Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ | Region

Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ

Մայիս 22,2026 09:52

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ. Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր. «ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Արձագանքելով քննչական կոմիտեի հաղորդագրությանը՝ Անդրանիկ Թեւանյանն ասել էր. «Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 21 թվականին, այո, ընտրվել եմ պատգամավոր Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց ուշադրություն՝ 2023 թվականին վայր եմ դրել Ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններում որպես ոչ պատգամավոր արդեն։ Իսկ այստեղ գրված է, որ 24 թվականին փաստորեն փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել։ Այսինքն՝ ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 24 թվականի լսումներին: Հետևաբար, մնացած թեմաները անհեթեթություն են ինչ-որ գումարային և այլ թեմաների հետ կապված»։

Նորություններ