Մովսես Քեշիշյան. Ե՛վ Արևմուտքը, և՛ Իրանը մտահոգված են, որ տարածաշրջանում զինված հակամարտության սպառնալիքը դեռևս պահպանվում է

Անցյալ շաբաթ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնվում էր Իրանում, որտեղ մասնակցեց «Թեհրան երկխոսություն 2025» ֆորումին։ Հիշեցնենք, որ Թեհրան կատարած այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել. նա հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս հանդիպումները վկայում են այն մասին, որ կողմերը ձգտում են խորացնել հայ-իրանական հարաբերությունները բոլոր ոլորտներում։
Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը RegionsTV-ին տված հարցազրույցում նշեց, որ Արմեն Գրիգորյանի ելույթը Թեհրանի դիվանագիտական համաժողովում ուշագրավ էր նրանով, որ նա ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և ճանապարհները բացելու հարցում։
Նա հիշեցրեց Իրանի պաշտոնյաների, այդ թվում՝ Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին բազմիցս արված հայտարարությունները։
«Իրանի առաջնորդից, նախագահից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից բազմիցս լսել ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները Թեհրանի համար կարմիր գիծ են։ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեի հայտարարությունը ցույց է տալիս, որ Իրանը, իր հյուսիսային սահմանների որոշ հատվածների անվտանգությունը, ինչպես նաև դեպի Եվրոպա տանող այլընտրանքային ուղին պահպանելու համար, անհրաժեշտ և կարևոր է համարում ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների կայունությունը և պատրաստ է միջամտել անհրաժեշտության դեպքում»։
«Արաքս» թերթի խմբագրի խոսքով՝ Իրանի պաշտպանության նախարարը նաև որոշակի ազդանշան է հղում Բաքվին, ցույց տալով, որ Թեհրանը չի վստահում Ալիևի խաղաղասեր հայտարարություններին։ Թե՛ Արևմուտքը, թե՛ Իրանը, կարծես թե, մտահոգված են, որ տարածաշրջանում զինված հակամարտության սպառնալիքը դեռևս պահպանվում է։
Քեշիշյանի խոսքով՝ վերջին օրերին Արաքս գետի հյուսիսային ափին, որը մինչ Արցախից հայերի տեղահանումը համարվում էր Իրանի ամենաապահով սահմաններից մեկը, տեղի էին ունենում իրանա-ադրբեջանական զորավարժություններ, իսկ Արցախի բռնակցումից հետո այնտեղ հայտնվեցին իսրայելական և թուրքական ուժեր, ջիհադիստներ, որոնց իրանական կողմը համարում է թշնամական։
Անդրադառնալով իրանա-ադրբեջանական զորավարժություններին, Քեշիշյանը նշեց․«Այդ կապակցությամբ իրանական կողմի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Ղարաբաղում, մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ դրանք տեղի են ունեցել «ազատագրված տարածքներում»։ Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել այս երկու հայտարարությունների միջև եղած տարբերությունը։ Բացի այդ, Թեհրանը տարբեր ձևերով փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, բայց միևնույն ժամանակ, Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն այցելում է Հայաստան, ինչը ցույց է տալիս Իրանի հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում»։
Մովսես Քեշիշյանի խոսքով՝ մի կողմից Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Իրանի հետ, մյուս կողմից՝ քննարկում է ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։ Ըստ նրա՝ Խորհրդային Միության փլուզումից և Ադրբեջանի անկախացումից հետո Բաքուն սերտ, բարեկամական և ռազմավարական հարաբերություններ հաստատեց Անկարայի և Թել Ավիվի հետ, և սա այնքան ակնհայտ է, որ ապացույցների կարիք չունի։ Իսրայելական և թուրքական ուժերի ներկայությունը Իրանի սահմանի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում Թեհրանում։
«Բաքվի հարաբերությունները Թեհրանի և Մոսկվայի հետ տարբեր են և զուտ մարտավարական բնույթի, սակայն մինչ այժմ Բաքվին հաջողվել է մեծ օգուտներ քաղել Թեհրանից և հատկապես Մոսկվայից։ Վերջինիս հետ Բաքվի ոչ այնքան բարեկամական հարաբերությունները հիմնված են միակողմանի շահերի ապահովման նկատառումների վրա»,-նշեց Մովսես Քեշիշյանը։
Նա նաև հավելեց, որ Բաքվի իշխանությունները բացահայտորեն՝ Միլլի Մեջլիսի ամբիոնից, ռադիոյով և հեռուստատեսությամբ, մամուլում, Իրանի բոլոր հյուսիսարևմտյան տարածքները անընդհատ անվանում են «Հարավային Ադրբեջան»՝ չթաքցնելով Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրենց ձգտումները, ինչը Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններում ամենակարևոր փաստն է։ Չնայած բոլոր վայրիվերումներին ու վայրէջքներին, ինչպես նշեց Քեշիշյանը, այդ հարաբերությունները չեն կարող լինել հանգիստ, բարեկամական և կայուն։ Նա նկատեց՝ այսպես կոչված զորավարժությունների ժամանակ իրանական կողմը չի օգտագործել որևէ ծանր ռազմական տեխնիկա, և, ինչպես արդեն նշեցի, Իրանի պաշտպանության նախարարը նույն ժամանակահատվածում ժամանել է Հայաստան»։
«Կարծում եմ՝ վերը նշված փաստերի հիման վրա կարող ենք ենթադրել, թե ինչու է մի կողմից Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում Իրանի հետ, իսկ մյուս կողմից՝ ամեն օր ընդլայնում ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։ Ավելացնենք նաև, որ Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների օրերին Իսրայելում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը իր հրեա գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական բարեկամությունը»,-ասաց «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Զաբելա Ավագյան