«Քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր, ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ լուրջ անելիքներ ունի»․Բեգլարյան

«Մեզ համար շատ կարևոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու պահանջները կարողանանք ներկայացնել, և այնքան կոնկրետ ու գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն։ Դրան զուգահեռ լինի հանրային ճնշում, որովհետև եթե մենք ճնշում չենք գործադրում, չենք բարձրաձայնում մեր խնդիրների, մեր իրավունքների պաշտպանության մասին, շատերը թե ներսում, թե դրսում մեկնաբանում են, թե այսպես ասած Արցախի էջը փակված է, եւ բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն ու հայրենազրկումը»,-այս մասին այսօր ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ այս պարագայում, ի դեմս արտգործնախարարության, ՀՀ կառավարությունը թիվ մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի․« Եվ քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր։ Եվ ՀՀ կառավարությունը համար մեկ սուբյեկտն է, որն այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի»։
Նա ասաց, որ ոչ մի էական սպասելիք չկա այս իշխանություններից, բայց բոլորը տեսնում են, որ հանրային ճնշումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ։
Բեգլարյանը վստահեցրեց՝ տարբեր երկրների դիվանագետների է հանդիպում, բոլորն էլ ուղիղ ասում են՝ ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան, ինչը տրամաբանական պատասխան է․«Դրա համար բոլորս պիտի գիտակցենք, որ առաջին հերթին մենք ՀՀ իշխանություններից ունենք պահանջներ, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցերը լինեն արտաքին քաղաքական օրակարգում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք դրան զուգահեռ՝ միջազգային կառույցներից կամ կոնկրետ պետություններից պահանջներ ու ակնկալիքներ չպետք է ունենանք, զուգահեռաբար մենք պետք է այդ ուղղությամբ էլ աշխատենք»։
Նրա կարծիքով՝ խորհրդի մեծ հանրահավաքը որոշակի արդյունք է տվել, ըստ նրա՝ իշխանությունները անհանգստություն են ցույց տվել, համապատասխան առաջարկութուններ են արել, որոնք կիսատ-պռատ են, բայց այդ ընդառաջ քայլը ցույց է տալիս, որ արդյունք կա․«Հանրային դաշտում մենք օրակարգ ենք վերադարձրել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերը թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով»։
Դիտարկմանը՝ խորհրդի անդամներից ոմանք կաշկանդվում եմ իշխանափոխության պահանջ ներկայացնել, քանի որ իրենք չեն ընտրել այս իշխանություններին, Բեգլարյանն ասաց․«Իմ դիրքորոշումը վաղուց եմ հայտնել, այդ թվում՝ սրբազան շարժման ժամանակ։ Կաշկանդող հանգամանք չկա, ուղղակի խորհրդի կողմից հրապարակվել է պահանջագիր, որը մեր գործողությունների օրակարգն է, բայց խորհրդի անդամ կազմակերպություններնն ու անձինք ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելու։ Բայց բուն խորհրդի օրակարգն իշխանափոխության հարց չի ներառում, քանի որ այն ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցեր։ Սահմանափակումը սա է»։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր բողոքի ցույց է անում ՀՀ արտգործնախարարության և գկխավոր դատախազության առջեւ՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Նրանք ԱԳՆ-ից պահանջում են կոնկրետ քայլեր իրականացնել արցախցիների հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, Միջազգային քրեական դատարան պետական դիմումի ներկայացման, միջազգային դատարաններից հայցերից չհրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Նրանք իրենց գրավոր պահանջները փոխանցել են կառավարությանը։
Սյուզաննա Խառատյան