ՀՀ ԱԳՆ․ քանի դեռ չունենք վավերացված խաղաղության պայմանագիր, ավարտված սահմանազատում, ունենք մտավախություն Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ունենք ԵՄ մշտադիտարկման կարիք | Region

ՀՀ ԱԳՆ․ քանի դեռ չունենք վավերացված խաղաղության պայմանագիր, ավարտված սահմանազատում, ունենք մտավախություն Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ունենք ԵՄ մշտադիտարկման կարիք

Հոկտեմբեր 23,2024 22:52

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունն ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին.

Հարց. Պարո՛ն նախարար, անցյալ շաբաթ Դուք մասնակցեցիք «3+3» տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպմանը, և ես խնդրում եմ Ձեզ մեր քաղաքացիների և մեզ հետ կիսվել արդյունքներով և հատկապես երկու դրվագի վրա կխնդրեմ Ձեր ուշադրությունը հրավիրեք: Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք մենք ունենալ: Եվ, ըստ էության, ես նաև կխնդրեմ Ձեզ անդրադառնալ այն հարցին, որ կարծես թե հնչեց առաջարկ՝ «3+3» հարթակը դառնա նաև հարթակ խաղաղության պայմանագրի համար: Ես կուզեմ նախ արձագանքեք՝ սա արդյո՞ք առաջարկ էր, թե չէ, և ինչ կարծիքի եք սրա մասին:

Պատասխան․ Բարև ձեզ: Շնորհակալ եմ հարցի համար: Ուզում եմ հիշեցնել և ընդգծել, որ «3+3»-ը տարածաշրջանային խորհրդակցական, խորհրդատվական հարթակ է, և մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մենք կարևորում ենք մեր հարևանների հետ հարաբերությունները, կարևորում ենք իրավիճակը մեր շուրջը, մեր տարածաշրջանում: Եվ մենք ձգտում ենք էապես զարգացնել այն գործընկերների հետ հարաբերությունները, ում հետ ունենք արդեն հարաբերություններ և կարգավորել այն հարևանների  հետ, հարաբերությունները, ում հետ չունենք, այժմ և հետագայում զարգացնելու տեսլականով: Մենք առաջին պահից ի վեր մասնակցել ենք «3+3» հարթակի աշխատանքներին և կարծում ենք, որ դեռ կշարունակենք մասնակցել: Կրկին մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, ապա ուզում եմ ասել, որ այդ «առաջարկը» մեծ հաշվով չկա և դրված չէ սեղանին: Բացի այդ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափ, բոլոր ուղղություններով՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի, հարաբերությունների կարգավորման և այլ հարցերի շուրջ: Տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ԵԱՀԿ նախարարական միջոցառումների ժամանակ, տարբեր երկրների նախարարներն օգտագործում են միաժամանակ մի տեղ լինելու առիթը և իրենց երկկողմ հանդիպումներ ու բանակցությունները ևս ունենում են: Այս անգամ մենք էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ բացառություն չէինք, մենք ունեցանք մեր երկկողմ բանակցությունների հերթական փուլը, և կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը:

Արձագանք․ Շնորհակալ եմ, քանի որ անդրադարձաք նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը, Ստամբուլում մեր կողմից հիշատակվող հանդիպումների ընթացքում, ինձ հետաքրքիր է նաև այն կոնտեքստը, որ Ադրբեջանի նախագահն այսօր, օրինակ, նորից հանդես է եկել հայտարարություններով, որտեղ Հայաստանին մեղադրում է խաղաղության գործընթացը ձգձգելու և խաղաղություն չցանկանալու մեջ։ Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչպես եք գնահատում Ձեր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպման արդյունավետությունը և առհասարակ այս կոնտեքստում ինչպե՞ս եք գնահատում բանակցությունների գործընթացը։ Շնորհակալ եմ:

Պատասխան․ Առաջին անգամ չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից։ Սա որևէ կերպ, ինչպես քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետն ասաց, մեզ չի շեղում և չի շեղելու մեր ռազմավարությունից՝ համբերատար, կառուցողական և ակտիվ կերպով աշխատել՝ օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար։ Ի դեպ, կրկին շատ խորհրդանշական է, և այսօր կարող եք արդեն լիարժեք ասել ձեր քվեարկությունից հետո, որ մենք արդեն ունենք պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը` կնքված երկու երկրների միջև։ Եվ այդ փաստաթուղթն արդեն հիմք է դնում և որոշակի շատ հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և նաև հետագա, կոնկրետ սահմանների և սահմանազատման մասին։ Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը և կրկին կոչ անում մեր հարևաններին ավելի կառուցողական ներգրավել բանակցություններում։

Թուրքիայի մասին հարցին ուղղակի ժամանակ չմնաց անդրադառնալ, բայց պետք է ասեմ, որ մեր երկխոսությունը ևս զարգանում է դրական հունով, և ես կարծում եմ, ունենք արդեն որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում և՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում։ Եվ կան որոշակի վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք մենք պլանավորում ենք համատեղ անել։ Իհարկե, մենք ունեինք պայմանավորվածություն, և այդ պայմանավորվածության համաձայն՝ սահմանը պետք է մասնակի գոնե բաց լիներ, հիշում եք կատեգորիաները։ Ցավոք, այժմ դա դեռ իրականություն չի, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն:

Հարց. Պարոն Միրզոյա՛ն, նախորդ շաբաթ Թուրքիայում տեղի ունեցավ «3+3» ֆորմատով թվով երրորդ հանդիպումը, որտեղ հիմնականում քննարկվել են տնտեսական զարգացման հարցեր և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պրոցեսների շուրջ որոշ մտքեր, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր։ Բնականաբար, ենթադրվում էր երկու երկկողմ հանդիպումներ, և Դուք հանդիպել եք Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, խոսել եք երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել եք տարածաշրջանում որոշ զարգացումներ։ Սովորաբար ձեր հանդիպումներից հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս օգտագործում եք հետևյալ վերնագիրը՝ «զգուշավոր լավատեսություն ունեմ», այնուհետև շարունակում եք։ Կխնդրեմ, որպեսզի այս անգամ էլ կիսվեք ձեր տպավորություններով։ Չնայած գործընկերոջս հետ կիսվել եք, բայց այնուամենայնիվ, որքանով որ ֆորմատը թույլ է տալիս հատկապես տարածաշրջանում կայուն խաղաղության և երկկողմ օրակարգային հարցերի շուրջ։

Պատասխան․ Շնորհակալ եմ, տիկին Ստեփանյան, հետաքրքրության համար:  Իսկապես, ես մասնակցել եմ «3+3» խորհրդատվական հարթակի հերթական նախարարական հանդիպմանը, և այդ հանդիպման ընթացքում ունեցել եմ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում նաև՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ: Մենք բավականին հանգամանալից և բովանդակային զրույց ենք ունեցել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ որոշ տարածաշրջանային, կամ նաև եթե կուզեք, մեծ տարածաշրջանի վերաբերող հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ես կարդարացնեմ ձեր սպասելիքները և կրկին զգուշավոր լավատեսություն կհայտնեմ: Թերևս այս անգամ մի փոքր պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը, ինչպես քիչ առաջ՝ նաև նախորդ հարցին պատասխանելիս ասացի, բավականին դրական տեմպերով է զարգանում և դրական բովանդակություն ունի: Հույսս կրկին այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, շոշափելի ձեռքբերումներ:

(…) Գիտեք այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առջև, իսկ մենք հաճախ ասում ենք նաև, որ դրանք երբեմն գոյաբանական մարտահրավերներ են։ Կա խնդիր, և կան առաջնորդություններ։ Ունենք ռազմավարություն, և շարժվում ենք այդ ճանապարհով։ Շնորհակալ եմ:

Հարց. Պարո՛ն Միրզոյան, հոկտեմբերի 7-ին ԱՊՀ նիստից հետո լրատվական շրջանակներում տարածվեցին լուրեր երկու փաստաթղթի մասին՝ մեկը միակողմանի միջոցների և պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, մյուսը՝ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին»։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել այս երկու հայտարարություններին։ Կխնդրեմ մի փոքր մասնավորեցնեք հայկական կողմի մոտեցումները։

Պատասխան․ Շնորհակալ եմ հարցի համար, տիկին Մինասյան: Իսկապես երկու փաստաթղթերն ընդունվել են ԱՊՀ նախարարական ձևաչափում, Հայաստանի Հանրապետությունը չի միացել այդ երկու հայտարարություններին: Չեմ ուզում շատ բացել քննարկումների մանրամասները, որովհետև այդ քննարկումներն,  այնուամենայնիվ, բանակցությունների փակ դռների հետևում են եղել, և որոշ դիվանագիտական, խորհրդապահական տարրեր են պարունակում, և նաև էթիկայի տեսանկյունից գուցե շատ ճիշտ չի։ Ասեմ միայն, որ մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարությունների մեջ, և հակառակը՝ այդ հայտարարությունների մեջ կան ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել: Քննարկումների վերջնարդյունքում մենք որոշել ենք չմիանալ այդ հայտարարություններին:

Արձագանք․ Շնորհակալություն և մի կարճ հարց, որը հանրային լայն  քննարկումների տիրույթում է այժմ։  Այսօր կրկին Ադրբեջանի նախագահը բողոքեց ԵՄ առաքելությունից, և միաժամանակ ադրբեջանական մամուլում տարածվել են ԵՄ առաքելության վերաբերյալ տեղեկություններ, իբրև թե ԵՄ առաքելությունն իր մանդատից դուրս գործունեությամբ է զբաղվում Հայաստանի Հանրապետությունում։ Կան արդյո՞ք քննարկումներ այժմ ԵՄ առաքելության երկարաձգման հետ կապված:

Պատասխան․ Շատ լավ, ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործողություններով, գործունեությամբ առհասարակ, որոնցով օժտված է համապատասխան ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող: Ես, որքանով տեղեկացված եմ, Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը: Մեր տեսանկյունը կարող եմ ասել. քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված սահմանազատման գործընթաց և կայունություն, երկարատև խաղաղություն, քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն, և դեռ կան խնդիրներ, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ մենք ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկմանը և բոլոր տեսակի նաև կեղծ հրապարակումների ու կեղծ լուրերի փարատմանը: Շնորհակալ եմ։

Նորություններ