Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեաիրավական գործիքակազմի կիրառումն ու կալանավորում միջնորդելն անհամաչափ են․Աննա Մելիքյան | Region

Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեաիրավական գործիքակազմի կիրառումն ու կալանավորում միջնորդելն անհամաչափ են․Աննա Մելիքյան

Մայիս 20,2026 12:37

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն այսօր հայտարարություն է տարածել Արցախի «Հեղափոխական» կուսակացության նախագահ Արթուր Օսիպյանի ձերբակալության վերաբերյալ, այն համարելով՝ անհամաչափ։

Հայտարարության  մեջ նշվում է․« Եթե Արթուր Օսիպյանի մեղադրանքները հիմնված են հրապարակայնորեն հայտնի տեղեկությունների հիման վրա, ապա քրեաիրավական գործիքակազմի կիրառումը միանշանակ անհամաչափ է, հատկապես վերագրվող հոդվածներով՝ խուլիգանություն, բռնության կոչ, քարոզարշավին խոչընդոտելը։

Առավել անհամաչափ է կալանավորում միջնորդելը։

Հերթական դեպքն է, երբ կալանավորումն ընկալվելու է որպես պատժիչ բնույթ ունեցող, այլ ոչ թե բացարձակապես անհրաժեշտ խափանման միջոց։

Վերջին տարիներին բռնության կոչերի, ատելության խոսքի տարածման, առցանց խուլիգանության հոդվածները լայնորեն կիրառվում են՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քննադատական կամ գուցե և վիրավորական խոսքի արձագանք, իսկ գործերից զգալի մասը քրեական արդարադատության դաշտ չպիտի էլ գար։

Վրաստանի հետընթացի մասին շատ է խոսվում, ի տարբերություն Հայաստանի, որը հետընթացը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նախընտրում են չնկատել։ Բայց անգամ Վրաստանում վիրավորական ելույթները, խոսքը, տեսանյութերը վարչական իրավախախտում են։

Երեկ Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Miladze v Georgia գործով, որով Վրաստանի իշխանությունների կողմից խոսքի ազատության խախտում չի գտել մի դեպքում, երբ վրացի ակտվիսիտ տիկտոկով տեսանյութեր էր տարածել, որոնք իշխանությունների կողմից համարվել են Թիֆլիսի իշխանություններին վիրավորող։ Անձը վարչական տուգանքով է պատժվել։ Ըստ ՄԻԵԴ—ի՝ վիդեոն պարունակել է կոպիտ և սեռական բնույթի հայհոյանք, որն ուղղվել է կոնկրետ հանրային ծառայողներին։

Դատարանը գտել է, որ վրացական դատարանները շատ հստակ և մանրակրկիտ գնահատում են իրականացրել՝ տարբերելու քաղաքական քննադատությունը և անձի վիրավոանքը, նվաստացումը և այլն։

ՄԻԵԴ-ը հատուկ հաշվի է առել, որ նման խոսույթի արձագանքը եղել է վարչական տուգանքի ենթարկելը, ընդ որում՝ նշանակվել է նվազագույն տուգանքը, ուստի այս արձագանքը եղել է համաչափ»։

Հիշեցնենք, օրերս քարոզարշավի ժամանակ Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել ու մի քանի հարց ուղղել Արցախի վերաբերյալ։ Օսիպյանը առանց որևէ ագրեսիայի ներկայացնում էր տվայլներ, թե ինչպես են Արցախում փորձել պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն Փաշինյանն իր աջակցությունն է ցուցաբերել Արայիկ Հարությունյանին։  Փաշինյանը հունից դուրս է եկել, վիրավորել Օսիպյանին, ասել՝  «Դու խի ես կենդանի, գնայիր զոհվեիր, այ տականք»։ Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Օսիպյանին ձերբակալել են, ըստ ՆԳՆ-ի՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

ՔՊ-ականներն ու իշխանական լրատվամիջոցները գրում են, որ Օսիպյանը նախքան Փաշինյանին մոտենալը, Ֆեյսբուքում գրառում է առել ու «կանխամտածված գնացել ու սադրել է Փաշինյանին։

«Թե Նիկոլի տեղը իմացող կա,  ասեք բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ։ Կերավ մեր միսը»,-ըստ ՔՊ-ականների գրել է Օսիպյանը։ Նրա ֆեյսբուքյան էջն անհասանելի է, փաստաբան Երիցյանը   հայտնել է․«Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել, և Արթուրը հրաժարվել է ստորագրել ոստիականության բաժնում կազմված արձագրությունը, թե իր մոտ հեռախոս չի եղել»։

Նորություններ