Փաշինյան․ Մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տրամադրել Ադրբեջանին, բայց նույն պայմաններով, ինչ Իրանը | Region

Փաշինյան․ Մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տրամադրել Ադրբեջանին, բայց նույն պայմաններով, ինչ Իրանը

Սեպտեմբեր 18,2024 15:09

Համաշխարհային հայկական գագաթաժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքով անցնող ենթակառուցվածքներին։

Նա ասել է․ «Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացիաների  բացման մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ շատ լավ, Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը:  Նախ՝ Հայաստանը ուզում է եւ պատրաստ է նույն պայմաններով ինչ Իրանն է անցում տալիս Հայաստանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել: Ավելին, մենք չենք բացառում նաեւ որոշակի պարզեցումներ ընթացակարգերի, եւ ընկալում ենք դա երկկողմանիության տրամաբանության մեջ»:

Փաշինյանի խոսքով՝ սոցցանցերի հայկական տիրույթում քննարկումներ կան, թե՝ այ եթե այդ ճանապարհը բացվի, դա կլինի հերթական դավաճանությունը․ «Ժողովուրդ,  այսինքն մենք պետք է ասենք՝ մենք թույլ չենք տալիս մեր տարածքով Ադրբեջանի արեւելյան կամ հիմնական մասից  գնալ Նախիջևա՞ն, եւ Նախիջևանից թույլ չենք տալիս գնան Ադրբեջա՞ն:

Սա ի՞նչ տրամաբանություն է, ինչի՞ պիտի դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար: Ընդհակառակը, կարծում եմ, որ մենք պետք է ասենք, եւ մեր ասածի մեջ կեղծավորություն չկա, թափանցիկ ասում ենք, որ մենք պատրաստ ենք այդ ճանապարհը տրամադրել: Մենք իհարկե, դեմ չենք, որ Իրանով գնան, դա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց վերահաստատում ենք, որ նույն պայմաններով նաեւ մենք ենք պատրաստ տրամադրել։ Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք նաեւ գնալ որոշակի պարզեցումների»։

Մանրամասները՝ հղումով

Նորություններ