Դադիվանքի որմնանկարներն ու խաչքարերը պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմին․ դրանք դուրս են բերվել փրկելու համար․ Ավանեսով | Region

Դադիվանքի որմնանկարներն ու խաչքարերը պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմին․ դրանք դուրս են բերվել փրկելու համար․ Ավանեսով

Սեպտեմբեր 23,2026 21:06

Դադիվանքից որմնանկարների, սրբապատկերների, խաչերի և մշակութային արժեքների դուրսբերումն ամենևին էլ քրեական հանցագործություն չէ։ Անհրաժեշտ է հաշվի առնել առանցքային հարցը՝ ում են պատկանում Արցախի քրիստոնեական գանձերը։ Ադրբեջանը չունի ոչ պատմական, ոչ էլ իրավական իրավունք ինչպես Արցախի տարածքի, այնպես էլ, բնականաբար, նրա պատմամշակութային ժառանգության նկատմամբ։

Եկեղեցական գրքերն ու սրբազան առարկաները պատկանում են Դադիվանքի վանական համալիրին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմին։ Արցախի տարածքի ժամանակավոր անցումը Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ ինքնին վանքի խաչը կամ Արցախի մյուս մշակութային ժառանգությունը չի դարձնում այդ պետության սեփականությունը։ Եթե պատերազմի և արցախցիների բռնի տեղահանման սպառնալիքի առջև հայ եկեղեցուն պատկանող գրքերը, որմնանկարներն ու խաչերը դուրս են բերվել դրանց փրկության համար, նման դուրսբերումը չի կարելի անվանել գողություն։ Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Օմբուդսմենի խոսքով՝ դա արվում է այդ արտեֆակտները ոչնչացումից, դրանց պատմության աղավաղումից կամ ճարտարապետական, կրոնական ու պատմական հուշարձանների դեմ ցանկացած այլ վանդալիզմի ակտերից պահպանելու նպատակով․«Նման գործողություններն իրավագիտության տեսանկյունից չեն կարող որակվել որպես քրեական հանցագործություն։ Ադրբեջանցիների արած հայտարարությունները չունեն որևէ իրավական և պատմական հիմք։ Կոնֆլիկտային գոտուց մշակութային արժեքների դուրսբերումը միջազգային իրավունքի տեսանկյունից՝ հաշվի առնելով համապատասխան հակամարտությունների միջազգային փորձը, կարելի է օրինաչափ համարել»։

Բաքվի սադրիչ քայլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում

Վերջերս ադրբեջանական իշխանությունները փորձ արեցին հայկական ձեռագրերի՝ դատարկ էջերով թանգարանային կրկնօրինակները ներկայացնել որպես Գանձասարի պատմության կեղծման «ապացույց»։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին ցուցադրում էր Գանձասարում մնացած կրկնօրինակները՝ շեշտադրում անելով չլրացված էջերի վրա։ Նա բացահայտ ծաղրում էր տեսածը՝ դա մատուցելով որպես «անհերքելի ապացույց» առ այն, որ հայերն իբր աղավաղել են այդ վանքի իսկական անցյալը։

Դրանից հետո Բաքուն նոր մեղադրանքներ է առաջ քաշում՝ պնդելով, թե հայկական կողմը Դադիվանքից Հայաստան է տեղափոխել որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։ Ադրբեջանի Մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմից հետո հայերը թալանել են վանական համալիրը՝ հափշտակելով խաչեր, զանգեր և կահավորանքի այլ տարրեր, ինչպես նաև պատերից կտրել ու դուրս են բերել Դադիվանքի եզակի որմնանկարները։

«Սրա հետ կապված՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դադիվանքի վանքից ապամոնտաժված և երկրի տարածքից ապօրինի դուրս բերված որմնանկարների և խաչքարերի մասին տվյալները մուտքագրվել են Ինտերպոլի «Հափշտակված արվեստի գործեր» տվյալների բազա։ Սա նախատեսում է միջազգային իրավապահ մեխանիզմների գործարկում՝ նշված արտեֆակտները Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում հայտնաբերվելու դեպքում Ադրբեջան վերադարձնելու համար»,ասել է գերատեսչության ղեկավարը։

Հովիկ Ավանեսովն ընդգծում է, որ, ինչպես միջազգային կառույցների և կազմակերպությունների մեծ մասը, Ինտերպոլն էլ ունի իր Կանոնադրությունը, որում հստակ ամրագրված են գործունեության ֆունկցիոնալ շրջանակները։ Մասնավորապես, Կանոնադրության 3-րդ հոդվածում ուղղակիորեն նշված է. Ինտերպոլն իրավունք չունի միջամտելու ռասայական, կրոնական կամ քաղաքական բնույթի հարցերին։ Իսկ ադրբեջանական իշխանությունների՝ Ինտերպոլին ուղղված հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն այդ փաստաթղթի դրույթների հետ. Բաքուն փաստացի կոպտորեն խախտում է Կանոնադրության հիմնարար սկզբունքները։

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը

Հովիկ Ավանեսովը նշեց այն առանցքային նպատակները, որոնք հետապնդում է Ադրբեջանը.

– Նման գործողություններով Բաքուն ձգտում է նախադեպ ստեղծել, որպեսզի հետագայում այդ մեխանիզմներն օգտագործի իր քաղաքական շահերի համար՝ մանիպուլացնելով միջազգային ինստիտուտների, այդ թվում՝ Ինտերպոլի գործառույթները։

– Արցախի տարածքում պատմաճարտարապետական ժառանգության հարցերը արհեստականորեն հյուսվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» օրակարգում։ Եթե այս ուղղությամբ բացվեն նվազագույն հնարավորություններ, այս նախադեպը, բնականաբար, կգործարկվի ամենատարբեր իրավիճակներում։

– Ադրբեջանը փորձում է ողջ աշխարհին ներկայանալ որպես մշակութային ժառանգության պահապան։ Սակայն իրականում Բաքուն փոքր-ինչ անգամ առնչություն չունի ոչ քրիստոնեական, ոչ էլ իսլամական քաղաքակրթության հետ։ Նրանք նպատակադրված ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։ Հանձինս ադրբեջանական կառավարության քաղաքականության՝ մենք գործ ունենք քաղաքակրթության իսկական թշնամու հետ։

Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է։ Հուշարձանների վնասման և յուրացման նման պրակտիկան ամրապնդված է բազմաթիվ փաստագրված վկայություններով, ինչի մասին վկայում են Նախիջևանի, Արցախի, Հյուսիսային Արցախի և բազմաթիվ այլ օրինակներ։

Մշակութային ժառանգության հարցերով փորձագետ Հովիկ Ավանեսովը հայտարարում է,  որ Հայաստանի իշխանությունների «լռելյայն» դիրքորոշումն ըստ էության արձակում է Բաքվի ձեռքերը. Ադրբեջանը ոչ միայն անպաժելիորեն ոչնչացնում է Արցախի հուշարձանները, այլև յուրացնում է հայկական ժառանգությունը՝ դա ուղեկցելով բարձրագոչ հայտարարություններով։ «Անշուշտ, այս խնդրով զբաղվում են մասնագիտացված կազմակերպությունների բազմաթիվ փորձագետներ և գիտնականներ, սակայն նման հարձակումներին հակադրվելն անհրաժեշտ է պետական մակարդակով՝ այդ թվում Անվտանգության խորհրդի, ԱԳՆ-ի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով»,-ընդգծում է նա։

Ավանեսովը համոզված է, որ խոսքը ոչ թե պարզապես Արցախի պատմաճարտարապետական օբյեկտների նկատմամբ հավակնությունների մասին է, այլ Հայաստանի հանդեպ առավել մասշտաբային տարածքային և իրավական պահանջների։ «Սա Բաքվի մոտ խաղաղ նպատակների բացակայության հերթական ապացույցն է։ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը. Բաքուն համառորեն հայտարարում է, թե ժամանակակից Հայաստանի հողերը իբր ադրբեջանցիների պատմական հայրենիքն են՝ նրանց վերագրելով ներկայիս հայկական պետության տարածքի մինչև 60–70%-ը»,-ասում է փորձագետը։

Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը

«Իրականում, իմ բազմաթիվ հարցազրույցներում և փորձագիտական հայտարարություններում ես բազմիցս ընդգծել եմ. խաղաղության համաձայնագրերը, խաղաղության պայմանագրերը և դրանց մասին ցանկացած խոսակցություն օճառի պղպջակ են, որը վաղուց պայթել է։ Հաշվի առնելով այն ռազմական հանցագործությունները, ներառյալ վանդալիզմի ակտերը, որոնք մենք արձանագրել ենք վերջին շրջանում, ընդհանրապես ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Խաղաղության պայմանագիրը հնարավոր է միայն մեկ պայմանով՝ լիակատար ապաօկուպացիա՝ առանց որևէ լրացուցիչ պահանջների, և Հայաստանի տարածքից ապօրինի ադրբեջանական զորամիավորումների դուրսբերում։ Միայն դրանից հետո կարելի է խոսել ինչ-որ իրական խաղաղ գործընթացների մասին։ Առայժմ մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետևողական հակահայկական և հայատյաց քաղաքականության»,-նշում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

«Հայաստանի իշխանությունները սխալվում են՝ կարծելով, թե վանդալիզմի ակտերի կտրուկ դատապարտումը կամ Արցախի տարածքում անկախ մոնիթորինգների պահանջը կարող են բացասաբար անդրադառնալ խաղաղ գործընթացի վրա։ Նրանք վախենում են, որ Ադրբեջանն իբր այդ հայտարարությունները կօգտագործի մեր դեմ, և նույնիսկ, նրանց կարծիքով, դա կարող է էսկալացիա հրահրել, այդ թվում՝ ռազմական։ Բայց, բնականաբար, տեսնելով, որ համարժեք պատասխան չկա, իսկ կոշտ դիրքորոշում չի դրսևորվում, Ադրբեջանը միայն ավելացնելու է պահանջները։ Այդ ցանկը կարող է ընդլայնվել ցանկացած պահի։ Ուստի անհրաժեշտ է պատասխանել կոշտ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հստակ հասկանան՝ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում պատմաճարտարապետական ժառանգության դեմ իրենց ցանկացած գործողություն ստանալու է վճռական պատասխան դիվանագիտական մակարդակում։ Հանդիպումների բոլոր մակարդակներում պետք է բարձրացնել և զարգացնել այն հարցը, որ այդ ժառանգությունն ունի համամարդկային արժեք։ Մեր ժառանգության ոչնչացումն ու յուրացումը վնաս է հասցնում ոչ միայն հայկական ինքնությանը և հայկական մշակութային տարածքին, այլև ողջ համաշխարհային քաղաքակրթությանը»,-ընդգծում է Հովիկ Ավանեսովը։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ