«Նույնիսկ տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերալ լինում են տարընթերցումներ»․՝ Փաշինյանը «Ինձ կսպանեն» Ալիևին ուղղած «իր խոսքերի մասին»
«Արծվաշենի դեպքում խոսում են, որ ավելի լավ է այլ սցենարով գնալ։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարով գնալ՝ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտության։ Եթե խոսքը գնա տարածքի փոխանակման մասին, հստակ է՝ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ դա անել։ Դա, այս պահին, իրավաբանների գնահատականն է։ Նույնիսկ եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի՝ առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության, դա չի կարող տեղի ունենալ»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով անկլավների խնդրին ու տարածքների փոխանակման մասին հայտարարություններին։
Նա ասաց, որ սահմանազատման գործընթացում անկլավների հարցին անդրադառնալիս կողմերը պետք է իրենց հիմքները ներկայացնեն․«1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում ՀՀ տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, գաղտնիք չէ, գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են, ես այդ գյուղերի միջով անցել, գնացել եմ»։ Լրագրողի հստակեցմանը՝ գյուղեր,որտեղ ադրբեջանցինե՞ր են ապրել, Փաշինյանը դրական պատասխան տվեց։
«Ես խոսում եմ սահմանազտման մասին, շատ տեղեր են ապրել, բայց մենք խոսում ենք սահմանազատման գործընթացի մասին։ Դեռ հիմքերի ուսումնասիրություններ չեն եղել»,-ասաց Փաշինյանը։
Նրա պնդմամբ․«1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, մեր տարածքային ամբողջականությունը պատկերացնելով, մենք ունենք խնդիր, որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո և որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո»:
Անդրադառնալով Ադրբեջանի արտգործ նախարարի հարցազրույցում հնչեցրած մեղադրանքներին, ըստ որի՝ Փաշինյանը սկզբում խոստացել էր լուծել ԼՂ հիմնախնդիրը, հետո փոխել դիրքորոշումը, Փաշինյանն ասաց՝ երբ խոսքը վերաբերում է միջպետական հարցերին, բանավոր խոսքին հղում անելը առանձնապես լավ ժանր չէ։ Փաշինյանը վստահեցրեց՝ իր բոլոր դիրքորոշումները 2018 թվականից ի վեր հրապարակայնորեն են հնչել․«Դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիաներն էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք։ Կարող եմ մի բան ասել վստահաբար՝ էն օրվանից մինչ այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին»։
Ադրբեջանի արտգործ նախարար Բայրամովը պատմել է, որ Փաշինյան-Ալիև երկրորդ հանդիպման ժամանակ, երբ, ըստ Բայրամովի, Փաշինյանը հրաժարվել է հիմնախնդիրը լուծել, ասել է՝«Ես չեմ կարող այդ հարցը լուծել, ինձ կսպանեն»։
Այս մեղադրանքին Փաշինյանը հրաժարվեց կոնկրետ պատասխանել, կրկնեց՝ բանավոր ժանրը վտանգավոր է․«Նույնիսկ տեսախցիկենրի առաջ արած հայտարարությունների վերաբերալ լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմն այլ բան է հասկացել։ Այն հանդիպումները, որին Բայրամովը հղում է անում, նա չի մասնակցել, նա նաև ԱԳ նախարար էլ չի եղել»։
Լրագրողը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանը ժամանակին ձայնագրություն էր հրապարակել, որտեղ Փաշինյանն ասել է՝ «բանակցությունների ժամանակ ինձ գժի տեղ եմ դնում, որպեսզի իրավիճակը փրկեմ»։
Այս առնչությամբ էլ Փաշինյանն ասաց․«Ես այդտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, դա եղել է ազատ ժանրի խոսակցություն, նման խոսակցության ժամանակ ձևակերպումները կարող են լինել ընդարձակ ու ստեղծագործական»։
Նա կրկին խոստացավ, որ բանակցային փաստաթղթերն ու Սերժ Սարգսյանի՝ այլ երկրի ղեկավարին ուղղված մի նամակ կհրապարակի մինչև տարեվերջ, ենթադրվում է, որ այդ ժամանակ ԵԱՀԿ մինսկի խումբը լուծարված կլինի, ուստի կառավարությունը ազատ կլինի դրանք հրապարակել։
