Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկը | Region

Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկը

Նոյեմբեր 23,2026 15:57

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» խմբակցությունները այսօր վերահաստատել են՝ մերժում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԱԺ-ում ապահովել վեց ձայն և նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է՝ իրենց թիմը չի պատրաստվում աջակցել նոր սահմանադրության նախագծին, քանի որ այն Ադրբեջանի ճնշումների ներքո է իրականացվել։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, ինչը Իլհամ Ալիևի պահանջն է:

«Քաղաքացիական համերաշխության մասին դրույթը հանվել է, նաև «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» է նշվում «հայ ժողովրդի» փոխարեն, ինչը վկայում է նրա մասին, որ այս իշխանությունները խնդիր ունեն հայ ժողովրդի հետ: Ավելի մանրամասն բնականաբար կանդրադառնանք, հիմա մի շարք դրույթների ուսումնասիրման փուլում ենք գտնվում, բայց արդեն իսկ Սահմանադրության նախագծից պարզ է, որ սա՝ բացի ալիևյան սահմանադրություն լինելուց, նաև ոչ ժողովրդավար և բռնապետական պետության միտում պարունակող սահմանադրություն է»,-ասել է Աբրահամյանը

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին նույն առաջարկն է արել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի՝ եթե այն հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտա, իսկ եթե ժողովուրդն «այո» ասի նոր Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններում ինքը որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի:

«Մենք պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- պնդել է Տիգրան Աբրահամյանը։

Խորհդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը պնդել է, որ ՀՀ Սամանադրությունը չի փոխվի, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Այս ուժն էլ, ինչպես վստահեցրել է Խաչատրյանը, չի պատրաստվում բանակցել Փաշինյանի հետ։

«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն: Քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել՝ Փաշինյանի հետ բացառվում է բանակցելը, ահաբեկիչների հետ չենք բանակցում: Մենք պնդում ենք, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի և Հայաստանը չվերածվի Ադրբեջանի վասալ պետության ու գաղութի։ Առանցքայինը սա է՝ նա պետք է հեռանա, որպեսզի Սահմանադրության փոփոխություն տեղի չունենա»,-ասել է Խաչատրյանը։

Նա անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ուղերձին, ասել է․ «Փաշինյանը նշել է, որ կհեռանա խաղաղության ինստիտուցիոնալացումն ու վերջնականացումն ավարտելուց հետո։ Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, արդյո՞ք որևէ մեկը հստակ պատկերացում ունի։ Նա հմտորեն այնպես է ձևակերպում իր մտքերը, որ հետագայում կարողանա ըստ ցանկության փոխել դրանք։ Հիշենք թեկուզ անկլավների հարցը. երբ խուսանավելու տեղ այլևս չի մնում, ասում է՝ «դե շատ բան եմ ասել»։ Ուստի կրկնում եմ՝ թող ժամանակ չվատնի, որևէ պայմանավորվածություն Փաշինյանի հետ չի լինելու»։

Փաշինյանի՝ գործող Սահմանադրության նախաբանում առկա «Անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտածին են» պնդումների մասին էլ Խաչատրյանն ասել է՝ դա իրականությանը չի համապատասխանում. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մեզ վերագրվող տարածքային հավակնություններին, ապա նախաստորագրված փաստաթղթում արդեն իսկ ամրագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և չեն ունենալու հետագայում։ Իսկ 12-րդ հոդվածի համաձայն՝ կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում առաջնորդվելու են համաձայնագրով և չեն կարող ներպետական օրենսդրության դրույթներով արդարացնել դրա չկատարումը։ Այսինքն՝ Ադրբեջանի ակնկալած դրույթներն արդեն իսկ առկա են փաստաթղթում, ինչին գումարվում են նաև Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը և «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ նրանց մեկնաբանությունները»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակը Մանավազյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է՝  իշխանության առաջարկը «խաղ» կամ «գործարք» չէ, ինչպես որակում է ընդդիմությունը, այլ քաղաքական երկխոսություն։ Մանավազյանի խոսքով՝ ընդդիմությունը չունի հանրային վստահություն և վախենում է թե՛ հանրաքվեից, թե՛ արտահերթ ընտրություններից, քանի որ իշխանությունը թույլ չի տալու կիրառել ընտրակաշառքների մեխանիզմը։

Մանավազյանը վերահաստատել է իշխանության առաջարկը՝ նշելով, որ ընդդիմությունն իր առջև ունի երկու տարբերակ՝ Ազգային ժողովում ապահովել անհրաժեշտ 6 քվեն և թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով արտահայտի իր դիրքորոշումը նոր Սահմանադրության վերաբերյալ։ Հակառակ դեպքում՝ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մանավազյանը նաև հավելել է, որ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ քննարկումները կտևեն մի քանի ամիս՝ մինչև գարուն։ Նա նշել է, որ քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց կարծիքներն ու առաջարկները ներկայացնելու հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում։

Տիրուն Մարգարյան

Նորություններ