Օվերչուկ․«Ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ» | Region

Օվերչուկ․«Ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»

Հոկտեմբեր 09,2024 13:21

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրից, որը ստորագրել են Մոսկվան, Բաքուն ու Երևանը և որը նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Tass-ի փոխանցմամբ՝ Օվերչուկը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա։

Օվերչուկը շեշտել է՝ ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ։

Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է՝ 2022-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Ադ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել երեք երկրների փոխվարչապետների մակարդակով, աշխատանքային խումբը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր՝ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի   9-10-ի համատեղ հայտարարության մեջ․« Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ ամիս խորհրդարանում անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությանը, ասել էր՝  Հայաստանը պատրաստ է ապահովել և երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև այնպես, ինչպես գրված է 9-րդ կետում, նաև կազմակերպել հաղորդակցությունը, ինչպես գրված է 9-րդ կետում, ըստ որի՝  «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։ Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում լինեն: Չկա այդպիսի բան գրված: Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, այդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն։ ․․․  Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպով սահմանափակվում է իր որևէ տարածքի նկատմամբ»:

 

 

Նորություններ