«Գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»․Արարատ Միրզոյան | Region

«Գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»․Արարատ Միրզոյան

Մարտ 14,2025 13:37

«Հումանիտար հարցերի լուծումը և իհարկե առաջին հերթին գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»,-այս մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայատարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ նախորդ տարին վերջին 20 տարվա ամենախաղաղ և ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի,  մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար:

Ըստ Միրզոյանի՝ դա պայմանավորված է առաջին հերթին ՀՀ կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային, ակտիվ քաղաքականությամբ․«Մեր կառավարության նպատակը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է։ Սա թիվ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, թիվ 10 առաջնահերթությունն է, և մենք համոզված ենք, որ  ուղիղ և հիմնական, և եթե ոչ միակ ճանապարհը ՀՀ-ի շուրջ խաղաղության ապահովումն է»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ խաղաղությունը մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։

«Նպատակին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն,  որն արտահայտվում է նաև տարածաշրջանային քաղաքականության ոլորտում՝ խնդիր ունենալով նախ ախտորոշել Հայաստանի շուրջ առկա բացասական, ագրեսիվ դրսևորումները, ապա կառավարել այդ դրսևորումները և լավ մտածված և իրականացված քաղաքականության շնորհիվ նվազեցնել բոլոր հնարավոր մարտահրավերները, ռիսկերը և հեռանկարում իհարկե զրոյացնել դրանք»,- հայտարարեց Միրզոյանը:

Նա նշեց, որ 2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր։
Նախարարի ներկայացմամբ՝ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հայատնի հատվածում իրականացվեց պետական սահմանի 12.7 կմ հատվածի սահմանազատում, սահմանագծում, օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվեց:

«Ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացը դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա: Աշխատանքները շարունակվել են և այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում, 2025 թվականին: 2025 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը: Համաձայնությունը ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանակետից և շարժվել դեպի հարավ»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ապաշրջափակման խնդրին, ասաց՝ ՀՀ-ն դեռ սպասում է Ադրբեջանի պաշտոնական պատասխանին․«Քիչ առաջ նշած այս առաջարկի վերաբերյալ, կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է և երկու երկրների շահերին, և տարածաշրջանային երկրների շահերին և ավելի նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին»։

Նորություններ