Կառավարությունը հաստատել է առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթն․ այն ուղարկվել է ԱԺ
Առողջապահության համընդհանուր ապահովագրության ամբողջական փաթեթն երեկ գրավոր քվեարկության կառավարությունը հաստատել է, փաթեթն արդեն ուղարկվել է խորհրդարան՝ անհետաձգելի ռեժիմով քննարկելու։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ նախագծի շուրջ ԱԺ-ում կոնսենսուս կա, քանի որ 3 տարի նաև ԱԺ ՔՊ խմբակցության հետ են աշխատել։ Նա չբացառեց, որ նախագիծը թեև համաձայնեցված է, խորհրդարանում հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկվի։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ համակարգը ծածկելու է բժշկական ծառայությունների 30%-ը, սակայն դրանք ամենապահանջված ծառայություններն են։
«Ապահովագրության համակարգը ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու, սա ընդամենը առաջին փուլն է։ Եվ հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չէ, որ ծածկելու է։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու՝ նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն»,–ասաց Փաշինյանը։
