Իրան-ԱՄՆ հրադադարը չափազանց փխրուն է, թեև կողմերից ոչ մեկը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված հրադադարի համաձայնագիրն իրականում չափազանց փխրուն է և կարող է տապալվել ցանկացած պահի։ Թեև վերջին երկու-երեք ամիսներին մի շարք միջադեպեր են գրանցվել, կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և փորձում են կարգավորել առկա խնդիրները։ Նման կարծիք հայտնեց REGIONSTV-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված ներկա իրավիճակը։ Նրա խոսքով՝ հարցերի լուծումը շատ դանդաղ է առաջ գնում։ Չնայած երկու երկրների առաջնորդների ստորագրած փոխըմբռնման հուշագրին՝ հրադադարի ռեժիմը խախտվեց երկու շաբաթ էլ չանցած։ Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել և միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ։
Էսկալացիայի նոր փուլի մեկնարկն ազդարարվեց հունիսի 25-ին՝ հինգշաբթի օրը, երբ Սինգապուրի դրոշի ներքո նավարկող M/V Ever Lovely խոշոր բեռնատար նավի վրա իրանական ԱԹՍ-ները գրոհեցին։ Թեհրանն իր այս գործողությունները հիմնավորել է, թե նավն օգտագործել է չարտոնված երթուղի՝ Պարսից ծոցի ջրերով տարանցման համար։
Հունիսի 26-ին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնեց իրանական հրթիռների ու անօդաչուների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև ափամերձ ռադիոլոկացիոն կայաններին հասցված հարվածների մասին։ CENTCOM-ում հայտարարել են, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Հորմուզի նեղուցում նավի վրա Իրանի կատարած հարձակման։ Իրանական լրատվամիջոցներն էլ հաղորդել են Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքում որոտացած պայթյունների մասին. հարվածների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել նաև Քեշմ կղզուց։
Այս իրադարձություններից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարեց, որ հրետակոծել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան զորքերի տեղակայման վայրերը և սպառնաց «ագրեսիայի կրկնության» դեպքում տալ «էլ ավելի մասշտաբային պատասխան»։ Թեհրանն ու Վաշինգտոնը փոխադարձաբար միմյանց մեղադրեցին զինադադարի խախտման մեջ։
Ever Lovely նավի վրա Իրանի հարձակումն առաջինն էր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ջրային տարածքի ապաշրջափակում։ Հարձակումը տեղի ունեցավ ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ նավերի անվտանգ անցումը կապահովվի միայն Իրանի կողմից վերահսկվող երթուղիներով։
Հունիսի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց Իրանին հասցված նոր հարվածների փաստը՝ դա բացատրելով հրադադարի համաձայնագրի խախտմամբ։
«Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտին հասցնել այն գործը, որն արդեն շատ հաջողությամբ սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իսլամական Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ»,- Truth Social հարթակում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունից հայտարարել են, որ ԱՄՆ հարվածները Իրանին խախտում են փոխըմբռնման հուշագիրը, և խստորեն դատապարտել են Իրանի հարավային ափամերձ գոտու օբյեկտների ուղղությամբ իրականացված ամերիկյան ավիահարվածները։
«Այս դաժան հարձակումները, որոնք թիրախավորել են Իրանի ափամերձ հսկողության օբյեկտները, ՄԱԿ-ի Կանոնադրության ակնհայտ խախտում են, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի առաջին կետի ուղղակի խախտում»,- ասված է հայտարարության մեջ։
Իր հերթին, Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային «X» սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ։ Ըստ Ռեզայիի՝ Միացյալ Նահանգները, աջակցելով Լիբանանում Իսրայելի գործողություններին, խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիայի շարունակումը՝ հինգերորդ կետը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որտեղ ամրագրված են հակամարտության ավարտի նախնական պայմանավորվածությունները, և որը պետք է ճանապարհ հարթեր ավելի լայն համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Ակնկալվում էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հունիսի 19-ին Ժնևում անձամբ կստորագրեն փաստաթուղթը։ Սակայն դա տեղի ունեցավ հեռավար տարբերակով. դրա տակ իրենց ստորագրություններն դրեցին ԱՄՆ և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը։
Փաստաթուղթն ստացել է «Իսլամաբադի հուշագիր» անվանումը՝ ի պատիվ Պակիստանի մայրաքաղաքի, որը հանդես է եկել որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Փոխըմբռնման հուշագիրը պետք է ամրագրեր ռազմական գործողությունների դադարեցումը և սկսեր բանակցությունների նոր փուլ։ Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից և նախատեսված է 60 օրվա համար։ Այն ներառում է ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնում և ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերացում։ Հուշագրում խոսվում է նաև պատժամիջոցների մեղմացման, Իրանի սառեցված ակտիվների մի մասի հասանելիության և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակման մասին։
Հորմուզի նեղուցը գրեթե ամբողջությամբ փակ էր մարտ ամսից՝ կապված փետրվարի 28-ին մեկնարկած Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հետ։ Հակամարտության արդյունքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այն վերցրեց իր վերահսկողության տակ։ Ապրիլի 13-ից ամերիկյան ռազմածովային ուժերը այլ երկրների հետ համատեղ արգելափակել էին Հորմուզի նեղուցը՝ հայտնաբերելու և կալանելու համար այն նավերը, որոնք Թեհրանին վճարել էին անցման համար։ Հորմուզի նեղուցը համաշխարհային նավթային առևտրի կարևորագույն երթուղիներից է և պարարտանյութերի տարանցման հանգուցային ուղին։
Կողմերը պատրաստ չեն երկարատև պատերազմի
Արմեն Վարդանյանի խոսքով՝ այս պահին ո՛չ Իրանը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները շահագրգռված չեն լայնամասշտաբ ու երկարատև պատերազմով։
Ըստ նրա՝ սա չափազանց լուրջ պատերազմ է՝ շատ ծանր հետևանքներով, և երկու կողմերն էլ բավականին բարձր գին են վճարում։ «ԱՄՆ-ն այս պատերազմի վրա ծախսել է շուրջ 50 միլիարդ դոլար, և այժմ ամերիկացի օրենսդիրներն ու ընտրողները նախագահ Թրամփից հաշվետվություն են պահանջում, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, և ինչու է նա գնացել նման արկածախնդրության։ Այս պահին կողմերից ոչ մեկը պատրաստ չէ երկարատև պատերազմի, սակայն նման միջադեպերը կրկնվելու են, և ինչ-որ փուլում դրանք կդադարեն»,- նշում է փորձագետը։
Իրանագետը հավելում է, որ պատերազմի ընթացքում Իսլամական Հանրապետությունը զգալի կորուստներ է կրել, այդ թվում՝ շուրջ երկու միլիոն աշխատատեղի կորուստ, և հայտնվել է տնտեսական ծանր կացության մեջ։ Իրանցիների մի մասը գոհ է ձեռք բերված պայմանավորվածություններից, սակայն ԻՀՊԿ-ն և բնակչության մեծ մասը Ղալիբաֆին ու Արաքչիին դավաճաններ են համարում և դեմ են ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնության։
Վարդանյանը կանխատեսում է, որ ԱՄՆ հարվածների դեպքում Իրանը պատասխան կտա, բայց ձգձգվող պատերազմ չի լինի, քանի որ կողմերից ոչ մեկը դրանում շահագրգռված չէ, իսկ Պակիստանը կարող է միջնորդի դեր խաղալ հակամարտության դադարեցման գործում։ Այդուհանդերձ, փոխադարձ մեղադրանքները կշարունակվեն, սակայն առաջնային պլան է մղվում տարբեր խաղացողների կողմից հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումների գործոնը։
Վարդանյանը Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունները բնորոշում է որպես չափազանց փխրուն, որոնք ենթակա են արտաքին գործոնների, մասնավորապես՝ «իսրայելական գործոնի» ազդեցությանը։ Կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այնպիսի պայմաններ, ինչպիսիք են իրանական տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ 300 միլիարդ դոլարի հարցը։ Չնայած դրան՝ գործընթացը առաջ է գնում «կես քայլերով»։ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. երկիրը պնդում է պատժամիջոցների չեղարկումը և խաղաղ միջուկային տեխնոլոգիաների իրավունքի պահպանումը։ Հավանական է, որ ներկա պայմաններում՝ նոր պատերազմից խուսափելու համար, Իրանը հարստացված ուրանը կփոխանցի կամ Միացյալ Նահանգներին, կամ էլ մեկ այլ երրորդ երկրի, օրինակ՝ Ռուսաստանին։
Փորձագետի կարծիքով՝ ցանկացած պարագայում Իրանն այս իրավիճակից դուրս է գալիս թուլացած, բայց արդեն իսկ այլ աշխարհաքաղաքական կշռով՝ ընդունակ թելադրելու համաշխարհային էներգակիրների մատակարարման պայմանները, վերականգնելու իր պրոքսի-ուժերը և ընդլայնելու հրթիռային ծրագիրը։ Ըստ նրա՝ այժմ ընթանում են բարդ խորհրդակցություններ տեխնիկական փորձագետների մակարդակով՝ համապարփակ գործարք կնքելու համար։ Այդուհանդերձ, Վարդանյանը նշեց, որ չպետք է թերագնահատել «իսրայելական գործոնը». Իսրայելը ամերիկա-իրանական համաձայնագրի կողմ չէ և չի մասնակցում դրան, հետևաբար չի ճանաչում այն, և փաստաթուղթն իրեն ոչնչով չի պարտավորեցնում։
Լիբանան-Իսրայել հաշտության պայմանագիրը
Արմեն Վարդանյանը նաև հիշեցնում է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման և Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո, ԱՄՆ միջնորդությամբ, Իսրայելն ու Լիբանանը հունիսի 26-ին խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Այս փաստաթուղթը նախատեսում է Լիբանանի հարավից իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում (ընդ որում՝ Իսրայելը կպահպանի վերահսկողությունը տարածքի մեծ մասի նկատմամբ), Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնում, ռազմական գործողությունների վերջնական ու անժամկետ դադարեցում և բնակչության վերադարձ իրենց հողեր։
«Իսրայելը չի կարող համաձայնել ավելի քչին, քան «Հեզբոլլահ» խմբավորման լիակատար ոչնչացումն է և Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայությունը այն տարածքներում, որոնք նա արդեն վերահսկում է։ Լիբանանա-իսրայելական համաձայնագրի ստորագրումից հետո բողոքի ցույցեր բռնկվեցին հենց Բեյրութում։ Սակայն սա նույնպես շատ լուրջ խնդիր է, և չի կարելի թույլ տալ, որ այս համաձայնագիրը տապալվի»,- հավելում է փորձագետը։
Ռուբիոյի «միսիան» և տարածաշրջանային դաշնակիցների դժգոհությունը
Վերլուծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջերս կատարած այցը Մերձավոր Արևելք՝ քաղաքագետն առանձնացրեց նրա առաքելության հիմնական նպատակը՝ հանգստացնել Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին։
«Ամերիկայի դաշնակիցները շատ լուրջ դժգոհություններ ունեն Միացյալ Նահանգներից, քանի որ ԱՄՆ-ն հաշվի չի առել իրանական համաձայնագրի հետ կապված նրանց մտահոգություններից և ոչ մեկը։ Հորմուզի նեղուցի փակումը վնաս չի հասցնում հենց Միացյալ Նահանգներին, սակայն մյուս մտահոգությունները վերաբերում են ԱՄՆ դաշնակիցներին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Կատարը և նեղուցով նավթամթերք արտահանող մյուս երկրները (նրանց հիմնական արտահանման երթուղին անցնում էր հենց Հորմուզի նեղուցով), ինչպես նաև Չինաստանին և ասիական այլ երկրներին։ Այժմ, փոխանակ փորձելու գոհացնել իր դաշնակիցներին, Ռուբիոն փորձեց նրանց աջակցության մի քանի խոսք ասել։ Այդ երկրներին ուղղված իր հայտարարություններում Ռուբիոն կընդգծի, որ ԱՄՆ-ն նրանց կողքին է, իրենց չի լքի և այդպես շարունակ»,- նշում է քաղաքագետը։
Իրանի հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններին, ապա, Վարդանյանի կարծիքով, դրանք բնորոշվում են փխրուն հավասարակշռությամբ, որտեղ առանցքային դեր են խաղում մտահոգություններն ու պրագմատիզմը։ Նախորդ միջադեպերը՝ կապված Նախիջևանի օդանավակայանի ռմբակոծությունների հետ, խորը հետք են թողել իրանական սպառնալիքի ընկալման հարցում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցը և նրա հայտարարությունները, որոնք ընդգծում էին ադրբեջանական տարածքը թշնամական գործողությունների համար չօգտագործելու փաստը, պետք է դիտարկել որպես դեէսկալացիայի և տարածաշրջանի կայունությամբ Իրանի շահագրգռվածությունը հաստատելու փորձ։ Այժմ, երբ լարվածությունը կարծես թե մեղմացել է, ադրբեջանական կողմը ձգտում է բարիդրացիական հարաբերությունների հետագա կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, Իրանի պոտենցիալ ռազմական ակտիվության հետ կապված մտահոգությունները պահպանվում են փորձագիտական մակարդակով և, հավանաբար, լայն հասարակայնության շրջանում։
Մյուս կողմից՝ Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի պաշտոնական անձանց հետ քննարկել է տնտեսական և քաղաքական հարցեր, որոնք վերաբերում են հայ-իրանական սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային և էներգետիկ համագործակցությանը։
«Հայաստանը ցույց տվեց, որ ոչ մի պարագայում հարթակ չի դառնա Իրանի դեմ գործողությունների համար, և դա ամրապնդում է վստահությունը հարևանների միջև։ Շատ կարևոր էր փարատել Իրանի մտահոգությունները Հայաստանում TRIPP-ի շրջանակներում ամերիկյան բազաների ստեղծման վերաբերյալ»,- ընդգծում է իրանագետ Վարդանյանը։
Զաբելա Ավագյան
