Հայկ Մամիջանյանը չբացահայտեց ՔՊ-ականներին, որոնց հետ բանակցում են Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու նախագծին միանալու համար | Region

Հայկ Մամիջանյանը չբացահայտեց ՔՊ-ականներին, որոնց հետ բանակցում են Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու նախագծին միանալու համար

Հոկտեմբեր 06,2025 13:33

Իմպիչմենտի գործընթացն առանց ժողովրդի աջակցության, առանց հասարակության լայն զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չի, դա իշխանության ներկայացուցիչները գիտեն, և այդ հարցը տվող ՔՊ-ական պատգամավորի մոտ վախն իրողությունից նկատվում էր։ Այո, դա անբաժանելի մասն է վարչապետին անվստահություն հայտնելու, հենց այդպես էլ տեղի է ունենալու՝ ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին։  Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնած գործընթացին։

Այսօր ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է ընդդիմության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որտեղ ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, ըստ ընդդիմության, ձախողումներն ու ծրագրային այն խոստումները, որոնք չի կատարել։
Հարցին՝ արդյոք կա՞ն ՔՊ-ականներ, որոնց հետ «Պատիվ ունեմը» բանակցում է՝ իմպիչմենտին միանալու համար, որպեսզի բավարար ձայներ հավաքեն, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․«Բնականաբար։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ստորագրությունը թղթի վրա լինի, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը, էլ ուր մնաց բանակցային փուլում դա անելը, որովհետև, «ամենաժողովդրավար» երկրում, որտեղ 30-ից ավել քաղբանտարկյալ կա, չարժի դա անել, որովհետև իշխանությունն իր ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործի այդ ՔՊ-ականների դեմ»։

Արդյոք հանրային լայն կոնսոլիդացիայի կհասնե՞ն և արդյոք ժողովուրդը կմիանա իրենց, այս հարցին ի պատասխան էլ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ամեն օր ժողովրդին ներկայացնում են, թե ինչ խնդիրների առաջ է Փաշինյանը կանգնեցրել երկրին,․«Մենք նիստում էլ դա էինք անում․ մարդիկ պիտի տեսնեն, որ Փաշինյանն իրենց խաբել է, կառավարության ծրագրով ասել է ձայն տվեք, կգնանք Շուշին, Հադրութը դեօկուպացնենք, բայց արդյունքում Արցախն են հանձնել։ Սա բարդ, ամենօրյա աշխատանք պահանջող գործընթաց է՝ բոլոր խողովոկաներն օգտագործվող, անհնազանդության ակցիաներով։ Ողջ սպեկտորն օգտագործվելու է»։

Նա ասաց՝ ինչպես խոստացել էին, ամեն ինչ անում են Փաշինյանին հեռացնելու համար։

Դիտարկմանը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ կմիանան գործընթացին, եթե ժամանակավոր կառավարության կազմը իրենք կազմեն, այս առնչությամբ Մամիջանյանն ասաց՝ քննարկումներ են գնում, արդյունքների մասին հետագայում կտեղեկացնեն, սակայն չնշեց, թե Հովիկ Աղազարյանի հետ կոնկրետ ինչ են բանակցում։ Նա նաև նշեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը պաշտոններ բաժանելու մասին չէ։ Նկատենք, որ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ այս գորխընթացում վարչապետի իրենց թեկնածուն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է։

Մամիջանյանը պարզաբանեց՝ ՀՀ օրենսդրությամբ՝ իմպիչմենտի գործընթացը սկսելու, նախագիծը մուտք անելու համար հարկավոր է 36 պատգամավորի ստորագրություն, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ ու քվեարկվում․«Բացասական քվեարկեության դեպք Նիկոլ Փաշինայնը վեց ամսով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան չէինք կարող թույլ տալ՝ 36 ստորագրությամբ մի փաստաթուղթ մուտք անել, հետո 72 –ամյա ռեժոմով, նույնիսկ եթե լինեին անհրաժեշտ թվով այն ՔՊ-ականները, որոնք միանալու էին, իրենց նկատմամբ ռեպրեսիվ մեխանիզմը սկսելու էր աշխատել։ Ոչ, մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը, մինչև չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու։ Այսինքն, մենք ընտրել ենք այն ճանապարհը, երբ  թուղթը մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետև  54 պատգամավորն արդեն ստորագրած են լինելու»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում են անվստահություն հայտնելու գործընթացին։ Մամիջանյանն այսօր հաստատեց․« Ձևաթուղթը փոխանցված է  «Հայաստան» խմբակցությանը՝ իրենց ստորագրությունները դնելու համար»։

 

Նորություններ