Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը | Region

Կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը

Փետրվար 01,2024 15:30

Հակակոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը. «Լուրեր»-ին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք` երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Մյուս քրեական վարույթով պարզվել է, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձն ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ մտերիմ հարաբերություններ ունենալով և իմանալով նրա ծանոթներին` 2022-23 թվականներին ծրագրի պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, զեկուցագրեր է ներկայացրել, որ նրանց կատարած աշխատանքը համապատասխանում է չափորորշիչներին։ Ըստ գործի նյութերի՝ այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ:

Նորություններ