Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների | Region

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների

Հոկտեմբեր 11,2024 12:03

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդների: Ակցիան շարունակվելու է Հայաստանի ԱԳՆ-ի, տարբեր երկրների դեսպանատների մոտ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ընդգծեց՝ ակցիայի հիմնական նպատակը Բաքվում կայանալիք COP 29 կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ հարցը բարձրացնելն է: «Սա ժամանակահատված է, որ աշխարհի ուշադրությունը դեպի Ադրբեջան է, և մենք պետք է այս ընթացքում պարտադրենք Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները»,-հայտարարեց Ստեփանյանը։

Նա ընթերցեց միջազգային կառույցներին ու դեսպանատներին ուղղված նամակը՝ ընդգծելով, որ չխոսելով, այս հարցերը առաջ չմղելով Ադրբեջանն էլ ավելի կոգևորվի հետագա անպատժելիությունից:

«Նախորդիվ գերեվարված և հետագայում ազատ արձակված անձանցից ստացված տվյալների, իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում բազմիցս արձանագրվել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք և կտտանքներ։ Սրանք այլևս արձանագրված փաստեր են, ու սրանից բխեցվում է այն ողջամիտ ենթադրությունը, որ ցանկացած անձ ադրբեջանական բանտերում գտնվելու պարագայում արժանանալու է նույն վերաբերմունքին»,-նշեց Ստեփանյանը։

 

Նորություններ