«Անհնար է մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը», «Ձեր թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ էր»․Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը 44-օրյա պատերազմի մասին | Region

«Անհնար է մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը», «Ձեր թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ էր»․Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը 44-օրյա պատերազմի մասին

Նոյեմբեր 08,2025 11:09

«Ձեր թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ էր»․ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա սոցիալական ցանցում գրառմամբ արձագանքել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարություններին։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, «Իմնեմնիմի» փոթքաստում զարմանք է արտահայտել, թե  «ինչպե՞ս է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը։ Անհնար է»։

Սարգսյանը նկարագրել է գործողություններ, որոնք կաներ, եթե ինքը 44-օրյա պատերազմի ժամանակ լիներ երկրի ղեկավարը․«․․․ Այն ժամանակ մենք ունեինք անօդաչու թռչող սարքեր, ճիշտ է, հետախուզական, գիշերային դիտարկման սարքավորումներ եւ հստակ կարելի էր տեսնել այն գործողությունները որոնք առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվո՞ւմ են, թե ոչ, որովհետեւ զորքերի համախմբում կլիներ, անհնար էր չնկատել այդ ամենը։ Կսպասեի մինչեւ այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, կօգտագործեինք հզոր միջոցները։ Դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելմանը, ձախողմանը»։
Ի պատասխան  Սերժ Սարգսյանի, Փաշինյանը  հայտարարել է․«ՍՍ–ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44–օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։

Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)։

Ու որ հանկարծ իրենց կողմից մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչք ծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ մեկ–երկու բան էին մեզ գցում, անհրաժեշտի 0․1 տոկոսը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան։

Ոչ դաշնակիցներն էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք․

1․ ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը։

2․ Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։

Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր, դա էինք փորձում ձեռք բերել, փորձում արդիականացնել, ի դեպ՝ այդ պահին ՀՀ–ում գործող ամենաբարձրաստիճան (ձեր նշանակած) զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։

Հիմա ի՞նչ ես գնացել փեսուդ ձեռքից կերակրվողների դիմաց նստել, հետս բանավիճում։ Բանավիճելու բան ունես, արի գնանք բանավիճենք ուղիղ եթերում։ Թե չէ Միշիկի դիմաց նստել ինձ հետ բանավիճելը ո՞րս է։ ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ կբերես հետդ»։

 

Նորություններ