«Հայաստանը չի փոխի իր հիմնական գիծը։ Բայց միևնույն ժամանակ կփորձի չսադրել Ռուսաստանին»․Միքայել Զոլյան | Region

«Հայաստանը չի փոխի իր հիմնական գիծը։ Բայց միևնույն ժամանակ կփորձի չսադրել Ռուսաստանին»․Միքայել Զոլյան

Մայիս 23,2026 21:15

«Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում գործում է մոտավորապես հետևյալ դինամիկան. Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, հաղթահարել կախվածությունը Ռուսաստանից և ձեռք բերել նոր ռազմավարական գործընկերներ։ Բայց միևնույն ժամանակ աշխատում է, պատկերավոր ասած, չափից ավելի չսադրել Մոսկվային և պահպանել լավ հարաբերությունների գոնե տեսանելիությունը։ Փաշինյանի վերջին հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։

RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Միքայել Զոլյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը գիտակցում է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հետ կապված իրական ռիսկերը, ուստի նախապատվությունը տալիս է ավելի նրբանկատ դիվանագիտական մեթոդներին։

Մոսկվան պարբերաբար հայտարարում է Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անհամատեղելիության մասին։ Մայիսի 20-ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդում Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել խիստ զեկույցով, որից հետևում էր, որ Մոսկվան Երևանի նկատմամբ դժգոհությունների տպավորիչ ցանկ է կուտակել։ Նա բավականին կոշտ հայտարարություններ է արել՝ հայաստանյան ղեկավարության գործողություններն անվանելով անհամատեղելի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հետ՝ ընդգծելով Հայաստանի եվրոպական ձգտումները։ Շոյգուն Հայաստանին հիշեցրել է, թե Ռուսաստանն ինչ է արել և անում իր համար տնտեսական առումով. «Դժվար թե հնարավոր լինի հերքել, որ հայկական տնտեսության աճի հիմնական շարժիչը ՌԴ-ի հետ համագործակցությունն է։ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը կազմում է 36%։ Մեր երկիրը առաջին տեղն է զբաղեցնում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներով»։ Շոյգուն նաև հիշեցրել է՝ Ռուսաստանից գազը մատակարարվում է արտոնյալ պայմաններով՝ շուկայականից երեք անգամ ցածր գներով, ինչպես նաև ալյուրը, հացահատիկը, պարարտանյութերը, դիզելային վառելիքն ու բենզինը։ «2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 40%-ը ժամանել է Ռուսաստանից։ Հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98%-ը և մուգ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների՝ օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովությունից։ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2025 թվականին հասել է գրեթե 3,9 միլիարդ դոլարի, ինչը կազմում է բոլոր փոխանցումների գրեթե երկու երրորդը կամ հայկական ՀՆԱ-ի 13%-ը»,-ասել է նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածություն չակ, Նա պնդում է՝ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում, որոնք հակասում են Ռուսաստանի Դաշնության շահերին, այլ հակառակը՝ ՌԴ-ին վերաբերվում է հարգանքով՝ որպես գերտերության։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ և ակնկալում է շարունակել երկխոսությունը բարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պաշտոնական Երևանը չի կարող սեփական շահերը ստորադասել այլ պետությունների շահերին։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում։ Արդյո՞ք Մոսկվայից հնչող հայտարարությունները, որոնք հաճախ ներկայացվում են որպես դաշնակցային պարտավորությունների հիշեցում, սուվերենությունը սահմանափակելու փորձ են, թե՞ սա նոր աշխարհաքաղաքական իրողություններում հավասարակշռության փնտրտուքի բնական ճգնաժամ է։ Իրադարձությունների ի՞նչ զարգացում կարելի է ակնկալել։

Պատասխանելով այս հարցերին՝ Միքայել Զոլյանն ասում է, որ Հայաստանը կփորձի մեծացնել իր, այսպես ասած, անկախությունը, աշխատել այլ գործընկերների հետ, բայց միևնույն ժամանակ այնպես, որ դա չհանգեցնի բացահայտ հակամարտության Ռուսաստանի հետ․ «Բայց կան որոշ կարմիր գծեր։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Կրեմլը հաճախ հատում է այդ կարմիր գծերը՝ անմիջականորեն միջամտելով Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Դա մենք տեսանք Փաշինյանի և Պուտինի հանդիպման ժամանակ, երբ Պուտինը փաստացի քարոզչություն էր անում ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի օգտին։ Մենք դա տեսնում ենք նաև ռուս քարոզիչների և Ռուսաստանի պաշտոնական անձանց հայտարարություններում։ Կարծում եմ, որ այս հայտարարությունները ստանում են, այսպես ասած, պատասխան հայկական կողմից։ Բայց ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հետ հակամարտության նպատակ, բնականաբար, Հայաստանում չկա, ընդհակառակը՝ Հայաստանն ամեն դեպքում ցանկանում է խուսափել նման հակամարտությունից»։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Միքայել Զոլյանը, այս գործընթացը պետք է իրականացվի այնպես, որ չհանգեցնի բացահայտ հակամարտության Ռուսաստանի հետ։

Թվում է, թե «առևտրային պատերազմն» արդեն սկսվել է. սպառողների իրավունքների պաշտպանության ռուսական պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հայտարարել է, որ Հայաստանում արտադրված անորակ ալկոհոլային խմիչքներ է հայտնաբերել, որոնց վաճառքը Ռուսաստանում կասեցվել է։ Նախօրեին հաղորդվել էր նաև, որ մայիսի 22-ից՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցման պատճառով, ժամանակավորապես կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու տարածումը ՌԴ-ում։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար պոտենցիալ «առևտրային պատերազմի» գնահատման առանցքային գործոնը Ռուսաստանի դիրքորոշումն է. հենց Մոսկվայից է կախված լինելու՝ կձեռնարկի՞ արդյոք այնպիսի քայլեր, որոնք կարող են դիտարկվել որպես առևտրային ճնշում։

Նրա կրածիքով՝ Հայաստանը, իհարկե, չի ցանկանում նման առևտրային պատերազմ, և դա բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին․«Դա ավելի շուտ կախված է նրանից, թե Ռուսաստանում ինչպես են գնահատում իրավիճակը։ Հայաստանը վարելու է ինքնուրույն քաղաքականություն։ Եթե դա հանգեցնի նրան, որ Ռուսաստանը ինչ-որ միջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, ապա Հայաստանը կփորձի գտնել այլ տարբերակներ։ Բնականաբար, Հայաստանը չի փոխելու իր հիմնական գիծը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանն ինքը ցանկանում է խուսափել որևէ առևտրային պատերազմից կամ այլ բարդություններից և կփորձի չսադրել Ռուսաստանին»։

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել՝ Հայաստանը պետք է արագ որոշում կայացնի՝ անդամակցե՞լ ԵՄ-ին, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի թեման քննարկվելու է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ «Մենք չենք ուզում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ առաջանում են»,-ասել է Օվերչուկը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության 11 տարիների ընթացքում բարձրացել է երկրի կենսամակարդակն ու ՀՆԱ-ն, ԵԱՏՄ արտնությունները Հայաստանի համար ոչ ոք չի կարող փոխարինել։ Նա նաև հայտարարել է, որ «այս անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական դիրք գրավել և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների կառուցմանը»։

Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Երևանին արժե հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ միաժամանակ թույլատրելի համարելով «քաղաքակիրթ ամուսնալուծության» հնարավորությունը։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակը, ԵԱՏՄ ընթացակարգերի համաձայն, կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն՝ անդամ երկիրը, որը կարող է ինքնուրույն որոշել դուրս գալ։ Այլ ընթացակարգ չկա։ Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք պատասխանել այլ հարցերի»,- նշել է նա։

Ի՞նչ կոնկրետ քայլեր են ակնկալվում առաջիկա նիստում։ Կդառնա՞ այն բացահայտ առճակատման հարթակ, թե՞ կողմերը կփորձեն հանգել փոխզիջումային «դիվանագիտական ձևակերպումների»՝ տնտեսական կապերը վերջնականապես չխզելու համար։

Պատասխանելով այս հարցերին՝ Միքայել Զոլյանն ասաց՝ Աստանայում առաջիկա նիստը հազիվ թե բացահայտ հակամարտության հարթակ դառնա։ Աստանայի նիստը, նրա կարծիքով, ավելի շուտ խորհրդանշական կլինի, քան վճռորոշ։ «Անմիջապես այդ նիստում ոչինչ չի կարող որոշվել, և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի էլ ձգտում դրան։ Կարծում եմ, որ ցանկացած սցենար, որի դեպքում Հայաստանը դուրս է գալիս Եվրասիական միությունից, կամ նրան հեռացնում են, որքանով ես եմ հասկանում, ընդհանրապես անհնար է։ Այսինքն՝ Եվրասիական միության օրենսդրությամբ նախատեսված նման տարբերակ գոյություն չունի, բայց ես կարող եմ սխալվել, իրավաբան չեմ։ Որքանով հասկանում եմ, սա, միևնույն է, պարզապես հռետորաբանություն է, և դա կապված է Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ, իսկ Ռուսաստանը պարզապես փորձում է այդպիսով ազդել ընտրությունների արդյունքի վրա»,-նշեց քաղաքագետը։

ԵԱՏՄ անդամ մյուս երկրները (օրինակ՝ Ղազախստանը կամ Բելառուսը) ինչպիսի՞ դիրքորոշում ունեն այս հարցում։ Արդյո՞ք նրանք կաջակցեն Մոսկվայի խիստ տոնին, թե՞ կփորձեն պաշտպանել սեփական տնտեսական շահերը՝ խուսափելով կառույցի ներսում նախադեպեր ստեղծելուց։ Այս հարցերի առնչությամբ էլ քաղաքագետն ասաց, որ հակամարտության մեջ ուղղակիորեն մտնելը կամ որևէ կողմի դիրքորոշումը պաշտպանելը քիչ հավանական է թվում ԵԱՏՄ անդամների մեծ մասի համար, բացառությամբ, թերևս, Բելառուսի, որի դիրքորոշումը կլինի ռուսամետ։

«Բելառուսը, ամենայն հավանականությամբ, աայս հարցում կաջակցի Մոսկվային, և թերևս նույնիսկ ավելի կոշտ ձևով։ Անկախ նույնիսկ հայ-ռուսական հարաբերություններից՝ վերջին շրջանում Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները լարված են։ Հենց սկզբից չստացվեցին կոնկրետ Լուկաշենկոյի և Փաշինյանի հարաբերությունները։ Գումարած նաև ադրբեջանական գործոնը. Բելառուսը միշտ աջակցել է Ադրբեջանին։ Ուստի Բելառուսը հազիվ թե թիկունք կանգնի Հայաստանին, բայց մյուս երկրները, սկզբունքորեն, կարող են։ Չգիտեմ, գուցե նաև Ղազախստանը, Ղրղզստանը։ Կարծում եմ՝ ցանկացած սրացում նրանց ձեռնտու չէ։ Եվ նրանք կփորձեն կամ, պատկերավոր ասած, կողքի քաշվել, կամ ինչ-որ կերպ փորձել հարթել այս իրավիճակը և մեղմել հակամարտությունը»,-նկատեց Միքայել Զոլյանը։

Ի՞նչ պետք է ակնկալել վատթարագույն սցենարի դեպքում։ Պատրա՞ստ են ԵՄ կամ արևմտյան այլ գործընկերներ Հայաստանին տրամադրել տնտեսական անվտանգության այնպիսի «բարձիկներ», որոնք կփոխհատուցեն ռուսական շուկայի հնարավոր կորուստը կամ էներգետիկ էմբարգոն։

Քաղաքագետի կարծիքով՝ իրադարձությունների հետագա զարգացումը, անշուշտ, կախված կլինի բազմաթիվ գործոններից, հատկապես տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները։ Նա հավելեց՝ եթե բանը հասնի «հակամարտության», Եվրոպական միությունը կփորձի մեղմել հարվածը։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես դա արվեց Վրաստանի պարագայում։ Վրաստանը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո զգալի օգնություն ստացավ Եվրամիությունից, և արդյունքում Վրաստանը նույնիսկ աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկն էր, որոնք 2008-2009 թվականներին տնտեսական ճգնաժամ չապրեցին, այլ ընդհակառակը՝ աճ գրանցեցին»։

«Եվրոպական միությունը նաև կօգնի Հայաստանին ընդհանուր լեզու գտնել իր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Դա նույնպես շատ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի համար։ Եթե սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացվեն, դա կօգնի մեղմել ռուսական հնարավոր գործողությունների հետևանքները, եթե նման գործողություններ լինեն։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, իհարկե, սա արդեն ծայրահեղ տարբերակ է, և Հայաստանը կփորձի բանը դրան չհասցնել»,-ընդգծեց Միքայել Զոլյանը։

Զաբելա Ավագյան

 

 

Նորություններ