«Մեր առաջապահ նոր գիծն անցնում է մշակված ցորենի արտերի միջով… Սա ի գիտություն «ամայի տարածքների» մասին բարբաջած ՀՀԿ-ական խորշելիների» | Region

«Մեր առաջապահ նոր գիծն անցնում է մշակված ցորենի արտերի միջով… Սա ի գիտություն «ամայի տարածքների» մասին բարբաջած ՀՀԿ-ական խորշելիների»

Մայիս 23,2016 12:13

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

-Պարոն Քանանյան, առաջնագծում շինարարական աշխատանքներ են սկսվել: Տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս։ Կամավորներն էլ Ս. Սարգսյանի՝ Վիեննայի հանդիպումից հետո վերադառնում են: Կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ պատերազմն այս փուլում ավարտվել է:

-Պատերազմն, ըստ էության, երբեք չի դադարել և թերևս հարյուր տարի անց էլ չի դադարի։ Արցախյան հիմնախնդիրը հայ-թուրքական համապարփակ հակամարտության ներկա փուլի ամենասուր բաղկացուցիչն է։ Իրերը հարկ է իրենց անուններով հստակ կոչել։ Հայ-թուրքական հակամարտության հիմքում ընկած է հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ֆիզիկական գոյություն և ինքնիշխան պետականություն ունենալու իրավունքի կենսագործումը։ Այն գոյաբանորեն վտանգված կլինի առանց ցեղասպանության հետևանքների լիակատար վերացման։ Հայ-թուրքական հակամարտության ընթացիկ և վերջնական կարգավորման առանցքը հարակից տարածաշրջանում արդյունավետ պետականակերտման միջոցով Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական և քաղաքակրթական գերակայության հաստատումն է։ Կամենանք, թե չկամենանք… Կարողանանք, թե չկարողանանք… Չկարողանալու հետևանքը լինելու է պատմության բեմահարթակից մեր պետական և ֆիզիկական անշրջելի անհետացումը։ Մեր տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է միայն, եթե այդ պահին հնարավոր չէ պատերազմը։

Իսկ եթե «տեսությունից» անցնենք ընթացիկ իրավիճակին, ապա, այո՛, Թալիշից բացի սահմանամերձ մյուս համայնքների բնակիչները՝ կանայք, երեխաներ, տարեցներ, վերադառնում են իրենց տները։ Տղամարդիկ հիսուն օրից ավելի դիրքերն են պահում։ Իսկ պետական հիմնարկներն ու սոցիալական ծառայություններն անխափան գործել են անգամ քառօրյա պատերազմի թեժ օրերին։ Այլ հարց է, որ ապրիլյան իրադարձությունները վերջնականապես քայքայել են 1994 թվականից գոյություն ունեցած ստատուս-քվոն։ Այստեղ խոսքս ոչ միայն և ոչ այնքան հայկական կողմի կորցրած 800 հեկտարի մասին է։ Նախորդ ստատուս-քվոն հանրային գիտակցության մեջ ընկալվում էր որպես համեմատաբար անվտանգ ապրելու ժամանակավոր ռազմաքաղաքական կացություն, որն անորոշ ժամանակով հետաձգում էր արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը և իշխանություններին ու բնակչությանը հնարավորություն էր տալիս կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով ծրագրել թե՛ պետականակերտումը (կամ դրա կոռուպցիոն նմանակումը), թե՛ անձնական կյանքը՝ ընտանիք կազմել, երեխա ունենալ, տուն կառուցել և այլն։ Հրադադարը մարդկորեն անհրաժեշտ պատրանք էր, որին անվերապահորեն հավատալու միամտություն չպետք է ունենային գոնե քաջնազարյան բախտով երկրի կառավարման լծակներին տիրացած անձինք։ Հիմա այս պատրանքը հօդս ցնդեց։ Մարդիկ հասկացան իրենցից տարիներով թաքցվող այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմն ամեն օր կարող է ավերիչ ահարկությամբ բաբախել անխտիր բոլորի դռները։ Քառօրյա պատերազմը ոչ միայն անուղղակիորեն ազդել է Արցախի մարզի տնտեսության վրա՝ պատճառելով զոհեր, ավերածություններ և վտանգված գոտուց բնակչության մասնակի տեղաշարժ։ Այն սովորական քաղաքացիների մոտ փշրել է կյանքի ընթացիկ կանխատեսելիությունը։ Քանի դեռ նվազագույն շոշափելի չափով Ադրբեջանը պատիժ չի կրել, քանի դեռ հյուսիսում Թարթառ քաղաքն աղդամացված չէ, քանի դեռ հարավային ուղղությամբ Հորադիզ կայարանն ու ամբարտակն ազատագրված չեն, Արցախի սահմանամերձ բնակավայրերում նախկին չափով բնականոն կյանքը չի վերականգնվի։ Բայց եկեք դրանով էլ մեզ չխաբենք։ Զուտ ռազմաշխարհագրական առումով 1994 թ. հրադադարի գիծն Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում այլևս ի զորու չէ կանխել հայկական կողմի համար անընդունելի մարդկային և ենթակառուցվածքային կորուստները։ Ցավոք, ՀՀ ներկայիս գաղութային վարչակազմը չունի կանխարգելիչ նախահարձակ պատերազմ սկսելու նվազագույն քաղաքական կամք։ Բայց եթե Բաքուն հյուծիչ պատերազմի այս նոր շրջափուլում հանդգնի կրկնել «քառօրյա» հարձակման փորձը, ապա գոնե այդ ժամանակ Արցախի դաշտային հրամանատարությունը պետք է անտեսի առաջ չշարժվելու արտաքին թելադրանքով Երևանից իջեցվելիք հերթական դավադիր հրամանը… Կուր գետը պետք է լինի և լինելու է արևելքում Հայաստանի պետական սահմանը։ Այլապես կես դար անց Երևանն էլ մերը չի լինելու…

-Պարոն Քանանյան, եթե փորձենք այս ամենն ամփոփել՝ քառօրյա պատերազմ, հրադադար, Վիեննայի հանդիպում… Ըստ Ձեզ, այս փուլն Հայաստանն ինչպե՞ս հաղթահարեց, ինչպիսի՞ն են մեր դիրքերը հիմա մինչապրիլյան վիճակի համեմատությամբ։

-Առաջին հայացքից պատասխանս կարող է հակասական թվալ, եթե հստակորեն չտարանջատենք գործող քաղաքական սուբյեկտներին։ Ներկայացուցչական քաղաքականության մակարդակով քառօրյա պատերազմին հաջորդած շրջանն արձանագրել է Հայաստանի միջազգային վարկանիշի ու ռազմաքաղաքական կշռի հերթական անկում։ Այն մինչ այդ էլ զրոյական էր, մինչ այդ էլ «շրիշակից ցած» էր… Իսկ «խաչատուրովյան զինադադարը», բանակցությունների վերսկսման համար ծիծաղելի թերարժեք նախապայմաններ առաջադրելը և մի ամիս չանցած «փալասի» կարգավիճակով Վիեննա մեկնելն ու կրկին «մադրիդյան» փաթեթի շրջանակում բանակցելն առհասարակ բարեկիրթ բառապաշարով բնութագրման ենթակա քայլեր չեն։ Բայց այս ամենը ՀՀ նախագահ հորջորջված անձի, նրա ՀՀԿ-ական աղբանոցի և այն սպասարկող «փորձագետ-քարոզիչների» «պերճությունն» է։ Նախորդ տարիներին Քարվաճառում որոշ արևմտյան և ռուսական «շահագրգիռ փորձագետների» հետ զրույցներում նրանց հետևողաբար փորձել եմ բացատրել, որ խոշոր (իսկ որոշ նախագծերի պարագայում՝ ճակատագրական) սխալ է Հայաստանը նույնացնել այստեղ ժամանակավորապես իշխող «վերնախավի» հետ։ Երկիրն ընթացիկ ռեժիմով հարստահարելու, բնական պաշարներն արտաքին կառավարմանը հանձնելու, ինքնիշխանության ներկայացուցչական ատրիբուտները զիջելու մասով ՀՀ գաղութային վարչակազմն, իրոք, ահագին «կատարելագործվել» է։ Բայց ազգային գոյությանը սպառնացող ճգնաժամի պահին արտաքին ուժի կենտրոնները կարող են հանկարծակիորեն պարզել, որ «Հայաստան» և «Հայություն» սուբյեկտների պարզունակ նույնացումը երկիրը կառավարող վարչակազմի հետ նրանց դառնագին ձախողման առջև է կանգնեցնելու։ Կա մի բացառիկ կարմիր գիծ, որն անցնելու գործնական ոտնձգության ի պատասխան յուրաքանչյուր իշխանավոր ոչ միայն ժամերի ընթացքում կիշխանազրկվի, այլև անխուսափելիորեն կկորչի տարերայնորեն անողոք դաշտային դատաստանի ձեռամբ։ Այս գիծը հայտնի է՝ տարածք հանձնելն է։ Ասվածիս լավագույն հաստատումը՝ Երրորդ Հանրապետության միմյանցից որակապես ածանցյալ բոլոր վարչակազմերի՝ տարածք հանձնելու մեխանիզմների շուրջ պատրաստակամորեն բանակցելու ֆոնին այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ կատարելու հարցում դրսևորած ահասարսուռ երկյուղը։ Չէ՞ որ նրանց կենդանական բնազդներն, ի տարբերություն պետական ու մարդկային հիմնարար որակների, մշտապես առկա են եղել։ Ժամանակին գեթ այս հարցում նրանց ադեկվատություն էի մաղթում, իսկ այժմ արդեն կատարելապես անտարբեր եմ։ Թերևս սա է նրանցից ձերբազատվելու ակամա ամենակարճ ճանապարհը…

Այսօր իմ հույսն ու վստահությունը կապված է բացառապես հայոց հանրության գիտակից հատվածի վճռականության և արցախյան դաշտային հրամանատարության կամային որակների հետ։ Եթե շրջադարձային պահին նրանք ի զորու չլինեն կանխել «մադրիդյան» փաթեթի իրականացումը, մենք կանգնելու ենք վատթարագույն մեկնարկային պայմաններում համապարփակ պատերազմի, նոր ցեղասպանության և Հայոց պետականության հիմքերի վերջնական փլուզման վերահաս սպառնալիքի առջև։ Ուղղակի հրաժարվում եմ հավատալ, որ Հայաստանի անկումը հնարավոր պատմական հեռանկար է…

Յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի, որ այսօր կանխարգելիչ կամ պատժիչ պատերազմի արյունից խուսափելու սին ճիգերը հանգեցնելու են անհամեմատ ավելի մեծ արյունահեղության։ «Անմշակ հո՞ղ, թե՞ երիտասարդ կյանքեր» կեղծ ու միտումնավորապես ստոր հարցադրում տարածողները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր հանձնած «թիզը» հազարապատկելու է մեր երիտասարդ (և ամեն տարիքի մարդկանց) կյանքերի կորուստը՝ հանձնմանն անմիջապես հաջորդելիք նոր պատերազմում… Կրկին ցեղասպանությո՞ւն եք երազում․ մոռացե՛ք․ ցեղասպանության ժամանակն անցել է։ Մենք ցեղասպանության հետևանքների վերացման ժամանակաշրջանում ենք ապրում։

-Հայաստանում և Արցախում իշխանական շրջանակները ոգևորված են Վիեննայի հանդիպումից, հատկապես կարևորում են հետաքննությունների ներդրման մեխանիզմը, մինչդեռ Ադրբեջանից արդեն կան առաջին պաշտոնական մեկնաբանությունները. Բաքուն դեմ է և ԵԱՀԿ—ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու պարտավորություն չի ստանձնել։ Սա ի՞նչ է նշանակում:

-Ոգևորվա՞ծ։ Համենայնդեպս, չէի ասի, որ՝ շատ։ Միայն ծայրագույն հիմարը կհավատա, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմները երբևէ լրջորեն կգործարկվեն շփման գծի որևէ հատվածում։ Անգամ եթե «ձևի համար» մի քանի տեղ այդ սարքերը կամ Կասպրշիկի գրասենյակի դիտորդներն արձանագրեն, որ հրադադար խախտած կողմն Ադրբեջանն է, միևնույնն է, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբից երբեք չենք լսի քաղաքական նվազագույնս շոշափելի հետևանք ենթադրող «հասցեական» դատապարտման հայտարարություն։ Մինսկի խմբից նեղանալն էլ միամտություն է։ Ամեն կառույց ունի իր գործառույթը։ Հրադադարի գծում կրակի դադարեցման ռեժիմ պահպանելու ռազմաքաղաքական առաքելությունը հայկական կողմինն է։ Մենք ենք թերացել՝ չօգտագործելով Բաքվին հասկանալի միակ՝ ռազմական ուժի, տարածքային կորուստների և աղդամացման լեզուն… Վիեննայի հանդիպումից ընդամենն օրեր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով հնչած և Ձեր իսկ հիշատակած՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու պարտավորություն չստանձնելու մասին հայտարարությունն ասածիս միանգամայն օրինաչափ հաստատումն է։ Այլ հարց է, որ Հայաստանի ներկայիս ապապետական գաղութային վարչակազմը հերթական անգամ ազգային նվաստացման կործանարար հատակից գլուխ բարձրացնելու դույզն-իսկ համարձակություն չի ունենա։ Այդ համարձակությունը պետք է դրսևորի հանրությունն ու դաշտային հրամանատարությունը…

-Պարոն Քանանյան, Ս. Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմի կորցրած տարածքները ռազմավարական, մարտավարական տեսանկյունից այդքան կարևորություն չունեն, և անվտանգության գոտուց ենք տարածքներ կորցրել: Սա հաստատեց նաև պաշտոնական Ստեփանակերտը: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ տարածքները չեզոք գոտի էին և իսկապես ռազմական տեսանկյունից հավասարակշռություն չի փոխվել: Իսկապե՞ս Արցախում այդ կարծիքն է գերիշխող:

-Արցախցիների՝ որպես հանրության կարծիքը քաջ հայտնի է. անհանդուրժելի է որևէ դիրքի կորուստ, որևէ «թզով» չափվելիք նահանջ… Պաշտոնական անձանց ճամարտակ «կռուտիտներն» արժանի գնահատական են ստացել և՛ Արցախի մարզի, և՛ հայաստանյան ողջ հանրության կողմից։ Այդ գնահատականների ոճն ու բառապաշարն այս հարցազրույցում ուղիղ մեջբերմամբ զետեղելի չեն։

Հիմա ևս մի անգամ անդրադառնանք կորսված դիրքերի ռազմավարական, քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական նշանակությանը։ Թալիշը 1994 թ. հրադադարի դիրքային եզրագծի իմաստով ամենախոցելի հատվածն էր, քանի որ հրադադարի կնքման նախորդած ամիսներին այս հատվածում հայկական զինված ուժերին չի հաջողվել ժամանակին ազատագրել Այգեստան-Մարգուշևան հատվածն ու աղդամացնել Թարթառը։ Անկեղծ ասած, անգամ 2000-ականների սկզբներին ինքս արդարացված չէի համարում Թալիշում լիարժեք գյուղական համայնքի վերականգնման քաղաքական որոշումը՝ կարծելով, որ մինչ հաջորդ արցախյան պատերազմի ավարտը թալիշցիներին նպատակահարմար էր բնակեցնել Արցախի այլ՝ առավել անվտանգ բնակավայրերում։ Բայց, ամեն դեպքում, նախքան քառօրյա պատերազմն ու այդ հատվածում 800 հեկտարի կորուստը Թալիշում հնարավոր էր ապրել։ Այսօր, երբ գյուղի տների մեծագույն մասը գտնվում է սովորական հրազենի խոցելիության շրջանում, համայնքի ժամանակավոր տարբնակեցումն, ի մեծագույն ցավ բոլորիս, այլընտրանք չունի։ Ասել, որ Թալիշին հարակից որոշ դիրքերի կորուստը հանգեցրել է հյուսիսարևելյան հատվածում մեր պաշտպանական գծի էական թուլացմանը՝ չափազանցություն է։ Կարելի է խոսել տեղայնական բնույթի շոշափելի կորստի մասին։ Տնտեսական առումով կորուստները նույնպես զգալի են։ Թալիշն ուներ զարգացած գյուղատնտեսություն։ Անասնապահության կողքին լիովին մշակված էին ընդհուպ մինչև նախկին դիրքերը հասնող դաշտերը։ Այսօր մեր առաջապահ նոր գիծն անցնում է հենց այս մշակված ցորենի արտերի միջով… Սա ի գիտություն «ամայի տարածքների» մասին բարբաջած ՀՀԿ-ական խորշելիների… Ժողովրդագրական հետևանքներն ակնառու են. Թալիշի պես կայացած ու ծաղկուն բնակավայրը մինչ երրորդ արցախյան պատերազմի ավարտը որպես համայնք ապաբնակեցված է մնալու… Իսկ քաղաքական և բարոյահոգեբանական առումով տեղի ունեցածը բացարձակապես անհանդուրժելի է… Մեր մի քանի դիրքերի կորուստը շատ ոգևորիչ է ադրբեջանական բանակի և ծանրորեն մարսելի է հայերիս համար։ Ադրբեջանում մարդկային կյանքն արժեք չունի, բայց քարտեզի վրա երևացող տարածքային կորուստն ու տասնյակ հազարավոր փախստականների հոսքը նկատելի են և ազդու։ Դրա մասին շատ ենք խոսել…

Հարավում Ադրբեջանի կողմից Լելե-Թեփե բարձունքի գրավումը մեզ համար արդեն տեղային բնույթի կորուստ չէ։ Այն լրջորեն վտանգել է հարավային հատվածի պաշտպանական ամբողջ համակարգը՝ էապես մեծացնելով հարակից դիրքերի և, հատկապես, արաքսամերձ դաշտավայրային հատվածի խոցելիությունը։

-Պարոն Քանանյան, ի՞նչ կարծիքի եք, իրադարձությունների այս շղթան ի՞նչ շարունակություն կունենա, և «Վիեննայի» պարգևած խաղաղությունը որքա՞ն կձգվի:

-Քանի դեռ Թարթառն աղդամացված չէ, քանի դեռ հարավում չի վերականգնվել 1993 թ. նոյեմբերի սահմանագիծը (ոչ միայն Լելե-Թեփեն, այլև Հորադիզ կայարանն ու ամբարտակը), խաղաղության մասին խոսել ընդհանրապես անիմաստ է։ Մենք չենք վայելի անգամ 1994 թ. հրադադարից հետո ունեցած պատրանքային կիսախաղաղությունը։ Թոմաս դե Վաալը բանիմաց և «շահագրգիռ» փորձագետ է. այս գարնանը նրա կանխատեսած «պատերազմը» համապարփակ ռազմական դիմակայության չի վերաճել միայն մեր երիտասարդ զինվորականների անվեհեր քաջության շնորհիվ։ Ես չեմ հավատում, որ Թոմասը սոսկ «կռահել» է ժամկետը. համոզված եմ, որ նա որոշ չափով լուրջ փակ տեղեկատվության է տիրապետում։ Այժմ նա համարյա բաց տեքստով ասում է, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն Ադրբեջանում «Ֆորմուլա 1»-ի ավարտից, այսինքն՝ հունիսի 20-ից սկսած։ Ես միշտ դեմ եմ եղել արցախյան պատերազմի վերսկսման ճշգրիտ օրն ու ժամը կանխատեսելու ճիգերին։ Մենք ընդամենը պետք է իմանանք, որ պատերազմն անխուսափելի է և պետք է հանրորեն պատրաստ լինենք պաշտպանել և ազատագրել աստվածային անժամանակյա իրավունքով մեզ բաժին ընկած սրբազան Հայրենիքը։ Երրորդ Արցախյան պատերազմում մենք բնականաբար և անտարակույս կհաղթենք, թեև շատ ցանկալի է, որ այն Կուրի ափին ավարտվի, որպեսզի մեր գալիք սերունդները ստիպված չլինեն արևելյան ուղղությամբ վարել թվով 4-րդ կամ 5-րդ պատերազմը։

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Նորություններ