«ՀՀ իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում ունենան, որ խաղաղության պայմանագրի նախապայման է գերիների վերադարձը» | Region

«ՀՀ իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում ունենան, որ խաղաղության պայմանագրի նախապայման է գերիների վերադարձը»

Հուլիս 17,2024 11:54

«Իհարկե որոշակի քայլեր ձեռնարկվում են և իհարկե կարող ենք քննարկման առարկա դարձնել դրանց արդյունավետությունը, բայց մեզ համար շատ նկատելի է իրավական գործընթացը մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, վարվում են իրավական գործընթացներ, որոնց շրջանակում քննարկման առարկա է դառնում այս անձանց ապօրինի ազատությունից զրկելը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը, անարդար պատիժների նշանակումը և իհարկե բարձրաձայնվում է էթնիկ ատելության հիմքով այլ խախտումներ թույլ տալը»:

Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բաքվի ռեժիմի կողմից գերեվարված հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության կամ վերադարձի ապահովման  հարցով ձեռնակվող քայլերին:

Սիրանուշ Սահակյան

«Նաև նշեմ, որ ընթացող իրավական գործընթացներում կիրառվել են հայցի ապահովման ժամանակավոր միջոցներ, որոնք նշված անձանց կյանքը վերցրել են հատուկ միջազգային պաշտպանության ներքո, և կարծում եմ, որ սա խիստ կարևոր միջոցառում է՝ նրանց կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու տեսանկյունից: Սակայն հասկանալի է, որ խնդիրն ունի նաև քաղաքական կոմպոնենտ, և այս անձանց ազատ արձակումը մեծ հաշվով կարճաժամկետ հեռանկարում հենց պայմանավորված է քաղաքական երկխոսությամբ և դրա բովանդակությամբ: Այս առնչությամբ է, որ մենք էական թերացումներ ենք տեսնում, մասնավորապես, որ հայկական կողմը զիջողական դիրքերից հանդես գալով ինքնուրույնաբար չի բանակցում նախքան որևէ խաղաղության փաստաթղթի ստորագրումը, կարծես թե հենց մարդասիրական խնդիրների լուծումը, այս անձանց վերադարձը կապված է փաստաթղթի ստորագրման և դրանից հետո Բաքվի բարեհաճ վերաբերմունքի հետ, մինչդեռ իմ գնահատմամբ սա պետք է լինի նախապայման ցանկացած երկխոսության, և այն պետք է լինի նաև վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստող կարևորագույն քայլ, առանց որի խաղաղության օրակարգը պետք է հռչակվի կեղծ»,-նշեց իրավապաշտպանը:

«Եթե Բաքվի իշխանություններն ունակ չեն մարդասիրական խնդիրներ լուծել, ինչպե՞ս կարող է հայ ժողովուրդն ապավինել նրանց մտադրությունների բարի լինելուն, և ինչպե՞ս կարող են քաղաքական պայմանավորվածությունները կյանքի կոչվել: Դրա միակ երաշխիքը կարող է լինել այդ վաղ փուլում հենց մարդասիրական խնդիրների լուծումը և ապօրինաբար պահվող գերիների ազատ արձակումը, և իմ հիմնական նկատառումն այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում ունենան, որ խաղաղության պայմանագրի նախապայման է գերիների վերադարձը, այլ ոչ թե դրա ստորագրմանը ածանցվող հետևանք, հակառակ պարագայում, կարծում եմ, վերահաստատվում է ռազմագերիներին պահելը որպես հավելյալ լծակ Հայաստանի իշխանությունների դեմ օգտագործելը, ինչը անթույլատրելի պրակտիկա է նաև միջազգային իրավունքի տեսանկյունից»,-շարունակեց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ հարցի միջազգայնացման, ինտենսիվ հանրայնացման միջոցով նաև կգեներացվի միջազգային ճնշում և խաղաղության գործընթացին աջակցող դերակատարները կլինեն միջազգային կառույցները կամ գերտերությունները, որոնք ևս կստիպեն Բաքվի իշխանություններին՝ լուծել մարդասիրական խնդիր նախքան խաղաղության պայմանները հայկական կողմին թելադրելը: «Ես կարծում եմ սա ավելի շատ կարտացոլի արդարությունը, քան այն իրավիճակը, երբ բոլոր գործընկերները Հայաստանից ակնկալում են զիջողական քայլեր, սակայն դրա դիմաց որևէ նախապայմաններ չեն առաջադրում հենց Ադրբեջանին: Հարցի հանրայնացման տեսանկյունից դերակատարում ունի և սփյուռքի համայնքը և հասարակական սեկտորը, սակայն պահանջատիրության կրող կարող են լինել միայն Հայաստանի հանրապետությունը` իր սուվերեն կարգավիճակով, և եթե այդ պահանջմունքը չձևավորի միջպետական փոխհրաբերություններում, փոփոխություն չի լինի միայն հասարակական կազմակերպությունների արձագանքի հիման վրա»:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը պետք է տեսնենք որպես ընդհանուր գործընթացի օրինաչափ մաս: «Մենք տեսել ենք Վագիֆ Խաչատրյանի, նաև մյուսների դատավարությունները, և նշեմ, որ այս պահին էլ Բաքվում պահվող բոլոր անձինք դատավարությունների մաս են եղել կամ դառնալու են: Չկա մի անձ, որը գտնվում է Ադրբեջանում և նրա նկատմամբ ապօրինի դատավարություններ չեն ընթանում, և այս դատավարությունների նպատակը Ադրբեջանին պատերազմական հանցագործություններից պաշտպանելն է. միջազգային իրավունքը պարտադրում է ակտիվ հակամարտության ավարտից հետո անազատության մեջ պահվող բոլոր անձանց ազատ արձակումը, և այս ազատ արձակումը հետաձգելը հանցագործություն է: Հիմա Ադրբեջանը այս հանցագործության վտանգներից ապահովագրելու նպատակով դատավարություններ է իրականացնում, կեղծ պատիժներ է նշանակում, և հետագայում այս պատիժները, դատավարությունները վկայակոչելով, փորձելու է միջազգային ատյաններում հիմնավորել, որ ազատությունից զրկելու իրավական հիմքերը գոյություն են ունեցել, մինչդեռ այս անձանց պահելու նպատակը քաղաքական է` որպես գործոն ճնշել ՀՀ-ին, իսկ մինչ այդ դատավարությունների միջոցով ապահովագրել Բաքվի իշխանություններին պատերազմական հանցագործությունների մեղադրանքներից»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Ըստ Սիրանուշ Սահակյանի, պաշտպանության իրավունքի հետ կապված մենք ունենք ավելի մեծ խնդիր, երբ այն «ապահովվում» է պետության կողմից վարձատրվող էթնիկ ատելությամբ լցված փաստաբանների կողմից, որոնք անկախ չեն գործում նույնիսկ սեփական քաղաքացիների պաշտպանության հարցում, ենթարկվում են դատախազությանը, և նրանց ներկայությունը կրում է խիստ ձևական բնույթ, անգամ հայրենադարձված գերիներից մենք ստանում ենք տեղեկատվություն, որ նրանք նախապես չեն հանդիպել, գործի նյութերը չեն քննարկել որևէ կերպ, ի պաշտպանության ուղղված քայլեր չեն ձեռնարկել և ընդամենը ապահովվել է նրանց ձևական ֆիզիկական ներկայությունը, ավելին, երբեմն այս ռազմագերիների իրավունքները խախտողի դերում հանդես են եկել նաև իրավաբան-փաստաբանները, ովքեր նվաստացնող կամ ատելության խոսք պարունակող արտահայտություններ են կատարել:

«Սա կրում է ձևական բնույթ և այս հանգամանքները միջազգային դատական ատյաններում բարձրաձայնվում են թե պետության կողմից, և թե մեր  փաստաբանական թիմի, մեր կողմից վարվող գործերի շրջանակում: Մենք երկու աղբյուրից ենք ստանում տեղեկատվություն, նախ` անմիջական դիտարկումներ, երբ տեսանյութերը ենթարկվում են վերլուծության, և մյուսը հայրենադարձված ռազմագերիներից կամ քաղաքացիական անձանցից, ովքեր մանրամասներ են հայտնում»,-շարունակեց Սիրանուշ Սահակյանը:

Միջազգային  ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչը նշում է. Արցախի նախկին ղեկավարների պահման պայմանների մասին որոշակի չափով տեղեկություններ տրամադրվել են իրավական գործընթացներում օգտագործվելու համար և հրապարակայնացված չեն, դրա մասին բարձրաձայնել է Վարդանյանի իրավաբանական թիմը, ես ուղղակի կվերահաստատեմ, որ սա արտացոլում է ընդհանուր օրինաչափությունը և նմանատիպ խնդիրների մենք ծանոթ ենք հայրենադարձված անձանց տեղեկությունների հիման վրա: Հետևությունն այն է, որ կա ընդհանուր պրակտիկա, օրինաչափություն, որին զոհ են դառնում այնտեղ պահվող բոլոր հայերը և յուրաքանչյուր հայ:

«Պատիժների գոյությունը չի արգելափակել այս անձանց հայրենադարձումը, եթե քաղաքական պայմանավորվածույթուններ ձեռք են բերվել, օրինակ մենք ունենք մարդիկ, որոնք հայրենադարձվել են, թեև պատիժը փաստացի ամբողջ ծավալով կրած չեն եղել, և մենք ունենք դեպքեր, երբ առանց պատժի նշանակման, ընթացող դատավարության շրջանակում անձին ազատ են արձակել, այսինքն, այս պատիժների նշանակումը ևս ձևական գործընթաց է»-եզրափակեց իրավապաշտպանը:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ