Արցախցիները 11 կետանոց պահանջագիրը փոխանցեցին ՀՀ ԱԳՆ-ին | Region

Արցախցիները 11 կետանոց պահանջագիրը փոխանցեցին ՀՀ ԱԳՆ-ին

Ապրիլ 14,2025 14:38

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր բողոքի ցույցի ժամանակ 11 կետանոց պահանջագիր փոխանցեց ՀՀ արտգործնախարարությանը։

Պահանջագրով արցախցիները մի շարք հարցեր են բարձրացնում։ Նրանք պահանջում են ՀՀ կառավարությունից՝ ի դեմս արտգործնախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով:

Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների ու հնարավորությունների՝ խորհուրդն առանձնացնում է հատկապես ներքոնշյալ միջոցները՝ դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդին՝ նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը, դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք, դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին՝ հայերի շինծու «դատավարությունների» ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։

Արցախցիները ՀՀ ԱԳՆ-ից պահանջում են դիմել որևէ չեզոք ու պատրաստակամ երկրի, օրինակ՝ Շվեյցարիային՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել «Հայկական շահերի բաժին» եւ ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը:

Խորհուրդը պահանջում է գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով, հայ գերիների լիարժեք ու ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։

Նրանք նաև պահանջում են թարմացնել ՄԻԵԴ-ում եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները՝ ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության եւ մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը։

Ինչպես նաև պահանջում են դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Եվրոպայի Խորհրդին՝ Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն՝ ուսումնասիրելու եւ փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։

Խորհուրդը պահանջում է, որպեսզի ԱԳՆ-ն դիմի համապատասխան միջազգային կառույցներին եւ առանձին պետություններին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել հայերի դեմ կատարած միջազգային հանցագործությունների հիման վրա:

Մեկ այլ պահանջ էլ՝ ապահովել Հայաստանի եւ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման եւ այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:

Խորհուրդը պահանջում է դիմել համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը եւ սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների եւ զինվորականների նկատմամբ՝ միջազգային հանցագործությունների կատարման հիմքով։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ