Ես երաշավորում եմ՝ իմ կառավարման օրոք 300 հազար ադրբեջանցի չի բնակեցվելու ՀՀ-ում․ Փաշինյան
Ես տալիս եմ երաշխիքներ, որ իմ կառավարման օրոք 300 հազար ադրբեջանցի չի բնակեցվելու Հայաստանի Հանրապետությունում։
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ընդդիմադիրների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարություններին, թե Փաշինյանը պատրաստվում է կատարել Ալիևի պահանջը՝ «300 հազար փախստական ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնել»։
«Կալուգացի օլիգարխն ասել է՝ թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ու ասի, որ սուտ է, որ 300 հազար ադրբեջանցիներ Հայաստան չեն գալու բնակվելու։ Ես նստած ասում եմ՝ սուտ է։ Երաշխավորում եմ, որ չեն գալու, դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեման չի լինելու, Նախիջևան վերադարձի թեման չի լինելու, Բաքու վերադարձի թեման չի լինելու, Սումգաիթ, Կիրովաբադ վերադարձի թեման չի լինելու, Եվլախ վերադարձի թեման չի լինելու, Գետաշեն վերադարձի թեման չի լինելու։ Այո, երաշխավորում եմ։ Դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չի»։
Փաշինյանին հիշեցրեցին, որ նա խոստացել էր, որ հայհոյանքին հայհոյանքով չի պատասխանելու, ինչին նա այսպես արձագանքեց․«Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որն իմ դեմ են օգտագործել։ Այդ հարցի լուծումը մեկն է՝ «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստան» դաշինք ուժերը պետք է խորհրդարան չանցնեն, և դա շատ իրատեսական խնդիր է։ Հակառակ դեպքում․․․այդ մարդիկ փաստարկ չունեն, էլի տենց բաներ են անընդհատ խոսելու։ Դա չի կարա հավերժ շարունակվի, այդ դոզան էլի կուտակվելու և հակադարձվելու է։ Չեմ պատրաստվում ամեն օր անել դա, բայց դա օբյեկտիվ իրականությունն է ՝ եթե ամեն օր նման բաներ ասեն, մի օր կասենք՝ լավ, ամեն ինչին չափ ու սահման կա։ Ցանկացած մարդկային հարաբերությունում այդպես է։ Կարող է շատ կրթված ու կոռեկտ լինեք, ունենաք էթիկայի որոշակի կանոններ, բայց մի պահ կա, որ կասենք՝ էս աշխարհում մենակ ե՞ս ունեմ էթիկայի կանոն»։
