Արևիկ Պետրոսյան․Ակնհայտ է, որ Կարեն Ավանեսյանի՝ ադրբեջանցիների վրա «հարձակումը» բեմականացված է․ Ստեփանակերտում մնացած հայերը չեն կարող իրենց տարածքից դուրս գալ, պարետային ժամ է սահմանված

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե իբր արցախցի Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտում ահաբեկչություն է ծրագրել, Հայաստանում կասկածներ է առաջացրել՝ բացի այն, որ ադրբեջանական աղբյուրներն անվստահելի են, արժանահավատ չէ նաև հրապարակված տեսանյութը։
Տեսանյութի ու նրա անվան հրապարակումից հետո որոշ արցախցիներ նրան անմիջապես ճանաչելուց հետո սոցիալական ցանցերում նրա մասին գրառումներ էին անում, նշելով՝ Կարենն ընդունակ չէ ահաբեկչության։
Կարենի հարևանը՝ Արայիկ Ստեփանյանը նշել է, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Արայիկը Կարենին ճանաչում է շուրջ 25 տարի։ «Նա անընդհատ քայլում էր և ինքն իրեն խոսում։ Անհնար է, որ Կարենը կարողանար զենք պահել կամ իմանար, թե ինչպես օգտագործել այն»,-ասել է հարևանը։
Վարդան Դադունցը Ֆեյսբուքում գրել է, որ Կարեն Ավանեսյանը սովորել է Կապանի շինարարական քոլեջում և այն ավարտել գերազանցությամբ։
2023 թվականի աշնանը Արցախի հայաթափումից հետո, ոչ պաշտոնական տվյալներով 15 հայեր մնացել են Արցախում: Կարենը նրանցից մեկն է։
Ըստ ադրբեջանական ուժայինների՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը Կալաշնիկովի ինքնաձիգով, 5 նռնակներով փորձել է մոտենալ այն Ստեփանակերտի կոնտրոնում անցկացվող մի միջոցառման վայրին, որին մասնակցում էր Ալիևը։ Ըստ նույն աղբյուրի, իբրև թե ոստիկանները կանխել են «ահաբեկչությունը», Կարենը դիմադրել է, իբր թե «կրակ բացել, նռնակներ նետել, իրավապահներն էլ պատասխանել են, Ավանեսյանը վիրավորվել է»։ Ադրբեջանական կողմն օրեր առաջ հայտնել է, որ Ավանեսյանն այժմ բժիշկների հսկողության տակ է՝ ձերբակալվածի կարգավիճակում:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, իբր թե կանխված «ահաբեկչությունից», տեսանյութում մի տղամարդ քաղաքի արվարձանում ուսապարկով քայլում է, ըստ Բաքվի իրավապահների, նա փորձել է «զինված պրովոկացիա» անել։ Նույն տեսանյութում տղամարդը, որը, ըստ Բաքվի, Կարեն Ավանեսյանն է, ազատ քայլում է փողոցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ստեփանակերտում մնացած հայերի մասին պատմող տեսանյութում երևում է, թե ինչպես է Կարենը կերակրում կատուներին։ Բացի այս, Հետաքննող լրագրող Լինդսի Սնելին ևս պատմել է, որ Կարենը մշտապես կերակրում էր կատուներին, պայուսակների մեջ կեր էր լցնում ու հասցնում կատուներին. «Կարենը երկու պայուսակներով քայլում էր քաղաքում, կերակրում կատուներին,ադրբեջանցիները Կարենին տեսնելիս՝ ծիծաղում էին»։

Արևիկ Պետրոսյան
Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը Ստեփանակերտում աշխատանքի գնալու ճանապարհին երբեմն հանդիպում էր Կարենին, նրա տան մոտով էր անցնում։ RegionsTV-ի հետ զրույցում Արևիկ Պետրոսյանը ևս նշեց՝ Կարենը հոգեկան առողջության խնդիր ունի, նա չէր կարողանում կենտրոնանալ որևէ գործի վրա։
«Նա ինքնամփոփ էր, չշփվող, և միակ բանը, որ կարող էր անել, կատուներին կերակրելն էր, ինչն էլ նա անում էր Ստեփանակերտում։ Ասել, որ այս մարդը, ով միայն կատուներին կերակրել գիտի, կազմակերպել է ինչ-որ ահաբեկչական հարձակում, աբսուրդ է։ Կարծում եմ՝ որոշ ադրբեջանցիների մոտ կենդանական բնազդներն են արթնացել։ Այդպես էր 2020 թվականին Հադրութում. երկու տարեց մարդիկ և նրանց որդին, որը հոգեկան առողջության խնդիրներ ուներ, մորթել են ադրբեջանցիները։ Նույնը 2021 թվականին, երբ մի ադրբեջանցի, անցնելով երեք խաղաղապահ դիրքերով, եկել և հանգիստ կրակել է 23 տարեկան երիտասարդի վրա, որը վերանորոգում էր գազատարը, ապա նույնքան հանգիստ անցել է Շուշիի այդ նույն երեք դիրքերով։ Եվ, հավանաբար, այդ կենդանական բնազդները կրկին արթնացել են՝ սպանել հայի, հարձակվել այս խեղճ, անվնաս Կարեն Ավանեսյանի վրա, մահացու վիրավորել նրան, հավանաբար նույնիսիկ սպանել են։ Հնարավոր է, որ դա նույնիսկ ծիսական «սպանություն» է եղել, և ամեն ինչ ներկայացվել է որպես կազմակերպված ահաբեկչական հարձակում»,-ասաց Պետրոսյանը։
Արևիկ Պետրոսյանը հիշեցրեց անգլերենի ուսուցիչ Սերգեյ Օգոլցովի (հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մի քանի այլ բնակիչների հետ Օգոլցովը ութ ամիս մնացել էր Ստեփանակերտում) հարցազրույցը, որտեղ նա պատմում էր, որ երբ Բաքվից բարձրաստիճան պաշտոնյաները եկել էին Ստեփանակերտ, հայերին հավաքել էին մեկ տեղ՝ ծերանոցում, և այնտեղ պահել երեք օր, մինչև պատվիրակությունը մեկնել է։
«Ես կարծում եմ, որ այս պրակտիկան շարունակվում է նաև այսօր. ուստի ասել, որ ինչ-որ մեկը ահաբեկչական հարձակում է պլանավորում, աբսուրդ է։ Ավելին, հայերի համար գործում է պարետային ժամ։ Նրանց թույլ չեն տալիս լքել իրենց տարածքը։ Իմ կարծիքով, նրանց թույլ չեն տալիս հեռու գնալ, նույնիսկ գերեզմանատուն։ Ազատ ֆիզիկական վարժությունները նույնպես ժամանակային սահմանափակություն ունեն հայերի համար՝ մոտավորապես ժամը 12-ից մինչև 3-ը կամ 5-ը։ Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես այս պայմաններում, ամենուրեք տեսախցիկներով, պարետային ժամով, հայերի ժամանակային սահմանափակմամբ և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարենը կարողացավ զենք ձեռք բերել և ինչպե՞ս կարողացավ կազմակերպել «ահաբեկչական հարձակում»,-նկատեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ դա բեմադրված է, որտեղի՞ց են վերցրել այդ կադրերը՝ Ստեփանակերտի դատարկ փողոցներում տեղադրված ճշգրիտ աշխատող տեսախցիկներից: Նա նկատեց, որ այդ տեսանյութում հարձակման կամ նռնակի նետման կադրեր չկան, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն կրկին կեղծում է փաստերը և գործ է սարքում։
Արևիկ Պետրոսյանը նաև հիշեցրեց՝ նույն օրը Ալիևն իր ելույթում կրկին հայերին անվանել է «անջատողականներ» և «ահաբեկիչներ»:
«Սա նրանց բանաձևն է՝ հայերին անվանել «ահաբեկիչներ» և պնդել, որ նույնիսկ այն քիչ մարդիկ, ովքեր մնացել են օկուպացված Արցախում, որոնց մասին «հոգ են տանում ադրբեջանցիները և կերակրում ադրբեջանական հացով,» սպառնալիք են ներկայացնում և արդարացնում են նրանց դեմ ցանկացած գործողություն»: Այս նարատիվը թույլ է տալիս Ադրբեջանի իշխանություններին անտեսել միջազգային իրավունքը, խախտել մարդու իրավունքները և իրականացնել էթնիկ զտումներ՝ միաժամանակ այն ներկայացնելով որպես «ահաբեկչության դեմ պայքար» և իրենց տարածքի պաշտպանություն»,-նշեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը, և հատկապես Իլհամ Ալիևը, որը հետևում է Գեբելսի ուսմունքներին (Գեբելսը նույնիսկ նրա համեմատ մեղմ էր), հայատյացության համար որևէ պատրվակի կամ պատճառի կարիք չունի, ինչ մտքով անցնում է, անում է։
«Նույնիսկ հիմա, ամբողջ Արցախը օկուպացնելուց հետո, նրանք դեռևս պատմություններ են հորինում Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակումներ» նախապատրաստող հայերի մասին՝ այդպիսով ցույց տալով միջազգային հանրությանը, որ հայերի վերադարձը Արցախ բացառված է: Ալիևն իր ցույց իր հանրությանը բեմադրեց ևս մեկ ներկայացում, որը նպատակ ուներ վախեցնել հայերին»,-ասաց Արևիկ Պետրոսյանը:
Զաբելա Ավագյան