Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում․նրանք մեկ տարուց ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել
Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում, նրանք մեկ տարուց ավելի է՝աշխատավարձ չեն ստացել, ասում են՝ անհայտ է՝ երբ կստանան, կամ արդյոք ընդհանրապես կստանան։
«Մենք աշխատել ենք, արտադրություն տվել, առք էլ է եղել, վաճառք էլ։ Էսօր հավաքվել ենք, վզներս ծռել, խեղճ ու կրակ մեր կոպեկներն ենք ուզում։ Պահանջում ենք կառավարությունից, որպեսզի համապատասխան մարմինները գան զբաղվեն այս հարցով։ Մարդիկ մի տարի է՝ աշխատավարձ չեն ստանում, ոչ ասում են ազատված եք, գնացեք տուն, ոչ ասում են՝ աշխատում եք։ Ի՞նչ անենք։ Թող Փաշինյանը զբաղվի էս հարցով»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։
Եթե խնդիրը չլուծվի, ապա գործարանի աշխատակիցները, ինչպես վստահեցրին, սկսելու են ճանապարհներ փակել։
Նրանք նշեցին, որ այս մեկ տարվա ընթացքում բազմիցս են աշխատավարձի հարցը բարձրացրել, ասացին․«Փափուկ բարձ էին դնում գլխներիս տակ՝ էս ինչ օրը կգաք, ձեր փողը կտանք։ Մի որոշ չափով տվել են, հետո խաբել ու թռել են։ Էն ով որ մեզ ստիպում էին աշխատել, հիմա սաղ թռած են, չկան»։
Գործարանի ղեկավար կազմից լրագրողներին հայտնեցին, որ ընկերությունը սնանկ է, դեբետորական պարտք ունի, մոտ 570 միլիոն, պարտքերը ստանալու համար ընկերությունը դատարան է դիմել։
Հրազդանի ցեմենտի գործարանն այս պահին չի աշխատում, 480 աշխատակից գործազրկության շեմին է։ Նրանք կառավարությունից պահանջում են խնդիրը լուծել, և միջոցներ ձեռնարկել, որպեսզի գործարանը շարունակի աշխատել, քանի որ 400-ից ավելի ընտանիք կզրկվի ապրուստի միջոցից։
Վստահեցրին, որ մեկ ամիս առաջ գրավոր դիմել են կառավարությանը, առայժմ առաջընթաց չկա։
