ՔԿ․ Նախաձեռնվել է քրեական վարույթ Նարեկ Կարապետյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու տեղեկությունը թաքցնելու առնչությամբ
«Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը թաքցնելու վերաբերյալ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածե, ըստ որի․«ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը): Կատարվում է նախաքննություն»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ, ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել, կից գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»:Սիմոնյանի հրապարակած փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, որտեղ Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:
Երել Նարեկ Կարապետյանն արձագանքել է այդ հրապարակմանը․«Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։
ԿԸՀ խոսնակը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ Խոսնակը Factor-ին ասել է․«ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»։ Նա նաև նշել է, որ ԿԸՀ-ն չունի ստուգելու գործառույթ և առաջնորդվում է Նարեկ Կարապետյանի` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ստացած և ԿԸՀ-ին փոխանցած տեղեկանքով, որի համաձայն համարվում է միայն ՀՀ քաղաքացի։ Կարապետյանը շարունակում է համարվել ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու
Այսօր առավոտյան Կարապետյանը կրկին գրառում է կատարել, նշելով․«Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:
Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն:
Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից: Փոփոխությունները գալիս են»:
«Ուժեղ Հայաստանի» խոսնակն էլ այսօր հայտարարություն է տարախել, նշելով, որ դատական հայցեր են ներկայացնելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, ովքեր ապատեկեղեկություն են տարածում Կարապետյանների մասին․« Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ: Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել: Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար: Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:
Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Հարգելի՛ ՔՊ-ականներ, մի՛ ափսոսեք, այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու»:
