2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Փաշինյանի հետ կապի մեջ էինք,փորձում էինք համաձայանցնել մեր գործողությունները․Շահրամանյան

«Արցախի խնդրի վերաբացումն ու արցախցիների վերադարձի հարցը համահայկական հարց է, մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնսեսուս, որը ցավոք չկա։ Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից, իր սրբութոյուններից։ Մենք համարում ենք, որ վաղ, թե ուշ այս հարցը պետք է համապատասխան գնահատական ստանա»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, որն այցելել էր Եռաբլուր զինորական պանթեոնում 2023 սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու։
«Երկրորդ տարին է՝ գալիս ենք Եռաբլուր ու հարգանքի տուրք մատուցում զոհվածներին, ովքեր առաջինն են ընդունել Ադրբեջանի ագրեսիայի հարվածը և ապահովել մեր բնակչության անվտանգությունն ու հնարավորություն են տվել ինչ-որ չափով խաղաղ դուրս գալ»,-ասաց Շահրամանյանը։
Անդրադառնալով պատմության դասագրքում տեղ գտած դրվագին, որտեղ նշվում է ԼՂ-ն լուծարելու Շահրամանյանի հրամանագիրը, վերջինս ասաց, որ իրավական ճանապարհով վիճարկում են խնդիրը, պատմությունը խեղաթյուրվել է։ Հարցին՝ ո՞րն է կեղծիքը, եթե տեղ գտներ, որ հետո չեղյալ եք հայտարարել հրամանագիրը, արդյոք կբավարարեր ձեզ, Շահրամանյանը պատասխանեց․«Դա չի արտացոլում իրականությունը, մեր նպատակն այն է որ մեր սերունդները իրական պատմությունն իմանան։ Դատական պրոցեսի ընթացքում ներկայացնենք անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները»։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունն ասում է, որ Եվլախում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից հետո է Արցախի հարցը փակվել է, Շահրամանյանը պատասխանեց․«Ես Եվլախի հանդիպմանը չեմ եղել, երբևիցե Եվլախում չեմ եղել, Եվլախում փաստաթուղթ չի ստորագրվել, այդ հանդիպումը միայն հումանիտար բնույթ էր կրում»։
Մեկ էլ հարցի էլ՝ եթե երկու տարի առաջ համապատասխան օգնություն ցուցաբերվեր Արցախին, կդիմակայե՞ր Արցախը, Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել․«Այս պահին ցանկալի չեմ համարում այդ մասին խոսել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է իրեն, որ չի մտադրվում օգնություն ցուցաբերել Արցախին, Շահրամանյանը պատասխանեց, որ Փաշինյանն իրեն չի տեղեկացրել այդ մասին, բայց նրանք միշտ կապի մեջ են եղել․«Փորձում էինք համաձայանցնել մեր գործողությունները, տարբեր հարցեր ենք քննարկել, հիմնակում հայտարարությունների, որոշումենրի հետ կապված»։
Ասաց, որ հիմնականում ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի միջոցով գերիների հարցն էին փորձում կարգավորել։
2023-ի ագրեսիայի հետևանքով, ինչպես ասաց Շահրամանյանը, զոհված ու Արցախում հուղարկավորված 66 մեր հայրենակիցների աճյունների տեղափոխման հարցը դեռևս չի լուծվում։ Դեռ երկու տարի առաջ, ըստ նրա, առաջարկել է, որպեսզի արտաշիրիմում իրականացվի և նրանց աճյունները տեղափոխվեն ՀՀ, հուղարկավորվեն Եռաբլուրում․«ՀՀ իշխանությանն ու Բաքվի ներկայացուցիչներին ենք դիմել, նախնական համաձայանություն ենք ստացել, բայց մինչ օրս այդ գործընթացը չի իրականացվել, ինչպես նաև պետք է գործընթաց տեղի ունենար գերեվարված անձանց վերադարձի հետ կապված, անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Ցավոք, խնդիրը համապատասխան լուծում չի ստացել»։
Լրագրողները հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ ԼՂ հարցն օգտագործվել է որպես թոկ, որպեսզի ՀՀ-ն գոյություն չունենա»։ Այս առնչությամբ Շահրամյանն ասաց՝ Արցախի ժողովուրդը վճարել է ամենաբարձր գինը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն այսօր գոյություն ունենա։
Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանի կողմից իբրև թե ահաբեկչություն կազմակերպելու մասին Բաքվի տարածած այս տեղեկություններին էլ անդրադառնալով, Շահրամանյանն ասաց, որ Կարեն Ավանեսյան անուն ազգանուն մարդ, իրոք կա․«Բայց միջադեպի վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ շատ քիչ տեղեկություններ կան։ Բայց եթե դա տեղի է ունեցել, դա նշանակում է, որ նրան հասցրել են, որ նման քայլի գնա»։