Կառավարությունում ընդունվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների հերթական փաթեթը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետը նշել է. «Մեր այսօրվա բոլոր երեք զեկուցվող հարցերը վերաբերելու են 2024թ. մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների մեր հերթական փաթեթին, և դա, կարծում եմ, նաև լավ առիթ է, որ մենք ամփոփենք նաև, թե այս ընթացքում ինչ ենք հասցրել անել, ինչն է հաջողվել, ինչը չի հաջողվել, ինչ հետևություններ ենք արել և ինչ անելիքներ կան առաջիկայում»:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը: Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2024 թվականի Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած տնտեսավարողների առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը պահպանման նպատակով։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել է «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի» կողմից։ Հեղեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսավարողների ցանկերը ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, տնտեսավարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի առանձնացվել են 3 չափի վնաս կրած տնտեսավարողները։ Որոշմամբ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն տրամադրել նաև բնակության համար չնախատեսված շինությունների վնասման համար՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով։ Ընդ որում, որոշման շրջանակում բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։ Որոշմամբ առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն միանվագ դրամական աջակցության միջոցով թեթևացնել տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստել բնականոն գործունեության, մարզերում համաչափ տնտեսական ակտիվության վերականգնմանը։
Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձել է ստվերային շրջանառության և հարկերը չվճարելու խնդրին և նշել. «Ես չգիտեմ՝ այս աջակցությունից ստացող քանի տնտեսվարող, մասնավորապես՝ հարկերի մասով իրեն տրվող աջակցությունը կհամարի արդարացի, որ մասը չի համարի արդարացի, բայց կարծում եմ, որ միանշանակ արդարացի է, որ մենք դա կապում ենք վճարված հարկերի հետ, որովհետև հարկերը պետական բյուջե հավաքագրվում են նաև նրա համար, որ, իհարկե, նման ճգնաժամային իրավիճակների դեպքում Կառավարությունն աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ունենա: Սա այն դեպքն է, երբ շատ կոնկրետ է, երբ մենք մարդկանց ասում ենք, որ գիտեք՝ այդ վճարած հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարն ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես ձեր մի գրպանից հանել և մյուս գրպանը դնել: Հիմա, այն տնտեսվարողները, ովքեր այս աջակցությունն ստանալու են, ստանալու են այնքանով, ինչքանով իրենք մի գրպանից հանել են և դրել են մյուս գրպանը, կոպիտ ասած, սև օրվա համար: Եվ կարծում եմ՝ սա շատ արդարացի և կարևոր մոտեցում է: Իհարկե, ծրագրերը երբեք այն կանխավարկածով չեն եղել, որ մեր ընդունած որոշումներն ու ծրագրերն իդեալական են, կատարյալ են: Իհարկե կլինեն արձագանքներ, մենք այդ արձագանքները կդիտարկենք, և ծրագրի պրակտիկ ընթացքը լավարկելու մասին կմտածենք:
Ես մտածում էի նաև, թե մենք ինչքանով ենք արագ գործել. ըստ էության, համարյա երեք ամիս անց ենք մենք այս որոշումը կայացնում, չեմ կարող ասել, թե մենք ամենահնարավոր մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան, այդ թվում՝ այդ ամեն ինչը հաշվառելու և տեղում հականալու, որովհետև մենք շատ դեպքում այստեղ այս դահլիճում բանաձև ենք ընդունում, ասում ենք՝ այս ինչ լավ բան արեցինք, հետո գնում ենք տեղում տեսնում այդ բանաձևը չի աշխատում: Այս դեպքում, մենք գնացել ենք, փորձել ենք տեղում իրադրությանը ծանոթանալով՝ դուրս բերել բանաձևը և հետո բերել Կառավարության նիստ: Հիմա մեր խնդիրն է, որ հնարավորինս արագ այս աջակցությունը տեղ հասցնենք»:
Ինչ վերաբերում է այն իրավիճակին, երբ վճարված հարկերը կարող են ամբողջությամբ չարտացոլել տնտեսվարողի ապրանքային պաշարները, որոնց մասին տեղեկատվությունը հնարավոր էր ներկայացնել հարկային հաշվետվության մեջ, Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Դա բացառված է»: