակիչների կարծիքը անտեսվել է վաղուց, նրանց կարելի է ասել այլևս հարցնող էլ չկա։ Հիմա տեղական իշխանություններ-գիտակից հասարակություն դիմակայությունն է։ Մի ամիս առաջ թվով 23 ՔՀԿ-ներ հայտարարություն էին տարածել Փամբակում հակաժողովրդավարական բարքերի վերաբերյալ»։
Իրավապաշտպանը վստահեցրեց՝ եթե անգամ ավագանու նիստում, քվեարկության արդյունքում որոշումը հաստատվի, այն վիճարկվելու է, քանի որ դրա հիմքում դրված են համայնքի ղեկավարի կողմից անօրինական կերպով կասեցված հանրային քննարկումների արձանագրությունները․«Եթե անգամ դրական որոշում կայացվի, դա կլինի մինչև այս եղած անօրինական քննարկումների շարունակությունը։ Մենք արդեն անցել ենք այն ռուբիկոնը, որտեղ կարևոր էր համայնքի բնակիչների կարծիքը։ Այստեղ արդեն մի կողմում ՏԻՄ-ն ու այս ամենը նախաձեռնողներն են, մյուս կողմում այն հատուկենտ մարդիկ ու ՔՀԿ-ները, որոնք փորձում են դիմակայել այս հակաժողովրդավարական պրոցեսներին»։
Դուլգարյանի կարծիքով՝ ավագանու որոշ անդամների հետ աշխատանքների ու քնարկումների արդյունքում հնարավոր կլինի մտափոխել նրանց։ Հենց այդ ներքին վստահությամբ է նա պայմանավորում նաև այն փաստը, որ հարցը հերթական անգամ բերվել է ավագանու օրակարգ․«Երբ Քարաբերդ գյուղում բնակիչները դեմ էին արտահայտվում որոշմանը, կամ բոյկոտում էին լսումները, դրանից հետո մի խումբ անհայտ մարդիկ մտնում էին գյուղ, և բնակիչների հետ որոշակի աշխատանքներ էին տանում, հացկերույթներ էին կազմակերպում, կամ բարեկամների միջոցով փորձում էին համոզել բնակիչներին փոխել իրենց որոշումը։ Ճիշտ է մտավախություն կա, բայց կարծում եմ ավագանին, որպես համայնքի պատասխանատու պաշտոնյա, իր որոշումը կայացնելիս կառաջնորդվի նախորդ ձախողված 12 լսումների արդյունքներով»։
Քարաբերդում ևս մեկ հանքավայրի շահագործումն, ըստ բնապահպանի, աղետալի կլինի, քանի Քարաբերդում արդեն իսկ ոսկու մեկ հանքավայր կա․« 2022 կամ 2023 թվակզններին այնտեղ իրականացված օրգանական և բիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել տեղի գյուղատնտեսական հողերում, ինչպես նաև մարդկանց օրգանիզմում ծանր մետաղների և քիմիական տարրերի բարձր կոնցենտրացիաներ։ Բնականաբար, այդ տարածքում հանքերի ընդլայնումը ավելի կխորացնի արդեն իսկ եղած խնդիրներըը։ Կկասեցնի և՛ համայնքի, և՛ գյուղի զարգացման շարունակականությունը կանաչ տնտեսությունների կառուցման և զբոսաշրջության զարգացման առումով։ Ամենակարևորը, հանքերը, որոնք ուզում են շահագործել ընդամենը 1 կամ 1.5 կիլոմետր են հեռու Վանաձոր քաղաքի «Արցախ» պուրակից։ Շահագործման պարագայում, ազդեցության գոտում հայտնվելու է ամբողջ քաղաքը։
Նիկոլ Մարգարյան