«ժողովրդավարության մակարդակը իջել է, վտանգ կա, որ երկար ժամանակ կմնանք այս իրավիճակում կամ հեշտությամբ կնահանջենք դեպի ավտորիտար ռեժիմ»․Անդրանիկ Շիրինյան | Region

«ժողովրդավարության մակարդակը իջել է, վտանգ կա, որ երկար ժամանակ կմնանք այս իրավիճակում կամ հեշտությամբ կնահանջենք դեպի ավտորիտար ռեժիմ»․Անդրանիկ Շիրինյան

Մարտ 11,2025 15:52

Հայաստանում Ժողովրդավարության հետընթաց է գրանցվել․ մասնագետները մեկնաբանում են դրա պատճաները

«Տարբեր հարթակների, տարբեր միջազգային կառույցների գնահատման արդյունքում երևում է, որ 2018 թվականից սկսած Հայաստանում կա բարեփոխումների լճացում, պրոցեսների դանդաղում և անգամ հետընթաց»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Նշենք, որ Բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit (EIU) հետազոտական կենտրոնի գնահատմամբ՝ հայկական ժողովրդավարությունը հետընթաց է ապրում արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Իր The Democracy Index-ի վերջին զեկույցում՝ Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 2024 թվականին կազմում է 5,35՝ 2022 թվականի ցուցանիշի համեմատ նվազելով մոտ 5 տոկոսով կամ 0,28 կետով։

Հասմիկ Հարությունյան

Հասմիկ Հարությունյանը խոսելով սանդղակի ձևավորման չափանիշներից և ուսումնասիրվող հիմնական ոլորտներից՝ պարզաբանեց, որ հիմնական ուշադրությունը դարձվում է ընտրական գործընթացներին, բազմակարծությանը, երկրում կառավարման որակին, քաղաքական մասնակցությանն ու մշակույթին և քաղաքացիական ազատության որակին։

Խնդիրը համընդհանուր է, և ամբողջ աշխարհում վերջին տարիներին առկա է ժողովրդավարության հետընթաց․ համեմատած 2006-2007 թվականների հետ մեծացել է ավտորիտար ռեժիմների թիվը և նվազել ժողովրդավար երկրների քանակը։

«2020 թվականի պատերազմից հետո ժողովրդավարության մակարդակը իջել է, ոլորտում իրականացվող հնարավոր բարեփոխումները մտել են ստագնացիայի (լճացում, հեղ․) փուլ, և այս պահին Հայաստանը գտնվում է հիբրիդային իրավիճակում։ Վտանգ կա՝ կամ երկար ժամանակ մնալ այս իրավիճակում կամ հեշտությամբ նահանջել դեպի ավտորիտար ռեժիմ»,- այսպիսի կարծիք հայտնեց  քննարկման մյուս բանախոսը՝ Հայաստանում «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Կազմակերպության դիտարկումներով, ինչպես ներկայացրեց Շիրինյանը, Հայաստանում խոսքի ազատությունն ամենամեծ առաջխաղացումն է ունեցել հեղափոխությունից հետո․«Այս ոլորտը մեր երկրում թռիչքային առաջխաղացում ունեցավ։ Կարծես խոսքի ազատության պաշտպանությունը քիչ թե շատ շարունակում է լինել բաց տարածք»։

Անդրանիկ Շիրինյան

Այդուհանդերձ, Շիրինյանը խոսքի ազատության հետընթացի վերաբերյալ մի օրինակ հիշեցրեց՝ հավաքների ազատությունը և ոստիկանական բռնությունները․« Նաև ուզում եմ առանձնացնել իշխանության ներկայացուցիչների՝ լրատվամիջոցների թիրախավորումը, բազմաթիվ հայցեր են բերվել դատարաններ լրատվամիջոցների դեմ։ Սա կարող է ազդել նաև խոսքի ազատության վրա և հանգեցնել նրան, որ մեդիաները սկսեն զբաղվել ինքնագրաքննությամբ։ Ոչ միայն մեդիաները, այլև քաղաքացիները ու իրավապաշտպանները ՀՀ-ում զբաղվում են ինքնագրաքննությամբ։ Կան բաներ, որ մարդիկ հանրային չեն խոսում դրա մասին»։

Բանախոսները կարևորեցին նաև այս պարագայում պետական պաշտոնյաների գործելաոճը, ափսոսանք հայտնելով, որ շատ դեպքերում  նրանց կողմից արդարացվում է բռնության գործադրումը, որպես օրինակ ներկայացնելով Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ընդդեմ քաղաքացիների իրականացված բռնությունը։

«Դեռ քննություն չիրականացված, դեռ չսկսված, դեռ համաչափություն չուսումնասիրված կարևորագույն օղակների կողմից կարծես թե թույլտվություն տրվեց, որ ոստիկանությունը հետագայում ևս շարունակի նմանատիպ վարքագիծը։ Այս դեպքում ի՞նչպես կարող ենք պատշաճ արձագանքի մասին խոսել, կամ հետագայում ակնկալել արդյունավետ քննություն։ Այս ամենը հանգեցնում է նաև հասարակության շրջանում Կառավարության նկատմամբ վստաության նվազմանը»,-ասաց Հասմիկ Հարությունյանը։

Նրա ներկայացմամբ՝ այս պահին քաղաքացիական հասարակությունը շատ դժվարին իրավիճակում է՝ կառավարություն-քաղհասարակություն համագործակցության առումով հետընթաց է գրանցվել․«Ստեղծվել է մի պրոոցես, որում մենք շարունակ կարծես վազում ենք կառավարության հետևից։ Շատ օրենսդրական փոփոխություններից մենք պոստֆակտում ենք տեղեկանում։ Մի պահ է գալիս, երբ այդ ջրբաժանը այնքան մեծ է, որ քաղհասարակության ռեսուրսը այլևս չի բավականացնում։ Շատ հաճախ տարբեր պրոցեսներում մեր կողմից ներկայացված առաջարկությունները մերժվում են առանց լուրջ հիմնավորման։Դա մի կողմից խոսում է կառավարման որակի, մյուս կողմից՝ քաղհասարակություն-պետություն հարաբերությունների որակի փոփոխության մասին»։

Անդրանիկ Շիրինյանն անդրադարձավ նաև իշխանության տարբեր ոլորտի պաշտոնյաների նշանակումներին, նշելով, որ կազմակերպության զեկույցի շրջանակներում ուսումնսասիրել են խնդիրը․«Արձանագրել ենք այն, որ Հայաստանում, հատկապես պատերազմից հետո, իշխանությունը սովորաբար կարևորագույն պաշտոնների նշանակում է իր լոյալիստներին, մարդկանց, որոնց իշխանությունը վստահում է, վստահ է, որ ինչ-որ պահի նրանք չեն փոխելու իրենց քաղաքական դիրքորոշումը, չեն շրջվելու իշխանության դեմ»։

Ըստ Շիրինյանի՝ դրա պատճառը իշխանության պաշտպանական դիրքավորումն է, բայց այս երևույթներն ազդում են ժողովրդավարական զարգացման վրա․«Այսինքն՝ նշանակման հիմքը ոչ թե մասնագիտական կարողություններն են, այլ լոյալությունը իշխանություններին, իշխող քաղաքական ուժին։ Պաշտպանական այդ դիրքավորումը սխալ դիրքավորում է և հանգեցրել է լճացման, այն հանգեցնելու է ժողովրդավարական նորմերի քայքայման»։

Նիկոլ Մարգարյան

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Նորություններ