Բաքվում շինծու գործով դատվող արցախցի Էրիկ Ղազարյանի կինը դատավարության մասին․«Չեմ հավատում Ադրբեջանի արդարադատությանը, բայց դեռ հրաշքի հույս ունեմ»

Էրիկ Ղազարյանի կինը՝ Ալլա Էմիրյանն ասում է՝ ամեն չորեքշաբթի հեռախոսային կապ է հաստատվում Էրիկի հետ, և նրան հնարավորություն է տրվում խոսել ընտանիքի հետ։ Էրիկի ձայնը միշտ ուրախ է հնչում, և երբեմն Ալլային թվում է, որ այդ ձայնում վստահություն է լսում, որ նա անպայման տուն կվերադառնա
Ադրբեջանի իշխանությունները փորձում են խաբել միջազգային հանրությանը` խաղալով «բաց դատավարություն» և նույնիսկ թույլ տալով հայ բանտարկյալների փաստաբաններին միջնորդություններ ներկայացնել խափանման միջոցը տնային կալանքի փոխելու համար:
Այդ երկրի լրատվամիջոցները հրապարակել են դատավարությունից լուսանկարներ, որտեղ Արցախի նախկին նախագահներն են, պետքարտուղար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, որոնք անօրինական կերպով պահվում են ադրբեջանական բանտերում։
Շինծու քրեական այս գործով 15 հայերի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, ըստ ադրբեջանական կողմի, 2 հազար 548 դրվագով։ Էրիկ Ղազարյանը, որը մինչ 2023 թվականի սեպտեմբերը՝ մինչ Արցախից հայերի բռնի տեղահանումն, ընտանիքի հետ բնակվում էր Մարդակերտի շրջանի Հաթերք գյուղում, այս 15 հայերից մեկն է։
REGIONSTV-ի հետ զրույցում Էրիկ Ղազարյանի կինը՝ Ալլա Էմիրյանն ասում է․«Ես չեմ հավատում Ադրբեջանի արդարադատությանը, բայց դեռ հրաշքի հույս ունեմ։ Միգուցե ի վերջո արդարությունը հաղթի, և Էրիկն ու մնացած բոլորը ազատ արձակվեն։ Երազում եմ այն օրվա մասին, երբ նա կվերադառնա ընտանիք, իր փոքրիկ դստեր մոտ»։
Ալլան նշում է, որ ուշադիր հետևում է «դատավարության» ընթացքին, Էրիկն արտաքնապես գրեթե չի փոխվել, միայն մի փոքր նիհարել է։ Ալլան ասում է, որ ամեն չորեքշաբթի հեռախոսային կապ է հաստատվում, և նրան հնարավորություն է տրվում խոսել ընտանիքի հետ։ Էրիկի ձայնը միշտ ուրախ է հնչում, և երբեմն Ալլային թվում է, որ այդ ձայնում վստահություն է լսում, որ նա անպայման տուն կվերադառնա:
Ալլան շարունակում է. «Սպասումի յուրաքանչյուր օրը մեզ համար մեծ ցավ է։ Մենք լսում ենք բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի պատմություններ, և դա ճնշող է: Էրիկն իր մասին ոչինչ չի պատմում, միշտ հարցնում է դստեր մասին, ափսոսում է, որ չի կարող տեսնել, թե ինչպես է դուստրը՝ Միլենան մեծանանում, որ նա մեզ հետ չէ։ Էրիկը հիշում է մեր բոլորի ծննդյան օրերը և միշտ զանգահարում է նախապես շնորհավորելու։ Նա անգամ Ամանորին է զանգել։ Փորձում եմ նրան քաջալերել, հիշեցնել, որ տանը սպասում են։ Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա, որպեսզի մոռանանք ամեն ինչ ու նորից սկսենք»։
Ալլան ասում է՝ յուրաքանչյուրն օրն առանց ամուսնու, առավելևս երբ նա գերության մեջ է, ծանր փորձություն է։ Երկու տարեկան Միլենան չի հասկաում՝ ինչո՞ւ հայրիկը տուն չի գալիս ու խաղում իր հետ։
Ալլան պատմում է, թե ինչպես է ամուսինը գերեվարվել՝ 2023 թվականի սեպտեմբերին էր, որը ծանր ու ողբերգական ամիս դարձավ այս ընտանիքի համար։
«Ես պարզապես չեմ կարող մոռանալ մեր վերջին հեռախոսազրույցը. Ռմբակոծությունից առաջ ամուսինս զանգահարեց, զրուցեցինք, դա մեր վերջին անավարտ խոսակցությունն էր։ Մայրիկիս, 11 ամսական աղջկաս հետ նստեցինք գյուղում հանդիպած առաջին մեքենան և ճանապարհին փոխելով ևս 2 մեքենա՝ հազիվ հասանք Ասկերանի օդանավակայան։ Հետո մեզ տեղափոխեցին Ստեփանակերտի հյուրանոց։ Մայրաքաղաքում կային բարի մարդիկ, ովքեր իրենց վերջին կտոր հացը կիսեցին մեզ հետ։ Ես ամենուր փնտրում էի այն մարդկանց ընտանիքները, որոնք ամուսնուս հետ են եղել։ Ուզում էի իմանալ՝ նրանցից գոնե մեկը կապի դուրս եկե՞լ է։ Գտա մի կնոջ, ում ամուսինը զանգահարել ու ասել էր՝ 6 հոգի ողջ են։ Իսկ ավելի ուշ իմացա, որ նա վերադարձած ամուսնու հետ տեղափոխվել է Հայաստան։ Սեպտեմբերի 29-ին էլ ամուսնուցս լուր չստացա։ Հասանք Գորիս, հետո տեղափոխվեցինք Սիսիան, որտեղ ապրում ենք մինչ օրս։ Մենք մի իրավիճակում էինք, երբ ապագան անորոշ էր, և վախ ու անհանգստություն կար։ Մեկ ամիս հետո իմացա ամուսնուս գտնվելու տեղը՝ նրան գերեվարել էին: Ուրախացա, որ ողջ է, բայց անհանգստանում էի, որ նա գտնվում է թշնամու ձեռքում։ Դրան հաջորդեց ամուսնուս զանգը։ Սկզբում զանգում էր ամիսը մեկ, իսկ հետո շաբաթը մեկ»,-պատմում է Ալլան։
Բաքվի դատավարությունից Ալլան լավ բան չի սպասում, դատական նիստերն անհանգստացնում են․«Թեև Էրիկի փաստաբանը միջնորդեց դատարանին խափանման միջոցը փոխել տնային կալանքով, ես չեմ հավատում Ադրբեջանի դատական համակարգի արդարությանը, բայց դեռևս հրաշքի հույս ունեմ։ Միգուցե ի վերջո արդարությունը հաղթի, և Էրիկն ու մնացած բոլորը ազատ արձակվեն։ Երազում եմ այն օրվա մասին, երբ նա վերադառնա իր փոքրիկ դստեր մոտ, իր ընտանիքին։ Ես հույսս չեմ կորցնում»։
Ալլան այնքան էլ չի հավատում արցախցի գերեվարված անձանց ազատելու Հայաստանի իշխանության ջանքերին։ Ասում է՝ կառավարությունից լուրջ ակնկալիքներ չունի․«Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորվել են մարդիկ, ովքեր պայքարել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքի համար, և այսօր նրանք աջակցության և պաշտպանության կարիք ունեն։ Հայաստանը չպետք է համաձայնվի «Խաղաղության պայմանագրին», մինչև մեր հայ բանտարկյալները չվերադառնան, անհրաժեշտ է հասնել նրանց ազատ արձակմանը։ Ընտանիքները մեկ տարուց ավելի է սպասում են նրանց վերադարձին։ Հաշվի առնելով միջազգային կառույցների և անհատների ջանքերը այս խնդրի լուծման ուղղությամբ, ես ակնկալում եմ, որ մեր բոլոր բանտարկյալներն, այդ թվում՝ ամուսինս, կվերադառնան»։
Ալլան տարակուսանք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խոսքերի առնչությամբ, ով կոչ է արել Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարներին «քաղբանտարկյալներ» չանվանել։ Բայց ինչպե՞ս կոչենք նրանց, եթե նրանք իսկապես քաղբանտարկյալներ են։ Ըստ Ալլա Էրիմյանի՝ «այս իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Նման հարցերի քննարկումը կարող է ազդել միջազգային կարծիքի և տարածաշրջանում արցախցիների իրավունքների վրա։ Այս լարված իրավիճակում պետք է ձգտել անհատի իրավունքների հարգմանն ու արդարությանը»։
Լուսանկարում Էրիկ Ղազարյանը աջից 3-րդն է
Զաբելա Ավագյան