«Մեր ծերերը չեն կարողանում ապրել, նրանք կորցրել են կյանքի իմաստը։ Արցախից հեռանալը մահացու հարված էր նրանց համար»․ Իրինան՝ արցախցիների դժվարությունների մասին | Region

«Մեր ծերերը չեն կարողանում ապրել, նրանք կորցրել են կյանքի իմաստը։ Արցախից հեռանալը մահացու հարված էր նրանց համար»․ Իրինան՝ արցախցիների դժվարությունների մասին

Մայիս 01,2025 14:11

«Մենք ուզում ենք վերադառնալ մեր հայրենիք, Արցախ։ Աստված տա, որ մենք վերադառնանք մեր տները։ Եվ եթե չստացվի, ապա մենք կմնանք այստեղ, բայց թող մեզ օտար չհամարեն, որպեսզի մենք զգանք մեզ երջանիկ, կարծես մեր հայրենիքում լինենք։ Անկախ նրանից, թե որքան դժվար է, ես այստեղից չեմ հեռանա։ Ես գնալու տեղ չունեմ»։

Ստեփանակերտի բնակչուհի Իրինա Անդրյանի այս խոսքերը, ով 2023 թվականի աշնանը Արցախից  բռնի տեղահանվել է ու տեղափոխվել Հայաստան, արտահայտում են հազարավոր արցախցիների ձգտումները, ովքեր ստիպված էին լքել իրենց տները, բայց չեն կորցրել կապն իրենց հողի հետ։ Այս խոսքերում, թեև կա կորստի ցավ, կարոտը, բայց միևնույն ժամանակ կա անսասան հավատ՝ տուն  վերադառնալու հնարավորության նկատմամբ։

Իրինան դառնությամբ է հիշում այն ​​օրերը, երբ իրենց աշխարհը փլուզվեց մի գիշերում, մեկ օրում իրենցից ամեն ինչ խլեցին, մնացին անտուն։

«Ամբողջ կյանքն անցկացրինք մեր նախնիների հողի վրա, լավ ապրեցինք, կառուցեցինք և ստեղծեցինք։ Մեզ համար Արցախը սրբազան է, ամեն քար, հողակտոր և օդ մեզ համար սրբազան է։ Ցավոք, մենք ստիպված լքեցինք մեր տները, մշակույթը, սրբավայրերն ու գերեզմանատները։ Իսկ մեր ծերերն ընդհանրապես չեն կարողանում ապրել, նրանք կորցրել են կյանքի իմաստը։ Նրանց համար Արցախը ոչ միայն բնակության վայր էր, այլև ուժի և ոգեշնչման աղբյուր։ Հայրենի հողից բաժանումը մահացու հարված էր նրանց համար, որից շատերը չկարողացան ուշքի գալ։  Իմ 86-ամյա հորեղբայրը հիվանդ է, վստահ եմ, որ եթե նրան տուն տանեն, կապաքինվի»,- REGIONSTV-ի հետ զրույցում ասում  է Իրինան։

Նա զարմանում է, թե ինչպես են Հայաստանում մարդիկ վարձակալության տալիս իրենց տներն ու հեռանում։

Իրինան ասում է՝ որոշ տեղացիներ իրենց մասին այնքան տհաճ բաներ են ասում, որ երբեմն մտածում ես, թե Ադրբեջանում ես, այլ ոչ թե Հայաստանում։

«Ասում են՝ ինչո՞ւ եկաք, ծույլ եք, չեք ուզում աշխատել։ Մեզ ասում են, թե մենք պետք է Արցախում մնայինք և կռվեինք։ Ասում են՝ գյուղից եկաք, բայց Երևանի կենտրոնում եք տուն  ուզում և այլն։  Ի՞նչ ասես նման մարդկանց։ Մնայինք, որ սպանվեի՞նք, ինչպես 1915 թվականին։ Մենք փրկեցինք մեր հարազատների, երեխաների և մեր կյանքը»,-նեղսրտում է Իրինան։

Նա կրկին ընդգծում է, որ արցախցիները կորցրել են ամեն ինչ և հիմա փորձում են նորից սկսել, ապա հարցնում է. «Մի՞թե մենք իրավունք չունենք արժանապատիվ բնակարանի, նորմալ կենսապայմանների: Հանցագործությո՞ւն է ձգտել ավելի լավ կյանքի»։

54-ամյա Իրինան նշում է, որ կյանքը Հայաստանում շատ դժվար է արցախցիների համար, հատկապես աշխատանք գտնելու առումով։

«Բնակարանների գները շատ բարձր են, և կա նաև զբաղվածության խնդիր։ Մենք  ֆինանսական խնդիրներ ունենք, քանի որ պետք է վճարենք բնակարանի, կոմունալ ծառայությունների, սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության կենցաղային իրերի համար։ Ես ապրում եմ եղբորս և մորս հետ վարձակալած բնակարանում։ Չեմ աշխատում, մայրս թոշակառու է, միայն եղբայրս է աշխատում։ Ստեփանակերտում խանութում վաճառողուհի էի աշխատում։ Մեկուկես ամիս առաջ աշխատանքի անցա Երևանում՝ «Ուրարտու» խանութում, հետո ինձ ազատեցին,  ասացին, որ չեմ կարողանում աշխատել։ Բայց դա ճիշտ չէ, նույնիսկ հաճախորդներն էին գոհ ինձանից, շատերն էին գովում ինձ։ Գործից ազատելուց հետո ասացին, որ քսան տարեկանների են ընդունում։ Բայց ինչո՞ւ այստեղ չեն վերցնում տարիքով մարդկանց։  Որտեղ ասես, որ չեմ դիմել, չեն վերցնում։ Բայց ես կարող եմ լավ, արդյունավետ աշխատել։ Ես իսկապես, ուզում եմ աշխատել, չեմ կարող ապրել առանց աշխատանքի»,-ասում է Իրինան։

Անդրադառնալով կառավարության աջակցության կրճատմանը՝ 40+10 հազար ծրագրին, որը հատկացվում է յուրաքանչյուր փախստականի՝ բնակվարձի և կոմունալ ծառայությունների համար, ասում է՝ դա մեծ խնդիրներ է առաջացնելու։

Նշենք, որ օրերս կառավարությունը որոշում ընդունեց, որով երկու ամսով երկարացնում է նշված ծրագիրը։

Նրա կարծիքով՝ ամեն ինչ կորցրած մարդիկ հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ նույնիսկ նվազագույն օգնությունը դառնում է կենսական։ Աշխատանքի և կայուն եկամտի բացակայությունը, զուգորդված վարձակալության և կոմունալ ծառայությունների բարձր գների հետ, նրանց վիճակը դարձնում է չափազանց խոցելի։

«Սոցիալական ծրագրերի կրճատումներից հետո մենք նույնիսկ վարձը վճարելու փող չենք ունենա։ Մենք հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում 40+10-ով։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես ենք ապրելու, երբ աշխատանք չկա, և նրանք 40+10 չեն վճարի։ Մեր եկամուտը կազմում է մորս փոքրիկ կենսաթոշակը և եղբորս փոքրիկ աշխատավարձը, շատ քիչ բան է մնում սննդի համար։ Բայց, ցավոք, աշխատանք չկա, որպեսզի մենք կարողանանք ինքներս վճարել բնակարանի և կոմունալ ծառայությունների համար։ Ի՞նչ անել, եթե ընտանիքում հիվանդներ լինեն կամ մեկը հիվանդանա։ Մարդիկ խնայում են մեքենայի համար, բայց մենք՝ արցախցիներս, հազիվ ենք բավականացնում սննդի համար», – ասաց REGIONSTV-ի զրուցակիցը։

Իրինա պատմում է, որ  որ արցախցի ընտանիքները գտնվում են ոչ միայն ֆինանսական ծանր վիճակում, այլև՝ բարոյահոգեբանական․ ոմանք հանկարծամահ են լինում, ոմանք ինքնասպան են լինում, շատերը շատ դժվարին վիճակում են։

«Իմ մտերիմ ընկերուհին շատ ծանր վիճակում է։ Ընկերուհուս 17-ամյա որդին պայթյունի ժամանակ այրվածքներ է ստացել, նրան տեղափոխել են Երևան, որտեղ էլ մահացել է։ Ընկերուհիս ապրում է Աբովյանում,  ընտանիքը վշտի մեջ է։ Ընտանիքում երկու երեխա կա. կրտսեր որդին 9 տարեկան է, իսկ ավագ դուստրը՝ 15 տարեկան։ Նրանք կորցրել են ամբողջ հետաքրքրությունը շրջապատի, այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում նրանց հաճույք էր պատճառում։ Ամուսինն ու կինը գրեթե չեն խոսում միմյանց հետ։ Ընկերուհիս ամբողջ օրը լաց է լինում, անընդհատ պառկած է, չի կարողանում ճաշ պատրաստել, միայն սուրճ է խմում։ Նա չէր ուզում ապրել և երկու անգամ փորձել է ինքնասպան լինել։ Նրանք այնքան ծանր, սարսափելի դեպրեսիայի մեջ են, որ հոգեբանների կարիք ունեն, նորմալ բժիշկների։ Մի հոգեբան  խորհուրդ է տվել կարմիր հագուստ հագնել։ Պատկերացրեք, այսպես են նրանք բարոյական և հոգեբանական աջակցություն ցուցաբերում։  Ես նրան այցելում էի այնքան հաճախ, որքան կարող էի, համոզում էի նրան և ստիպում նրան վեր կենալ և իրեն հավաքել։ Փառք Աստծո, նա մի փոքր ուշքի է եկել»,-պատմում է Իրինան։

Ապա խոսելով Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու ծրագրի մասին, Իրինան նշում է, թե իրենց ինչու չեն կարող օգտվել դրանից․«Մենք չենք կարող օգտագործել մեր վկայականները։ Մեկից երեք հոգանոց ընտանիքները երբեք չեն կարողանա բնակարան գնել, քանի որ մեկ անձի համար հատկացվում է 3 կամ 4 միլիոն դրամ, հատկապես, երբ այդ մարդիկ 50 տարեկանից բարձր են և չեն կարող օգտվել հիփոթեքային վարկերից։ Վկայականի համաձայն՝ մեր ընտանիքը իրավունք ունի 9 միլիոն դրամի։ Մենք երբեք չենք կարողանա այդ գումարով բնակարան գնել, այն նույնիսկ ավտոտնակի համար չի բավարարի։ Նախ, պետության կողմից հատկացված գումարը բավարար չէ փոքր ընտանիքների համար բնակարան գնելու համար։ Երկրորդ, կառավարությունն է որոշում, թե որտեղ ենք ապրում, ոչ թե մենք։ Դժվար է աշխատանք գտնել նույնիսկ Երևանում, առավել ևս՝ մարզերում։ Երրորդ, ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, և արցախցիները պետք է քաղաքացիություն ստանան։ Ինչո՞ւ պետք է նորից ստանանք ՀՀ քաղաքացիություն, եթե արդեն իսկ ՀՀ քաղաքացիներ ենք։ Մենք ունենք նույն անձնագիրը, ինչ բոլոր մյուսները Հայաստանում, միայն կոդն է տարբեր։ Հայաստանը մեր հայրենիքն է, ես ոչինչ չունեմ Հայաստանի դեմ, բայց ուզում եմ մնալ արցախցի։ Ալիևի երազանքն է, որ Արցախում գրանցում ունեցող ոչ ոք չլինի։  Մենք չգիտենք, թե վաղը ինչ կլինի։ «Բայց մենք կպայքարենք մեր հողի, մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի համար»։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ